ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ11182017

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Մենք եւ բացառիկ համարւելու հայկական համախտանիշը
Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016 08:54

Մենք եւ բացառիկ համարւելու հայկական համախտանիշը

Rate this item
(0 votes)

Պայծառատես լինելու կարիք չկար գուշակելու համար, թէ ի՞նչ աւարտ են ունենալու «Սասնայ ծռեր» խմբի գործողութիւնն ու դրան յաջորդած ժողովրդային հանրահաւաքները: Ցանկացած երկրի ցանկացած անկախ դիտորդ քաղաքացի կարող էր դա կանխատեսել, քանի որ գրեթէ բոլորը գիտեն 21-րդ դարում ու յատկապէս աշխարհի ընթացիկ զարգացումների ֆոնին զինւած գործողութիւնների ընթացքում ներկայացւած պահանջով ոչ երկրի նախագահ է հրաժարւում, ոչ կալանաւոր է ազատ արձակւում ու ոչ էլ գործողութիւնը միջազգային լայն հովանաւորութեան է արժանանում: Այդուհանդերձ տառապելով համահայկական յայտնի համախտանիշով մենք փորձում ենք ամէն դէպքում ապացուցել մեր բացառիկ լինելը:

Այդ համախտանիշը, որին թոյլ տւէք այսուհետ «Բացառիկութիւն» կոչել, իհարկէ նորութիւն չէ: Դրա արմատը կարելի է որոնել բիբլիական ժամանակներում, երբ Նոյ նահապետի տապանը հանգիստ առաւ Արարատ լեռան վրայ: Դա նաեւ իր ցայտուն դրսեւորումն է գտել երբ փորձել ենք ամէն գնով դրախտը տեղադրել մեր գողտրիկ Հայաստանում, երբ որեւէ ճիգ ու ջանք չենք խնայել հայոց Այբուբենում գտնել մոգական ուժ: Այդ համախտանիշը շարունակել է հետապնդել մեզ ամենուր, երբ աշխարհում ցանկացած երեւոյթի ու ցանկացած գիւտի մէջ փորձել ենք գտնել պատմական «եան»-ով աւարտւող ազգանուն:

Բացառիկ համարւելու համախտանիշը մեզ հետ է նաեւ այսօր: Ու հաւանաբար հէնց այդ համախտանիշի ազդեցութեան տակ է, որ համաշխարհային բոլոր չափանիշներով ահաբեկչութիւն համարւող զինւած գործողութեանը փորձում ենք այլ անւանում տալ, ընդհուպ դա համեմատելով 19-րդ դարի ֆիդայական շարժումների ու անցած դարի 80-ական թւականների արդարատենչական գործողութիւնների հետ: Նոյնն է պարագան երբ սեփական երկրի մայրաքաղաքում տարածք գրաւելը կոչում ենք «տարածքի ազատագրում»: Հաստատ նոյն համախտանիշն է մեզ պարտադրում արդարացնելու այն հայ ոստիկանի սպանութիւնը, ով զինւած գործողութեան դիմաց պաշտպանում է իրեն վստահւած ռազմական տարածքն ու դրան զուգահեռհերոսացնել նրան սպանողներին:

«Բացառիկութեան» այդ համախտանիշն իր հզօրութեամբ յաճախ բթացնում է մեր տրամաբանութիւնն ու մենք մոռանում ենք, որ Արցախում կռւած լինելու հանգամանքի չարաշահմամբ հարցը զէնքի միջոցով լուծելու մեր փորձն, ինչ-որ տեղ, իր էութեամբ ոչնչով չի տարբերւում «Լիսկա»-ների արարքից: Օրէնքի գերակայութեան մասին բարձրաձայնելով մոռանում ենք, որ դա նոյնպէս տարածւում է մեր պարագային: «Օրէնք»-ը ոտքի տակ դնելով փորձում ենք ճեղքել «օրէնք»-ով սահմանւած իր պարտականութիւնը կատարող ոստիկանութեան շարքերն ու մտնել այն տարածքը, որը անվտանգութեան նկատառումներով փակ գօտի է յայտարարւել:

Ոտք դնելով Հայաստանի հողի վրայ այդ համախտանիշն այնքան է խորանում մեր մէջ, որ  մոռանում ենք անկախ մեր զբաղեցրած հանգամանքից, օրէնքի դիմաց շարքային քաղաքացի համարւելու փաստը ու չարաշահելով սփիւռքահայ արւեստագէտ լինելու մեր հանգամանքը, փորձում ենք բացառիկ համարւել ու չենք էլ յիշում, որ մեր բնակած արեւմտեան երկրում ոստիկանութեան հրահանգի անտեսումն ու նրա դէմ բռնանալը ինչպիսի ծանր հետեւանք կարող է ունենալ:

Մեք տառապում ենք այդ համախտանիշով այն պահին, երբ գրկախառնւելով ոստիկանին նրան հարց ենք տալիս՝ «եթէ հրահանգեն կկարկե՞ս ինձ վրայ» ու մոռանում ենք ինքներս մեզ հարց տալ, որ «եթէ քարեր լինեն իմ ձեռքում դա կնետե՞մ ոստիկանի վրայ»: Բացառիկ լինելու յատկանիշը մեզ թոյլատրում է խանգարել հանրային կարգը, պառկել ցանկացած վայրում, ամենաստոր հայհոյանքներն ուղղել իշխանութիւններին ու ոստիկաններին, բայց նրանց համար օրէնքով համարժէք պատասխան քայլի  դիմելու իրաւունք չվերապահել:

Սփիւռքի հանգիստ մեր անկիւնում նստած պայքարի կոչեր ենք արձակում, մեր համակարգչի էկրանների վրայ «Ազատութեան» ու «Սիվիլնեթ»-ի ուղիղ եթերով փողոցային մարտերի տեսարանները դիտելով ոգեւորուած վայրկեաններ ենք հաշւում իշխանութիւնների կործանման համար ու կրկին նոյն այդ համախտանիշի ազդեցութեան տակ անտեսում ենք այն հազարաւոր երեւանցիներին, որոնք իշխանութիւններիցդժգոհ լինելով հանդերձ չեն բաժանում իշխանութիւնների դէմ պայքարի այդ մեթոդն ու նրանց նոյնիսկ դաւաճան ենք անւանում:

Բացառիկութեան այդ համախտանիշը երբեմն նաեւ ազդում է մեր յիշողութեան վրայ ու դժւարանում ենք մտաբերել, որ այսօր հայհոյում ենք նրանց, որոնց ժամանակին քանի հազար դրամով ծախել ենք մեր ձայները:

Ու նոյն «Բացառիկութեան» համախտանիշն է մեզ մղում վրդովւելու երբ ՀՀ նախագահը զգուշացնում է Երեւանը Բէյրութի կամ Հալէպի վերածւելու վտանգի կապակցութեամբ:  

Ի դէպ, այդ համախտանիշը միայն շարքային քաղաքացուն չի վարակում: Դրանից տառապում են նաեւ իշխանութիւնները: Այլապէս ժողովրդի համատարած դժգոհութիւնն անտեսելու ցաւալի հետեւանքի պատմական փորձն արդէն վաղուց նրանց մղած կլինէր ազդեցիկ պայքար ծաւալելու կոռուպցիայի դէմ և իրական բարեփոխումներ իրականացնելու: Մէկ գիշերւայ ընթացքում ամբողջ մի պետութեան արտաքին քաղաքական ուղղւածութիւնն արեւմուտքից դէպի արեւելք չէր փոխւի: Ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ անհետ կորածի կարգավիճակում յայտնւած չէր լինի երկրի արտաքին դիւանագիտութեան ղեկավարը, «Սասնայ ծռերի» պատճառած 15-օրեայ ճգնաժամի օրերին իշխանութեան ու ղեկավարող կուսակցութեան յայտնի խօսնակները քար լռութիւն պահած չէին լինի, համատարած չքաւորութեան ու դժգոհութեան ֆոնին ամէն օր չէր աճի պետական գործիչների ու օլիգարխիայի ներկայացուցիչների շքեղ առանձնատների թիւը:

Այդուհանդերձ, ինչքան էլ որ զարմանալի թւայ, հակառակ իր բոլոր բացասական կողմերին, բացառիկ լինելու այդ համախտանիշը նաեւ պարունակում է դրական լիցք:

Բացառիկ լինելու այդ յատկանիշը պառակտումներին յաղթահարելու եւ ազգային համերաշխութիւնը վերականգնելու լուսաւոր հորիզոն է ուրւագծում մեզ համար: Այդ յատկանիշը մեզ յոյս է ներշնչում, որ մենատիրական համակարգերով ղեկավարւող յետխորհրդային տարածաշրջանում կարելի է բացառիկ լինել եւ ժողովրդավարական ու քաղաքակիրթ միջոցներով իշխանափոխութեան հասնել:

http://alikonline.ir/hy/news/political/item/33996

 

 

 

Read 458 times Last modified on Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016 08:57

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.