ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ11182017

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Հայաստանի սահմանադրական բարեփոխումները եւ ընդդիմութեան անհիմն փաստարկները
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2015 14:43

Հայաստանի սահմանադրական բարեփոխումները եւ ընդդիմութեան անհիմն փաստարկները

Rate this item
(0 votes)

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքւէյի թւական է նշանակւել դեկտեմբերի 6-ը: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնները պաշտպանելով նոր Սահմանադրութեան նախագիծը միացել են «Այո» շարժմանը: Իսկ դիմացի ճակատում ՀԱԿ-ը, «Ժառանգութիւն» կուսակցութիւնն ու մի շարք քաղաքացիական շարժումներ ու հասարակական կազմակերպութիւններ «Ոչ»-ի շարժման շրջագծում դեմ են նոր Սահմանադրութեանը:

Ընդհանրապէս Քաղաքական դաշտում առանձնացւում են ընդդիմութեան հակառակութեան երկու տարբերակներ: Առաջին դէպքում առկայ են ամուր փաստարկներ ու պատճառներ, որոնց վրայ ձեւաւորւում է ղեկավարող ուժի ցանկացած նախագծի դեմընդդիմադիր հոսանքի հակառակութիւնը: Իսկ լինում են պարագաներ, երբ ընդդիմադիր ճակատը մեկնելով «ամէն գնով իշխանութեան հետ հակառակելու» սկզբունքից նախ ձեւաւորում է իր հակառակութիւնը եւ ապա փորձում է գտնել դրան ամրացնող փաստարկներ ինչը յաճախ հակառակ արդիւնք է ունենում: Միանշանակ կարելի է ասել, որ սահմանադրական բարեփոխումների հանդեպ Հայաստանի ընդդիմադիր դաշտում ձեւաւորւած հակառակութիւնը կարելի է դասել երկրորդ խմբում:

Ուսումնասիրելով վերջին ամիսներին Սահմանադրութեան փոփոխութիւնների հետ հակառակութեան համար ընդդիմութեան ներկայացրած տարբեր պատճառները կարելի է առանձնացնել դրանցից երեք գլխավորները:

Ա. Իշխանութեան «վերարտադրութեան» միտում

Սահմանադրական բարեփոխումների մասին յայտարարւելուց և ապա նոր Սահմանադրութեան նախագծի հրապարակումից յետոյ դրա դէմ ուղղւած գլխաւոր քննադատութիւնը եղել է ու շարունակում է մնալ Հայաստանի ներկայ իշխանութիւնների և որոշակիօրէն նախագահ Սերժ Սարգսեանի իշխանութեան վերտադրութեան միտումը:

Անշուշտ այդ մասին յստակ ու վերջնական գնահատական կարող են տալ հէնց իրենք՝ իշխանութիւնները: Այդուհանդերձ յիշեալ մեղադրանքից կարելի է երկու եզրակացութիւն կատարել: Եթէ անհիմն են ընդդիմութեան մեղադրանքները եւ իշխանութիւնը չունի վերատադրութեան նպատակ այլեւս խօսք չի մնում ասելու:

Իսկ եթէ այդ յաւակնութիւնը համապատասխանում է իրականութեան և իշխանութիւնները հանձինս Սերժ Սարգսեանի ունեն վերարտադրութեան և իրենց իշխանութեան հիմքերի ամրապնդման նպատակ ապա պիտի ասել, որ նրանց աւելի ձեռնտու պիտի լինէր պահել ներկայ նախագահական համակարգը, որտեղ առաւել լայն լիազօրութիւններ են վերապահւած նախագահին, քան նոր Սահմանադրութեամբ նախատեսւած խորհրդարանական համակարգը որտեղ իշխանութիւնը կենտրոնացած է ոչ թէ անձի այլ կուսակցութեան մօտ: Այդ դէպքում իշխանութիւնը կարող էր հեշտութեամբ վերարտադրւել լաւագոյն դէպքում Պուտին-Մեդւեդեւ ձեւաչափի օգնութեամբ, իսկ ամեավատ դէպքում վերցնելով նախագահութեան համար գոյութիւն ունեցող երկու շրջանների սահմանափակութիւնը՝ հետեւելով հարեւան Ադրբէջանի եւ կամ միջինասիական հանրապետութիւնների օրինակին:

Ի դէպ, թոյլ տւէք ընդգծել որքան էլ արտառոց թւայ, սակայն  իշխանութեան վերատադրութեան ու իշխանութեան ղեկին մնալու միտումն իր էութեամբ այնքան էլ անբնական ու պախարակելի երեւոյթ չէ քաղաքականութեան ասպարէզում եթէ դրան զուգահեռ խորհրդարանական համակարգի ներքոյ երաշխաւորւած են լինում ընդդիմութեան իրաւուքներն ու լիազօրութիւնները: Միթէ հէնց դրան չեն ձգտում Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում ու բազմաթիւ եւրոպական այլ երկրներում իշխանութեան աթոռին բազմած կուսակցութիւնները:

