ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք09202017

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Ի՞նչն է անհանգստացնում Հայաստանի ընդդիմութեանը
Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2016 15:03

Ի՞նչն է անհանգստացնում Հայաստանի ընդդիմութեանը

Rate this item
(0 votes)

ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մէջ մտնելու ՀՅԴ-ի ընդունած որոշման շուրջ քննարկումները շարունակւում են:

Յատկապէս Հայաստանի ընդդիմադիր մամուլում ու կայքէջերում կատարւած հրապարակումների խորագրերն ու բովանդակութիւնն ուսումնասիրելով կարելի է եզրակացնել, որ դրանք ոչ թէ առողջ քննարկումներ են վեր հանելու համար Դաշնակցութեան այդ քայլի դրական կամ բացասական կողմերը, այլ վկայում են դաշնակցութեան որոշման հետ կապւած ընդդիմութեան կրքերի բորբոքման մասին:

Իհարկէ Դաշնակցութեան ցանկացած քայլից ու որոշումից յետոյ մամուլի էջերում ու լրատւական կայքերում նման հրապարակումների արտահոսքն աննախադէպ երեւոյթ չէ, սակայն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու լուրին հետեւած արշաւը ցանկացած անաչառ վերլուծաբանի առիթ է ընձեռում խորհելու այդ աստիճան ջղագրգռութեան պատճառների մասին:

Մի կողմ թողած սահմանադրական բարեփոխումների հարցով Դաշնակցութեան սկզբունքային դիրքորոշման պատճառով վրէժխնդիր լինելու ընդդիմութեան մոլուցքը, ՀՀԿ-ի հետ հաւանական կոալիցիայի մէջ մտնելու Դաշնակցութեան քայլը մի քանի պատճառներով կարող է Հայաստանի ընդդիմութեան մօտ նման ջղագրգիռ հակազդեցութեան յանգեցրած լինել:

2008 թւականին Սերժ Սարգսեանի նախագահ ընտրւելով Դաշնակցութիւնը մաս կազմեց կոալիցիոն կառավարութեանը, սակայն 2009 թւականին հայ-թրքական տխրահռչակ արձանագրութիւնների դէմ ի նշան բողոքի դուրս եկաւ կոալիցիայի շարքերից յայտարարելով, որ շարունակելու է հանդէս գալ «կառուցողական» ընդդիմութեան դերում:

2013 թւականի նախագահական ընտրութիւններից յետոյ Դաշնակցութիւնը երեք ընդդիմադիր ուժերի կողքին ձեւաւորեց ընդդիմութեան քառեակը: Ընդդիմութեան քառեակի գոյութիւնը շարունակւեց մինչեւ 2014 թւականի սեպտեմբեր ամիսը երբ Դաշնակցութիւնը, հաւանաբար նկատելով այդ ձեւաչափի անարդիւնաւէտութիւնը, յայտարարեց, թէ հեռանում է քառեակից իշխանութիւններին ներկայացնելով իր առաջարկների փաթեթը:

Եթէ այսօր Դաշնակցութիւնը շուրջ եօթ տարիներից յետոյ կրկին իշխանութեան հետ կոալիցիայի մէջ մտնելու որոշում է ընդունել, դա նշանակում է, թէ իշխանութիւնների կողմից բաւարարութիւն են տրւել նրա պահանջներին: Դաշնակցութեան հիմնական առաջարկներն էին իշխանութեան խորհրդարանական համակարգի հաստատումը, հարիւր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելը,  հայ-թրքական յարաբերութիւնների հետ կապւած արձանագրութիւնների չեղարկումը, նաեւ դատական համակարգի ու սոցիալական խնդիրների հետ կապւած մի շարք բարեփոխումներ: Նոր Սահմանադրութեամբ իրականացւել են առաջին երկու հիմնական պահանջները, իսկ դատական համակարգի անկախութեան հարցով ակնկալւում է զգալի յառաջընթաց: Հայ-թրքական արձանագրութիւնների մասով թէեւ Հայաստանն իր ստորագրութիւնը յետ չի վերցրել յիշեալ արձանագրութիւններից, սակայն ՀՀ նախագահի պահանջով դա հանւել է ՀՀ ԱԺ օրակարգից: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ ի համեմատութիւն ընդդիմութեան եռեակի, որն անցնող տարիների ընթացքում նախագահի ու կառավարութեան հրաժարականի պահանջը ներկայացնող կարգախօսներով ու իշխանափոխութեան կոչերով բազմահազարանոց հանրահաւաքներից այսօր յանգել է առաւելագոյնը մի քանի հարիւր հոգու մասնակցութեամբ կազմակերպւող ցոյցերի, Դաշնակցութիւնն իր վարած դիւանագիտութեամբ ու սկզբունքային մօտեցումներով իրագործւած է տեսնում իր պահանջների գլխաւոր մասը, իսկ մնացեալի իրագործման համար մաս կազմելով կառավարութեանը վարում է խոհեմ քաղաքականութիւն:

Հիմնականում իշխանափոխութեան երկու գլխաւոր ձեւեր կարելի է պատկերացնել: Դրանցից առաջինը արդար ու թափանցիկ ընտրութիւններն են, ինչն իրականացւում է յատկապէս արեւմտեան ժողովրդավարական համակարգերում, իսկ միւսը բիրտ միջոցներով իշխանափոխութիւնը (յեղաշրջում, գունաւոր յեղափոխութիւն), ինչը իւրայատուկ է բռնապետական համակարգերին, այդ թւում յետխորհրդային հանրապետութիւններին: Անկասկած առաջինից՝ բոլորիս յայտնի պատճառներով, զրկւած է Հայաստանը, իսկ միւսը չափազանց վտանգաւոր է պատերազմի սպառնալիքի տակ գտնւող, երկու հարեւանների կողմից շրջափակման ենթարկւած ու սոցիալ-տնտեսական բազմաթիւ մարտահրաւէրներ դիմագրաւող Հայաստանի համար: Այս միջոցին Դաշնակցութիւնը գտել է միջին ճանապարհ եւ իր վարած քաղաքականութեամբ փորձում է առաջնորդւել ոչ թէ իշխանփոխութեան, այլ փուլ առ փուլ իշխանութեան մէջ խորքային բարեփոխումների իրագործման տանող ուղղութեամբ: Թէ Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան շրջանում կառավարութեան մէջ զբաղեցրած իր պաշտօններով եւ թէ այն պորտֆէլներով որոնց շուրջ այսօր բանակցութիւն է ընթանում ՀՀԿ-ի հետ, Դաշնակցութիւնն ապացուցել է, թէ կոալիցիային մաս կազմելը նրա համար ինքնանպատակ չէ: Ուժային նախարարութիւնների ձգտելու փոխարէն Դաշնակցութիւնը գերադասել է կրթութեան ու գիտութեան, գիւղատնտեսութեան  եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարութիւնները, որոնք ուղղակի առնչութիւն ունեն կամ սերունդների դաստիարակութեան եւ կամ էլ հասարակութեան խոցելի խաւերի կենսապայմանների հետ: Կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ-ն կոալիցիայի մէջ մտնելով ՀՀԿ-ի հետ ոչ թէ հաստատում է նրա վարած քաղաքականութիւնները, այլ փորձում է հնարաւորութիւնների սահմաններում բարեփոխումներ իրականացնել իր նախընտրած բնագաւառներում ու այդպիսով սատարել ոչ թէ գործող իշխանութիւններին, այլ հայկական պետականութեան հզօրացման գործին:

Ընդդիմութեան նեարդայնացմանը կարելի է նայել մի այլ դիտանկիւնից:

Մի կողմ թողած իր 125-ամեայ կազմակերպչական եզակի փորձը, Դաշնակցութիւնը Հայաստանի Հանրապետութեան քաղաքական ասպարէզում ակտիւ միւս կուսակցութիւններից առանձնացւում է իր համազգային բնոյթով: Պատմութեան դաժան ճակատագրի ու նաեւ իշխանութիւնների վարած սխալ քաղաքականութիւնների պատճառով այսօր հայ ժողովրդի ստւար մի զանգւածն ապրում է արտասահմանում ստեղծելով հայկական սփիւռքը, որտեղ իր անհերքելի ներկայութիւնն ու դերակատարութիւնն ունի ՀՅԴ-ն: Թէեւ անկախ նրանից թէ ով է եղել իշխանութեան ղեկին եւ նոյնիսկ ՀՀՇ-ի իշխանութեան օրօք սփիւռքը միշտ էլ իր ֆինանսական կարողութեամբ սատարել է հայրենիքին, այդուհանդերձ չի կարելի անտեսել այն անժխտելի իրականութիւնը, որ ՀՀ կառավարութեան կազմում ՀՅԴ-ի ներկայութիւնն առաւել վստահութիւն է ներշնչում սփիւռքին, այն կապակցութեամբ, որ կատարւող ֆինանսական ու բարոյական օժանդակութիւնները ծառայելու են իրենց նպատակին: Այսօր էլ ՀՀ կառավարութեան կազմում ՀՅԴ-ի ներկայութեամբ, անկախ զբաղեցրած պաշտօններից, կարելի է ակնկալել, որ սփիւռքն առաւել վստահութեամբ ու մեծ ծաւալներով պիտի փորձի նեցուկ կանգնել Հայաստանի պետականութեան հիմքերի հզօրացմանը:

Թւում է թէ Հայաստանի պետականութեան հիմքերի հզօրացումը չի ուրախացնում Հայաստանի ընդդիմութեան յատկապէս արմատական հակումներով այն թեւին, որը սեփական շահերից ելնելով հարւածում է հայկական պետականութեանը դա շփոթելով իշխանութիւնների հետ:

Անշուշտ հետեւելով ընդդիմադիր միւս կուսակցութիւնների օրինակին Դաշնակցութիւնը  կարող էր մինչեւ Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները մնացած միամեայ ժամանակահատւածում նստած մնալ իր ապահով անկիւնում ու բաւարարւել իշխանափոխութեան կոչեր հրապարակելով: Սակայն, չնայած որոշ հարցերում ՀՀԿ-ի հետ սկզբունքային տարաձայնութիւններին և յանուն պետականութեան հիմքերի հզօրացման ու ժողովրդի սոցիալական պայմանների բարելաւման իշխանութիւնների հետ կոալիցիայի մէջ մտնելով Դաշանկցութիւնն ապացուցում է թէ լինել իշխանութիւնների ընդդիմադիր անհրաժեշտաբար չի նշանակում հանդէս գալ պետականութեան թշնամու դերում ու կտրել այն ճիւղը, որի վրայ նստած է նաեւ ինքը:

 http://alikonline.ir/hy/news/political/item/30510  

Read 531 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.