ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք09202017

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ 2017 թուականը Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ նոր փուլի սկիզբ
Կիրակի, 01 Հունվարի 2017 21:40

2017 թուականը Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ նոր փուլի սկիզբ

Rate this item
(0 votes)

2016 թուականն իր ամբողջ դառնութիւններով մնաց թիկունքում:

Հայաստանի ու հայ ժողովրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ 2016 թուականը նշանաւորեց երկու դառն ու ցաւալի իրադարձութիւններով, որոնցից իւրաքանչիւրն ինքնըստինքեան ճակատագրական կարող էին լինել քաղաքական, հասարակական ու տնտեսական բազմաթիւ բարդութիւններ դիմագրաւող, Հայաստանի նման ցանկացած փոքր երկրի համար:

Անցած ամիսների ընթացքում բազմաթիւ քննարկումների առիթ են դարձել նախ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծուած քառոօրեայ պատերազմն ու ապա յուլիս ամսուայ կէսերին ամբողջ երկու շաբաթ Հայաստանը ցնցումների մատնած ՀՀ ոստիկանութեան ՊՊԾ գնդի պահակակէտի գրաւումը:

Այսօր ամիսների կտրուածքով յետադարձ հայեացք նետելով այդ երկու իրադարձութիւններին կարելի է յանգել մի եզրակացութեան: Եթէ ապրիլեան քառօրեայ պատերազմն իր ամբողջ դառնութեամբ և պատճառած մարդկային ու նիւթական կորուստներով ունեցաւ գոնէ մէկ դրական արդիւնք՝ ամէն գնով Արցախը պաշտպանելու վեհ գաղափարի շուրջ համախմբելով Հայաստանն ու Սփիւռքը, իշխանութեանն ու ընդդիմութեանը, յուլիս ամսին ոստիկանութեան պահակակէտի գրաւումն ու դրան յաջորդած դառն իրադարձութիւնները խաթարեցին ստեղծուած միասնականութիւնը՝ հասարակութիւնն առաջնորդելով դէպի բևեռականացում ու պառակտում: Այդ պառակտումն ու բևեռականացումը չսահմանափակուեց միայն Հայաստանով ու տարածուեց Սփիւռքի տարբեր գաղթօջախներում՝ ընդհուպ մինչև ԱՄՆ:

Նման դառն իրադարձութիւններն առյաւէտ յիշատակուած են մնում պատմութեան էջերում ու դրանցից խուսափում չկայ: Բայց գոյութիւն ունի դասեր քաղելու և փորձութիւնը առիթի վերածելու հնարաւորութիւն: Դա հնարաւոր կարող է լինել միայն այն դէպքում, երբ մեզ մօտ զարգանայ «պետականութիւն» հասկացութիւնը «իշխանութիւն»-ից տարբերելու յոյժ կարևոր ընդունակութիւնը: Կարելի է լինել իշխանութիւնների ընդդիմադիր, քննադատել այսինչ կամ այնինչ պաշտօնատարի, վեր հանել հասարակական բծաւոր կողմերը, բայց հարուածել պետականութեան անվտանգութեանն ու հիմքերին անընդունելի ու անարդարանալի է:

2017 թուականին սպասուող ամենանշանաւոր իրադարձութիւնը խորհրդարանական համակարգին անցնելուց յետոյ Հայաստանում կայանալիք առաջին ընտրութիւններն են: Մենատիրական-հանրապետական համակարգերով ողողուած տարածաշրջանում, Հայաստանը յետխորհրդային հանրապետութիւնների մէջ գրեթէ եզակիներից է, որ իր նոր սահմանադրութեամբ անցում է կատարում խորհրդարանական համակարգի՝ առաւել մօտենալով արևմտեան ժողովրդավարութեան չափանիշներին:

Ընտրութիւնների կազմակերպման ընթացքը և իշխանութեան ու ընդդիմութեան գործունէութիւնը կարող են այլ որակ հաղորդել Հայաստանում ժողովրդավարութեանը, միևնոյն ժամանակ սատարելով դիմագրաւած տնտեսական ու հասարակական բարդութիւնների կարգաւորմանը:

Վարչապետ Կարեն Կարապետեանի գլխաւորած կառավարութեան քանիամսեայ գործունէութիւնը բացայայտում է իշխանութիւնների կողմից իրավիճակի փոփոխմանն ուղղուած եթէ ոչ գործնական քայլեր այլ առնուազն ձգտում, ինչը կարող է արդիւնք տալ ազգային պետականութեան հիմքերի ամրապնդման շուրջ համախմբման միջոցով:

Այդ ուղղութեամբ ինչպէս միշտ իր դրական դերակատարութիւնը կարող է ունենալ Սփիւռքը, ինչը Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) 110-ամեակի միջոցառումների շրջանակներում կազմակերպուած քննարկման ժամանակ հաստատեց վարչապետ Կարեն Կարապետեանը՝ Հայաստանն ու Սփիւռքը անհրաժեշտութիւն համարելով միմեանց համար:  

2017 թուականին սպասուող խորհրդարանական ընտրութիւնները կարող են Հայաստանի նորագոյն պատմութեան ընթացքում նոր փուլի սկզբնակէտը դառնալ, սակայն դրա համար անհրաժեշտ է վերականգնել ազգային միասնականութիւնը, մնալով առողջ ու քաղաքակիրթ ընդդիմութիւն մի կողմ թողնել միմեանց հանդէպ ատելութիւնն ու մաղձը և փորձել համախմբուել Հայաստանի պետականութեան ու Արցախի անվտանգութեան ամրապնդման և դրան զուգահեռ Սփիւռքի հզօրացման սուրբ գաղափարների շուրջ:

http://asbarez.com/arm/272152/2017

Read 285 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.