Եզրակացնելով կարելի է ասել, որ եթէ նոյնիսկ ճիշտ լինի իշխանութեան վերատադրութեան կապակցութեամբ ընդդիմութեան քննադատութիւնները, աւելի նպատակայարմար է այդ վերատադրութեան ականտեսը լինել խորհրդարանական և ոչ թէ անձի վրայ ձեւաւորւած ներկայ նախագահական համակարգում:

Բ. Նոր Սահմանադրութեան 89-րդ յօդւածը կարող է յանգեցնել կուսակցական միապետութեան ձեւաւորման

Անձամբ մեծ յարգանք ունեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հանդէպ ու համոզւած եմ նախագահութեան տասը տարիների ընթացքում նրա վարած արտաքին քաղաքականութիւնը եւ դրան զուգահեռ ՀՅԴ-ի հետ համագործակցաբար Սփիւռքի ներուժի օգտագործումը, միջազգային ասպարէզում նոր որակ ու դիրք ապահովեցին Հայաստանին: Ի վերջոյ նա առաջինը ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի բեմից հնչեցրեց Հայոց Ցեղասպանութեան ու հայ ժողովրդի պահանջատիրութեան հարցը: Այդուհանդերձ չեմ կարող երկրորդել նրա այն տեսակետը, թէ «չկայ նոր սահմանադրական բարեփոխումների պահանջ» և «երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրաւէրները լիովին լուծելի են գործող Սահմանադրութեան շրջանակներում» (մէջբերումները «2-rd.am»-ին տւած Ռոբերտ Քոչարեանի վերջին հարցազրոյցից են): ՀՀ երկրորդ նախագահն աւելացրել է. «Նախագծի 89-րդ յօդւածը կոչւած է ապահովել մէկ կուսակցութեան գերակայութիւնը խորհրդարանում, այն է՝ իշխանութեան մէջ: Մեր իրողութիւններում, անկախ իր վայելած ժողովրդականութիւնից, դա կը լինի այն կուսակցութիւնը, որ տիրապետում է ադմինիստրատիւ եւ ֆինանսական ռեսուրսների»:

Յատկապէս հիմնւելով վերջին մէջբերման վրայ կարելի է հարց ուղղել պրն. Քոչարեանին ու այս տեսակետը կիսող ընդդիմութեանը, որ առնւազն վերջին ութ տարիներում՝ գործող Սահմանադրութեան առկայութեան դէպքում, միթէ ղեկավարող կուսակցութեան դերում հանդէս եկող ՀՀԿ-ն տիրապետելով երկրի բոլոր «ադմինիստրատիւ եւ ֆինանսական ռեսուրսներին» չի ամրապնդել իր իշխանութեան հիմքերը: Գործող սահմանադրութեամբ այսօր բոլոր նախարարութիւնները, կառավարութեան կազմը և խորհրդարանի նախագահութիւնը դարձել է ղեկավարող Հանրապետական կուսակցութեան մենաշնորհը: Միթէ այսօր գործող Սահմանադրութեամբ տիրող իրավիճակը նոյն կուսակցական միապետութիւնը չէ ինչից մտահոգ է ընդդիմութիւնը: Դա ի տես այն բանի, որ բարեփոխւած Սահմանադրութեան 89-րդ յօդւածով կայուն մեծամասնութիւն ձեւաւորած կուսակցութեան կամ քաղաքական հոսանքին զուգահեռ նաեւ երաշխաւորւած են ընդդիմութեան խորհրդարանական տեղերն ու իրաւասութիւնները: Նաեւ Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոններից մէկը բաժին է հասնում ընդդիմութեանը, ինչն այսօր գործող սահմանադրութեամբ միայն հնարաւոր է իշխանութեան հետ կոալիցիայի մէջ մտնելու դէպքում:

Թէեւ որեւէ իշխանական համակարգ իր էութեամբ չի կարող երաշխաւորել անձի կամ կուսակցութեան միապետական ձգտումների կանխումը, այդուհանդերձ համաշխարհային մասշտաբով ընդունւած տեսակէտ է, որ նախագահական համակարգի համեմատութեամբ խորհրդարանական համակարգը համարւում է առաւել ժողովրդավարական ու այդտեղ ժողովրդի կամարտայայտման, ինչպէս նաեւ եռեակ իշխանութիւնների լիազօրութիւնների հաւասարակշռման ու վերահսկման առաւել մեծ հնարաւորութիւն գոյութիւն ունի:

Գ. Որոշ կուսակցութիւններ չունենալով նախագահութեան թեկնածուներ պաշտպանում են խորհրդարանական համակարգը

Յատկապէս ՀՅԴ-ն ու «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը ընդդիմութեան կողմից մեղադրւում են այն հարցում, որ չունենալով նախագահութեան համար թեկնածուներ պաշտպանում են իշխանական համակարգը նախագահականից խորհրդարանականի փոխող սահմանադրական բարեփոխումները: Յիշեալ երկու կուսակցութիւնների նախագահութեան հզօր թեկնածուներ ունենալ-չունենալու հարցի պատասխանը գոնէ ՀՅԴ-ի մասով արդէն տրւած է: (Տես ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հարցազրոյցը, «Ալիք» 5 հոկտեմբեր 2015):

