ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ11182017

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Նախագահական, թէ հանրապետական համակարգ՝ արդեօ՞ք սա է իրական խնդիրը
Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2015 18:01

Նախագահական, թէ հանրապետական համակարգ՝ արդեօ՞ք սա է իրական խնդիրը

Rate this item
(0 votes)

Իրաւաբան Ռոբերտ Մարգարեան

Երբ հարեւան Թուրքիայում նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարեց սահմանադրական բարեփոխումների միջոցով իշխանական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու իր մտադրութեան մասին ընդդիմութիւնը նրան մեղադրեց, թէ այդ քայլով նպատակ ունի ամրապնդել իր իշխանութեան հիմքերը: Վերջին օրերում՝ Հայաստանում նոր սահմանադրութեան նախագծի հրապարակումից յետոյ, ընդդիմութեան գլխաւոր մտահոգութիւնն այն է, թէ գործող նախագահ Սերժ Սարգսեանը իշխանական համակարգը նախագահականից խորհրդարանականի փոխելով նպատակ ունի «վերարտադարել» ու ամրապնդել իր իշխանութեան հիմքերը: Ընդհանուր եզրեր անցկացնելով այս երկու քաղաքական գործընթացների միջեւ, առաջացած հակասութեան համար կարելի է գտնել միայն մի բացատրութիւն: Այն ինչ յանգեցնում է որեւէ երկրում գործող իշխանութեան հիմքերի ամրապնդմանն ու վերարտադրութեանը քաղաքական իշխանական համակարգերը չեն:

Թոյլ տւէք խօսել օրինակներով: Ֆրանսիայում գործում է իշխանական կիսանախագահական կենտրոնացած համակարգ(որը բազմաթիւ ընդհանրութիւններ ունի Հայաստանի ներկայ իշխանական համակարգի հետ), սակայն այդ երկրում ընդդիմութիւնը երբեք գործող իշխանութեան վերարտադրման մտահոգութիւն չի ունեցել: Իսկ ԵՄ-ի անդամ մեծ թւով երկրներում, օրինակ Իտալիայում, որտեղ գործում է խորհրդարանական համակարգ (ինչին ձգտում է ՀՀ նոր սահմանադրութեան նախագիծը) կրկին գործող իշխանութեան վերարտադրման ու մենատիրութեան միտում չի նկատւում: Ինչ խօսք յիշեալ իշխանական համակարգերից իւրաքանչիւրն ունի իր առաւելութիւններն ու թերութիւնները, որոնք կարող են չարաշահման ենթարկւել ցանկացած իշխանաւորի միջոցով և յանգեցնել մենատիրութեան: Դա կանխելու համար իւրաքանչիւր քաղաքական համակարգում սահմանադրութեամբ հիմնւում են միմեանց իշխանութիւնն ու լիազօրութիւնները հաւասարակշռող կառույցներ:   

Անշուշտ իշխանութեան բնական գործառոյթն իր իշխանութեան շրջանը երկարաձգելն ու ընդդիմութեան գործառոյթը ամէն դէպքում իշխանութիւնների հետ հակառակելն է, սակայն թւում է Հայաստանում ընդդմադիր մամուլը, գործիչներն ու վերլուծաբանները չափից աւելի կենտրոնանալով իշխանական համակարգի փոփոխութեան թեմայի վրայ անտեսում են մի շարք այլ գործօններ, որոնք անցած տարիների ընթացքում յանգեցրել են գործող իշխանութեան հիմքերի ամրապնդմանը:

Ժողովրդավարական համակարգերում այն ինչ ապահովում է ժողովրդի կամքի արտայայտութիւնը, ոչ թէ գործող նախագահական կամ խորհրդարանական համակարգերն են այլ «ընտրութիւններ» կոչւող գործընթացը, որը ցանկացած ժամանակահատւածում և անկախ իշխող համակարգից որոշում է թէ որ քաղաքական ուժն է հանդէս գալիս իշխանութեան և որը՝ ընդդիմութեան դերում:

Այն ինչ Հայաստանում այսօր գործող ժողովրդավարութիւնն առանձնացնում է քաղաքակիրթ Եվրոպայում տիրող ժողովրդավարութիւնից ոչ թէ քաղաքական իշխանական համակարգն է, այլ թափանցիկ, քաղաքական բոլոր ուժերի համար համահաւասար պայքարի և գործունէութեան հնարաւորութիւն ստեղծող ընտրութիւնների բացակայութիւնը: Այդ պատճառով էլ Եվրոպայում տեղի ունեցած ընտրութիւնների աւարտին ընդհանրապէս ընդդիմութիւնն ընդունում է իր կրած պարտութիւնը, իսկ այստեղ՝ Հայաստանում, վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր ընտրութիւններն աւարտւել են զանգւածային ցոյցերով, ընդհուպ յանգեցնելով մինչեւ մարտի 1-եան ողբերգութեան:

Սաստիկ չքաւորութեան մէջ ապրող քաղաքացիներ ունեցող և կոռումպացւած օլիգարխիկ համակարգով ղեկավարւող երկրում որտեղ հնարաւոր է մի քանի հազար դրամով ձայներ գնել, իշխանութիւնները կարող են յաւիտեան վերատադրւել: Քաղաքական մի հակամարգում, որտեղ երկրի և իշխող կուսակցութեան ղեկավարն առանց դատական համապատասախան գործընթացի դիմելու եւ միայն մեղադրանքներ հնչեցնելով կարող է չեզոքացման մատնել ընդդմադիր գլխաւոր կուսակցութեանը և մի գիշերւայ ընթացքում ընդունած որոշմամբ 180 աստիճանով փոխել երկրի ճակատագիրն ու քաղաքական միջազգային կողմնորոշումը, անիմաստ է խօսել ազգային շահերը գերադասող կուսակցական հզօր համակարգի գոյութեան ու պայքարի մասին: Համատարած անպատժելիութեան մթնոլորտում երբ գործող կուսակցութիւնն առանց մտավախութեան կարող է ցանկացած ընտրախախտումների գնալ արդար ընտրութիւնների մասին խօսք չի կարող լինել: Գործող նախագահական համակարգում եղել է այդպիսին, իսկ խոստացւած խորհրդարանական համակարգում էլ մնալու է նոյնը:

Այն ինչ կարող է ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած այլ երկրում  կանխել իշխանութեան վերարտադրութիւնը ոչ թէ գործող իշխանական համակարգերն են այլ ժողովրդի իրական կամքն արտայայտող ազատ ու թափանցիկ ընտրութիւնները երաշխաւորող օրենքներն ու միջավայրը, որոնք պայքարի համահաւասար ու անվտանգ հնարաւորութիւններ ստեղծելով կուսակցութիւնների համար նաեւ միջոցներ պիտի նախատեսեն կանխելու ժողովրդի իրական ձայների չարաշահումը:     

Read 716 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.