ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երկ11182019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Մտորումներ՝ 100-ամեակի միջոցառումների լուսանցքում-2
Կիրակի, 10 Մայիսի 2015 08:31

Մտորումներ՝ 100-ամեակի միջոցառումների լուսանցքում-2

Rate this item
(0 votes)
Միջազգային մասշտաբով նշւող պետական միջոցառումները պետութիւնների միջեւ յարաբերութիւնների մակարդակը ցուցադրող յարմար չափորոշիչներ են: Նման միջոցառումներին՝ հրաւէր ստացած պետութեան մասնակցութիւնը, համապատասխան երկու երկրի միջեւ հաստատւած յարաբերութիւնների մակարդակին եւ ջերմութեանը, լինում է երկրի ղեկավարի (նախագահ կամ վարչապետ), նրա տեղակալների, օրէնսդիր ուժի ղեկավարի, նախարարի եւ կամ կառավարութեան որեւէ այլ անդամի, պետական որեւէ այլ պաշտօնատարի, այդ թւում փոխնախարարի եւ կամ պարզապէս տւեալ երկրում հաւատարմագրւած դեսպանի մակարդակով: Միջազգային իրաւունքի ամենատարրական կէտերից համարւող այս ընդհանուր օրէնքից բնականաբար չէր կարող բացառւել ուրբաթ՝ 2015 թւականի Ապրիլի 24-ին, Երեւանում Բիւրաւոր Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշահամալիրում պետական մակարդակով կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մեծարման հանդիսութիւնը: Որպէս մի հայ ինձ համար մեծ հպարտութիւն էր ՀՀ նախագահի կողքին կանգնած տեսնել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի ու Սերբիայի նախագահներին ու այլ երկրների նախարարների, պետական պաշտօնատարների ու դեսպանների, որոնք համախմբւել էին Ծիծեռնակաբերդում հայ ժողովրդի հետ կիսելու անցած դարասկզբին ապրած ցաւը եւ որպէս մարդկութեան դէմ իրականացւած ոճրագործութեան բացայայտ նմուշ՝ դատապարտելու Հայոց Ցեղասպանութիւնը: Այդուհանդերձ, որպէս իրանահայ, չեմ կարող թաքցնել Բիւրաւոր Նահատակների յուշահամալիրում հարեւան երկրի՝ Իրանի, բարձրաստիճան մակարդակի հիւրի բացակայութեան պատճառով իմ ապրած վիշտը (նաեւ մտահոգութիւնը): Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի պաշտօնական միջոցառման ժամանակ ԻԻՀ-ն ներկայացրեց Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահը: Ինչպէս պարզւում է, անցած մարտին՝ «Արմէնպրես»-ին տւած Իրանի Իսլամական խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հարցազրոյցից, բարեկամութեան խմբի այցը աւելի շուտ համարւում էր Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորների ջանքերի արդիւնքն ու նախաձեռնութիւնը: Դա՝ ի տես այն բանի, որ յիշեալ միջոցառումներին մասնակցելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի պաշտօնական հրաւէրը ուղիղ մէկ տարի առաջ՝ 2014 թւականի մայիսին, ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանիին էր յանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը: Անկասկած, Իրանի նախագահին միւս ղեկավարների կողքին Ծիծեռնակաբերդում տեսնելը երազային ուրախութիւն պիտի պատճառէր ցանկացած իրանահայի, այդուհանդերձ, նկատի առնելով երկու երկրների կառավարութիւնների ու ժողովուրդների դարաւոր հարեւանութիւնն ու բարեկամութիւնը, յիշեալ միջոցառմանը Իրանի պետական մասնակցութեան մասին իմ ակնկալիքների նւազագոյն սահմանագիծը՝ նախարարի կամ կառավարութեան անդամի գլխաւորած պատւիրակութիւնն էր: Այսպիսով, ինչքան էլ որ զարմանալի թւայ, Իրանը պետական մակարդակով անպատասխան է թողել Հայաստանի պաշտօնական հրաւէրը ու եթէ չլինէին Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորների ջանքերը, հաւանաբար պիտի բաւարարւէինք դեսպանի մասնակցութեան նւազագոյն մակարդակով: Երեւոյթն առաւել սուր ու ցաւալի տեսք է ստանում, երբ պարզւում է, որ նոյն օրը՝ Ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումներին զուգահեռ, Թուրքիայում կազմակերպւած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամեակի միջոցառմանը, Իրանը ներկայացրեց ԻԻՀ-ի պաշտպանութեան նախարարը, ով դրան յաջորդած օրերում աշխատանքային այցերով արդէն եղել էր Մոսկւայում ու Բաքւում: Նկատի առնելով այն պարագան, որ միմեանց հետ խնդիրներ ունեցող իր հարեւանների հետ յարաբերւելիս, ԻԻՀ-ն շարունակ վարել ու վարում է հաւասարակշռւած քաղաքականութիւն՝ մէկին չգերադասելով միւսին, հարց է ծագում, թէ ինչո՞վ պիտի բացատրել Իրանի նման վերաբերմունքը: Իրանի պահւածքը դժւար թէ կարելի լինի բացատրել Հայոց Ցեղասպանութեան կապակցութեամբ Իրանի պետութեան պաշտօնական դիրքորոշմամբ: Դրա համար կան բաւարար հիմքեր: Անկասկած, ՀՀ նախագահի հրաւէրին պատասխանելը, Ծիծեռնակաբերդում ներկայ գտնւելն ու Բիւրաւոր Նահատակների յիշատակին յարգանքի տուրք մատուցելը, անպայմանօրէն Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը պաշտօնապէս ճանաչելու իմաստով չէին լինելու, հէնց այնպէս, որ դա նոյն իմաստը չունեցաւ այն երկրների պարագային, որոնք Հայոց Ցեղասպանութիւնը պետական ու խորհրդարանական մակարդակով ճանաչած չլինելով հանդերձ, բարձր մակարդակում շտապեցին Երեւան՝ մասնակցելու 100-ամեակի հանդիսութեանը: Բացի այդ, 2004 թւականին Իրանի նախկին նախագահ Խաթամին, իսկ 2006 թւականին Իսլամական խորհրդարանի ժամանակի նախագահ Հադդադ Ադէլը այցելել են Ծիծեռնակաբերդ եւ յարգել են Բիւրաւոր Նահատակների յիշատակը: Դրանց պիտի աւելացնել Իրանում 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ուղղութեամբ պետական բարեացակամ մօտեցումն ու համագործակցութիւնը եւ վերջին երկու տարիներում քայլարշաւ կազմակերպելու եւ Թուրքիայի դեսպանատան դիմաց հանրահաւաք անցկացնելու թոյլտւութիւնը, էլ չասենք նոյն օրերին Իրանի պետական ու ոչ-պետական ԶԼՄ-ներում 100-րդ տարելիցի իրադարձութեան մասին ընդարձակ մեկնաբանութիւնները՝ շատ յաճախ նոյնիսկ օգտագործելով Ցեղասպանութիւն եզրոյթը: Մնում է հարց տալ՝ թէ իրապէս ի՞նչ է տեղի ունեցել: Միջազգային իրաւունքի եւ դիւանագիտութեան մէջ պետական պաշտօնական հրաւէրի մերժումը եւ կամ դրան ցածր մակարդակով արձագանգելը համարւում է դժգոհութեան արտայայտման անուղղակի միջոց: Նման եզրակացութեան յանգելու հիմք է ծառայում նաեւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարելիք պաշտօնական այցի շարունակ յետաձգւելը եւ անցեալի համեմատութեամբ պետական մակարդակով փոխայցելութիւնների քանակի ու յաճախականութեան նւազելը: Ինչի՞ց է դժգոհ իրանական կողմը: Մտորումների առիթ է տալիս այն պարագան թէ Իրանի դէմ ամենախիստ շրջափակումների շրջանում ամէն տեսակ բարդութիւնները շրջանցած ու յուսալի հեռանկար ուրւագծող Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւնները այսօր ինչո՞ւ են մատնւել նման անուշադրութեան: Իրանը եղել ու շարունակում է մնալ դէպի արտաքին աշխարհ Հայաստանի ամենավստահելի ու միեւնոյն ժամանակ այլընտրանք չունեցող դարպասը: Իրանի միջուկային հարցի շուրջ ձեւաւորւող զարգացումների եւ միջազգային համակողմանի համագործակցութիւնների համար նոր հեռանկարներ բացւելու ֆոնին անհրաժեշտ է շտապ կերպով յաղթահարել խոչընդոտները: Այդ գծով, մնում է յուսալ, որ Իրանում ՀՀ նոր դեսպանի նշանակումը, նոր լիցք ու թափ կը հաղորդի երկու հարեւան ու բարեկամ երկրների յարաբերութիւններին: Ի վերջոյ, ինչ էլ որ լինէին հաւանական անհարթութիւնների պատճառները, այդուհանդերձ, համահայկական նշանակութիւն ունեցող 100-րդ տարելիցի հանդիսութիւնը դրանց զգացնել տալու հարթակ չպիտի ծառայէր իրանական կողմի համար:
Read 1891 times Last modified on Կիրակի, 10 Մայիսի 2015 08:33

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.