Ուսումնասիրելով Հայաստանի քաղաքական դաշտը, ցանկացած անաչառ ու անկախ վերլուծաբան կարող է յանգել այն եզրակացութեան, որ նախագահական ընտրութիւնների համար հզօր թեկնածու չունենալու վտանգն այսօր աւելի շատ սպառնում է հէնց իրեն՝ ընդդիմութեանն ու նրան մաս կազմող մեծ ու փոքր կուսակցութիւններին ու խմբերին:

Եկէք մի պահ պատկերացնենք որ վաղն իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ընդառաջելով ընդդիմութեան պահանջը հրաժարական է ներկայացնում ու սահմանադրական բարեփոխումները ձախողելով յայտարարւում է նախագահական վաղաժամկետ ընտրութիւններ: Ո՞ւմ շուրջ կարող է համախմբւել ընդդիմութիւնը: Իր քաղաքական ներուժը արդէն վաղուց սպառած Լեւոն Տէր Պետրոսեանի՞: Անցած տարւայ «Թէժ աշնան» հանրահաւաքներից յետոյ քաղաքական դաշտից գրեթէ բացակայող Րաֆֆի Յովհաննիսեանի՞: 2013 թւականի նախագահական ընտրութիւնների նախաշեմից ի վեր դրամաշնորհների չարաշահման Դեմոկլեսեան սուրն իր գլխին կախւած տեսնող Վարդան Օսկանեանի՞: Ռուսաստանից նոր ժամանած ու դեռ ճամփորդութեան փոշին վրայից թափ չտւած Արա Աբրահամեանի՞: Տարբեր անունների տակ ամէն օր ծլող շարժումների երիտասարդ ու անփորձ ղեկավարների՞:

Այս իրողութիւնը նկատի առնելով կարելի է եզրակացնել, որ խորհրդանական համակարգն առաջին հերթին շահաւէտ է հէնց ընդդիմութեան համար: Այդպիսով ընդդիմութիւնն իր ամբողջ ռեսուրսը նախագահական ընտրութիւններում յաղթելու որեւէ շանս չունեցող թեկնածուների վրա ներդրելու փոխարէն կարող է ներկայանալ ժողովրդի իրական պահանջների հիման վրայ ձեւաւորւած քաղաքական համապատասխան ծրագրով: Անկասկած նոյն նպատակն են հետապնդում ընդդիմութիւն լինելով հանդերձ Սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՀԿ-ի կողքին յայտնւած ՀՅԴ-ն ու «Բարգաւած Հայաստան»-ը, գիտակցելով որ Հայաստանում իրական բարեփոխումների կարելի է գնալ քաղաքակիրթ աշխարհում ընդունւած ժողովրդավարական մեթոդներովոչ թէ արմատական ու ծայրահեղական քայլերով:

Եզրակացութիւն

Ընդամենն օրեր առաջ Բելառուսիայում հինգերորդ անընդմեջ անգամը լինելով նախագահական ընտրութիւններում իր «շքեղ» յաղթանակը տօնեց Ալեքսանդր Լոկաշեկոն: 1989 թւականից ի վեր Ղազախստանը ղեկավարող Նուրսուլթան Նազարբաեւը անցած ապրիլին կրկին յաղթեց «նախագահական ընտրութիւններ»-ում: Ուզբեկստանում անընդհատ նախագահ է «ընտրւում» 1989 թւականից իշխանութեան ղեկը վարող Իսլամ Քարիմովը: Իրավիճակը գրեթէ նոյնն է Թուրքմենստանում: Իսկ հարեւան Ադրբեջանում իշխանութիւնը հօրից ժառանգելով իր միապետութիւնն է տարածել Իլհամ Ալիեւը: Նման մէկ տարածաշրջանում որտեղ միապետ իշխանաւորների ընդհանուր միտումը սահմանադրական ձեւական փոփոխութիւններով նախագահական համակարգը միապետութեան վերածելն է, Հայաստանում իշխանութիւններն ընտրել են 180 տոկոսով հակառակ ընթացք՝ նախագահական համակարգից անցում կատարելով խորհրդարանականի: Իշխանութիւններն ինչ նպատակով էլ, որ նման քայլի գնացած լինեն մէկ է, դրա արդիւնքում միջազգային հասարակայնութեան մօտ Հայաստանից ներկայացւելու է առաւել ժողովրդավար, արդիական և մարդկային ու եւրոպական արժէքներին համապատասխանող դիամգիծ:

Մնում է յուսալ, որ ընդդիմութիւնը հիմք ընդունելով իր իսկ հնչեցրած քննադատութիւնները կհրաժարւի «Սահմանադրութեան փոփոխութիւնների» այն բարակ ճիւղը կտրելուց, որից ինքը կախւած է այսօր, իսկ վաղը՝ դրա պտուղներով սնւելու յոյս կարող է ունենալ:

http://alikonline.ir/hy/news/political/item/28149

    

Read 676 times Last modified on Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2015 14:47

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.