ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ04202019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Մտորումներ՝ 100-րդ տարելիցի միջոցառումների լուսանցքում-1
Շաբաթ, 09 Մայիսի 2015 16:45

Մտորումներ՝ 100-րդ տարելիցի միջոցառումների լուսանցքում-1

Rate this item
(0 votes)
Այնքան սպասւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը կայծակնային արագութեամբ մնաց թիկունքում, միանալով անցած միւս կլոր տարելիցներին, սակայն չնմանելով նրանց: Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը կարելի է առանձնացնել նրա արտաքին ու ներքին նւաճումներով: 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների արտաքին գլխաւոր ձեռքբերումներից կարելի է առանձնապէս յիշատակել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի միջոցով Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս 20-րդ դարի Առաջին Ցեղասպանութիւն անւանելը, միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում բազմաթիւ երկրների խորհրդարանների միջոցով Հայոց Ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչումը, Եւրոխորհրդարանի հրապարակած բանաձեւը, միջազգային մամուլի լայն անդրադարձը, հարիւրամեակի պաշտօնական միջոցառումները հակակշռի տակ առնելու Թուրքիայի կառավարութեան ջանքերի ձախողումը եւ ի վերջոյ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից հայկական պահանջատիրական առաջին հայցի իրաւական գործընթացի մեկնարկը: Վերը յիշատակւած ձեռքբերումներից իւրաքանչիւրի նշանակութեան քննարկումը կարող է առանձին յօդւածի թեմա դառնալ, սակայն միջազգային հողի վրայ ձեռք բերւած նւաճումներին իրենց կարեւորութեամբ չեն զիջում Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների ներքին ձեռքբերումները, որոնցից կարելի է առանձնացնել անցած յունւարին հրապարակւած Համահայկական Հռչակագիրը եւ վերջին օրերին հարիւրամեակի միջոցառումների առանցքի շուրջ ձեւաւորւած եզակի համախմբւածութիւնն ու միասնականութիւնը, ինչն իր երկու հարեւանների կողմից շրջափակման ու սպառնալիքի ենթարկւած Հայաստանի համար համարւում է մեծ ներուժ: Այսօր թիկունքում թողնելով խորհրդանշական Ապրիլի 24-ը, զգացւում է այս ներուժը գործնական դաշտ փոխադրելու հրամայականը, ինչի իրագործման յոյժ պատասխանատու պարտականութիւնն անշուշտ դրւած է Հայաստանի պետութեան վրայ, որին մաս են կազմում ոչ միայն ղեկավարող իշխանութիւնները, այլեւ ընդդիմադիր ուժերն ու ինչու չէ նաեւ Սփիւռքը: Ստեղծւած միասնականութիւնը պահպանելու համար անհրաժեշտ է ՀՀ իշխանութիւնների հանդէպ ժողովրդի, ինչպէս նաեւ Սփիւռքի վստահութեան ապահովումն ու հզօրացումը: Այդուհանդերձ այս կապակցութեամբ մտորումների առիթ են տալիս երկու պարագաներ: Արտաքին ճակատում ցանկացած պետութեան հզօրութեան գրաւականը ներքին հզօրութիւնն ու կայունութիւնն է, ինչի հիմքում ընկած է իշխանութիւն-ժողովուրդ փոխվստահութիւնը: Անցած փետրւարի 12-ին ՀՀԿ-ի խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի աղմկայարոյց ելոյթը յոյսեր ներշնչեց այն կապակցութեամբ, թէ ի վերջոյ ՀՀ իշխանութիւնները որոշել են պայքար ծաւալել երկրում տիրող անօրէնութիւնների ու կոռուպցիայի դէմ, դրանով իսկ ամրապնդելով պետութեան հիմքերը: ՀՀ նախագահի կողմից հնչեցւած մեղադրանքները եւ դրանց հետապնդման ուղղութեամբ պետական մարմիններին տրւած հրահանգը այսօր պահանջում են իրենց յստակ արդիւնքը: Այդ մեղադրանքների «իսկութիւնը ստուգելն ու բաց ներկայացնելը» (մէջբերումը ՀՀ նախագահի ելոյթից) անշուշտ իշխանութիւն-ժողովուրդ փոխվստահութիւնն ամրագրող եւ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի միջացառումների յաջող իրագործման շնորհիւ ստեղծւած ազգային միասնականութեան գոյութիւնը երաշխաւորող գլխաւոր ազդակ կարող է լինել: 2015 թւականի յունւարի 29-ին ընդունւեց «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիր»-ը, որը Բիւրաւոր Նահատակների յուշահամալիրում Հայաստանի ու Սփիւռքի պետական ու հոգեւոր ներկայացուցիչների ներկայութեամբ ընթերցւեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի միջոցով: Հռչակագրում յստակ ակնարկներ կան Սեւրի պայմանագրին եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռին, ինչպէս նաեւ իրաւական պահանջների փաթեթին, որոնց գլխաւոր բաղադրիչ տարրը հայ ժողովրդի հողային պահանջներն են: Անցած տասնամեակներում աշխարհի տարբեր երկրներում, միջազգային ատեաններում ու կազմակերպութիւններում հայ ժողովրդի պահանջատիրութեան բարձրաձայնման պարտականութիւնն իրենց վրայ են վերցրել Հայ Դատի յանձնախմբերը, իսկ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը յարմար առիթ է այս պահանջատիրութիւնը իրաւական ու քաղաքական գործնական դաշտ փոխադրելու համար: Այս կապակցութեամբ անհրաժեշտ է Սփիւռքի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ համախոհութիւնն ու միասնական աշխատանքը: Այս ուղղութեամբ մտահոգիչ պարագան ապրիլի 24-ին թուրքական «Հիւրրիէթ» օրաթերթի թղթակցի հետ հարցազրոյցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հնչեցրած տեսակէտն է: Հարցազրոյցում ՀՀ նախագահը յստակ կերպով մերժում է Թուրքիայից տարածքային պահանջ ունենալը, նկատել տալով, որ «Հայաստանի՝ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու կամ նման մտադրութիւններ ունենալու մասին հիմնականում խօսում են Թուրքիայում, ոչ թէ Հայաստանում» (մէջբերումը ՀՀ նախագահի հարցազրոյցից): Ինձ համար միանշանակ հասկանալի է այս հարցում, որպէս ՀՀ նախագահ, Սերժ Սարգսեանի վերապահ մօտեցման պատճառը՝ կանխել՝ հարեւան երկրի Հայաստանի դէմ բացասական քարոզչութիւն ծաւալելու հնարաւորութիւնը, այդուհանդերձ ՀՀ նախագահը պիտի պարզաբանի, թէ արդեօք պատրաստ է սատարել ընդամենը երեք ամիս առաջ իր միջոցով ի լուր աշխարհի ընթերցւած Համահայկական Հռչակագրի կէտերի իրագործմանը, թէ՝ ոչ: Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում ընդգծւած ու համահայկական հաստատման արժանացած կէտերի հետ ՀՀ արտաքին դիւանագիտութեան համապատասխանեցումն այն կարեւոր քայլն է, որ կարող է խթան հանդիսանալ հայ ժողովրդի պահանջատիրութեան իրաւական փաթեթը միջազգային ատեաններում ու կազմակերպութիւններում ներկայացնելու, պաշտպանելու եւ արդիւնքի հասցնելու գործին: http://alikonline.ir/hy/news/social/item/24577
Read 1356 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.