ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք09202017

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Եւ Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Քաղաքականութիւնը
Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017 23:15

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Եւ Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Քաղաքականութիւնը

Rate this item
(0 votes)

Նախաձեռնութեամբ ԱՄՆ-ի Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի (The USC Institute of Armenian Studies) ընթացիկ տարւայ ապրիլի 9-ին եւ 10-ին՝ Լոս Անջէլեսում, իսկ մայիսի 23-ին եւ 24-ին՝ Երեւանում կազմակերպւեց «Անցման շրջանի աւարտը՝ Հայաստանը 25 տարի անց ի՞նչ է լինելու հիմա» (“End of Transition: Armenia 25 Years On, Now What?” ) թեմայով միջազգային համաժողով: Նախկին դիւանագէտների, համալսարանի դասախօսների, քաղաքագէտների, տնտեսագէտների ու տարբեր բնագաւառների փորձագէտների մասնակցութեամբ երկու քաղաքներում կազմակերպւած համաժողովների ընթացքում զեկուցաբերները քննարկեցին անկախութեան 25 տարիների ընթացքում տարբեր բնագաւառներում Հայաստանի Հանրապետութեան արձանագրած նւաճումներն ու նաեւ բացթողումները: Մայիսի 24-ին Երեւանի «Գաֆէսջեան» արւեստի կենտրոնում կազմակերպւած համաժողովի վերջին օրւայ ընթացքում, «Արտաքին քաղաքականութիւն եւ տարածաշրջանային ինտեգրում» բաժնում Իրան-Հայաստան յարաբերութիւնների մասին զեկոյցով հանդէս եկաւ քաղաքագէտ-լրագրող Ռոբերտ Մարգարեանը: Յօդւածը ներկայացւում է թարգմանաբար:

Իրանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնները սկիզբ են առել պատմական ժամանակաշրջաններից:

ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ Հայաստանի Հանրապետութեան անկախացմամբ նոր էջ բացւեց երկու ժողովուրդների յարաբերութիւններում: Այսօր երկու երկրների միջեւ հաստատւել են ամուր կապեր, որոնց հիմքում ընկած են պատմական ու մշակութային համընդհանրութիւնները:

Երբ Իրանը Արաքս գետի երկու ափերը միացնելու նպատակով դրա վրայ կամուրջ կառուցեց, հայերը դա անւանեցին «Բարեկամութեան կամուրջ»: Առաջին հերթին դա կենսական նշանակութեամբ կամուրջ էր՝ նպատակ ունենալով Հայաստանը միացնել Իրանի նման երկրներին եւ այդպիսով հնարաւորութիւն ստեղծել առաջին անհրաժեշտութեան ապրանքների ու ծառայութիւնների ներկրման համար: Կամուրջի հիմնական նպատակն էր կապ ստեղծել երկու պատմական հարեւանների միջեւ: Երկու պետութիւնների միջեւ հասարակական, տնտեսական ու մշակութային յարաբերութիւններն սկիզբ առան այս կամուրջով: Կամուրջն իրար միացրեց Արաքս գետի երկու կողմում ընկած ճանապարհները եւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեանը յաջորդած առաջին տարիներին, երբ Ադրբեջանի հետ պատերազմի պատճառով փակւած էին դէպի հարաւ տանող բոլոր ցամաքային ու երկաթգծային ճանապարհները, «Բարեկամութեան կամուրջ»-ը, Հայաստանի համար կենսական դերակատարութիւն ունեցաւ: Իրանի հանդէպ Հայաստանի դիրքորոշման հիմքում ընկած են դրական յարաբերութիւններն ու նաեւ Իրանում ապրող հայկական հզօր համայնքը: Այսօր, սակայն, Իրանի հանդէպ Հայաստանի մօտեցումը պատմական լինելուց առաւել գործնական բնոյթ է կրում:

1991 թւականի դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետութիւնն առաջին երկրներից էր, որ պաշտօնապէս ճանաչեց Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը: Նկատի առնելով ցամաքային ընդհանուր սահմանի գոյութիւնը, նաեւ տարածաշրջանում քաղաքական ու ապահովական շահերից ելնելով Իրանը 1992 թւականին դիւանագիտական յարաբերութիւններ հաստատեց Հայաստանի հետ, որի նպատակն էր տնտեսական, քաղաքական ու մշակութային յարաբերութիւնների ընդլայնումը:

Հայաստանի աշխարհագրական դիրքը, որն Իրանին հնարաւորութիւն է տալիս հասանելիութիւն ունենալ եւրոպական երկրներին ու նաեւ Եւրասիական տնտեսական միութեանը, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասում ազդեցիկ դերակատարութիւն ունենալու Իրանի ձգտումը երկու երկրների միջեւ քաղաքական յարաբերութիւնների ընդլայնման պատճառ են դարձել:

Անկախութեանը յաջորդած առաջին տարիներին եւ Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահութեան շրջանում երկու երկրի միջեւ յարաբերութիւններն ազդւած են եղել ԼՂ-ի պատերազմից: Աւելի ուշ՝ 1997-2000 թւականներին, Հայաստանի ներքին զարգացումներն ու նաեւ արտաքին քաղաքականութիւնն ազդեցին երկու երկրի երկկողմ յարաբերութիւնների վրայ: Այդ թւականներին երկու երկրի միջեւ առեւտրատնտեսական շրջանառութեան ծաւալները կրճատւեցին:

Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան շրջանում Հայաստանի վարած իրատեսական արտաքին քաղաքականութեան շրջանակներում երկու երկրի միջեւ յարաբերութիւնների մակարդակն աճ արձանագրեց: Ի հետեւումն դրա 2008 թւականին երկու երկրի միջեւ առեւտրատնտեսական շրջանառութիւնը բարձրացաւ տարեկան 220 միլիոն դոլարի: Այդ տէմպը պահպանւեց նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան առաջին երկու տարիների ընթացքում եւ երկու երկրի միջեւ առեւտրատնտեսական շրջանառութիւնը գերազանցեց 300 միլիոն դոլարի սահմանը:

Այդուհանդերձ եւ չնայած երկու երկրի միջեւ քաղաքական ու դիւանագիտական ընդլայնւած յարաբերութիւններին ու նաեւ միջազգային տարբեր հարցերի կապակցութեամբ ընդհանուր դիրքորոշումներին, նաեւ վերջին տարիներին գործադրւած ջանքերով հանդերձ, ոչ միայն երկու երկրի առեւտրատնտեսական շրջանառութիւնը որեւէ աճ չի արձանագրել, այլեւ 2016 թւականին իջել է 239 միլիոն դոլարի: Միեւնոյն ժամանակ երկու երկրի միջեւ առեւտրատնտեսական շրջանառութեան 60 տոկոսը գոյանում է գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակումից: Այս բաժնում երկու երկրի համագործակցութիւնը զանց առնելով երկու երկրի միջեւ առեւտրատնտեսական շրջանառութիւնը նւազելու է տարեկան 100 միլիոն դոլարի:

Նկատի առնելով այն իրականութիւնը, որ Իրանի դէմ միջազգային պատժամիջոցների գործադրման շրջանում երկու երկրի միջեւ առեւտրատնտեսական շրջանառութեան ծաւալը զգալի փոփոխութիւն չկրեց, կարելի է եզրակացնել, որ յատկապէս Սերժ Սարգսեանի նախագահութեան շրջանում երկու երկրի միջեւ առեւտրատնտեսական շրջանառութեան ծաւալի նւազումը Հայաստանի վարած արտաքին քաղաքականութեան ու նաեւ արտաքին գործօնների, այդ թւում Ռուսաստանի ազդեցութեան արդիւնքն է համարւում:

Ընդհանուր առմամբ Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից գործադրւած շրջափակումը շրջանցելու, ինչպէս նաեւ Հայաստանի գլխաւոր գործընկերը համարւող Ռուսաստանից կախւածութիւնը վերացնելու համար ինչ-որ ուղի որոնելու պահանջի արդիւնքն են:

Տարածաշրջանային ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանի համոզմամբ Իրանի ու Հայաստանի միջեւ յարաբերութիւններն առաջ են մղւում էներգետիկայի ու գեոպոելտիկայի երկու գործօնների միջոցով:

Էներգետիկայի հարցում ինչպէս արդէն ասւեց երկու երկրի միջեւ համագործակցութիւնը գլխաւորապէս հիմնւած է գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման վրայ: Այս փոխանակումն իրականացւում է մէկ գազատար խողովակագծի եւ էլեկտրահաղորդման երկու գծերի միջոցով: Էլեկտրահաղորդման երրորդ գիծը գտնւում է կառուցման փուլում եւ շահագործման պիտի յանձնւի 2018 թւականին: Երկու երկրի միջեւ գազատար խողովակագծի կապակցութեամբ յիշատակման արժանի կէտը Ռուսաստանի ճնշման ներքոյ դրա տրամագծի կրճատումն է, ինչը գործնականում անհնարին է դարձնում դրա միջոցով Իրանի գազի արտահանումը Եւրոպա:

Ռիչարդ Կիրակոսեանը նաեւ համոզւած է, որ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը ձգտում է հաւասարակշռութիւն ստեղծել արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ: Միեւնոյն ժամանակ դա ճկուն է եւ Հայաստանը ձգտում է առաւել հնարաւորութիւններ եւ նւազ սպառնալիքներ առաջացնող այլընտրանքների: Թւում է, որ Իրանն այդ կապակցութեամբ կարող է լաւագոյն ընտրութիւններից մէկը լինել:

Իրանը քաղաքական ու տնտեսական տեսակէտից կենսական դերակատարութիւն ունի Հայաստանի համար: Իր աշխարհագրական դիրքի եւ հաղորդակցական ընդարձակ ուղիների պատճառով Իրանը համարւում է տարածաշրջանի կարեւոր երկրներից մէկը, որ միեւնոյն ժամանակ տնտեսական շահեր ունի Հարաւային Կովկասում ու մասնաւորապէս Հայաստանում: Նաեւ գտնւելով Կասպից ծովի եւ Պարսից ծոցի ափին Իրանն իրար է միացնում Կովկասը, Կենտրոնական Ասիան, Ասիայի արեւելքը, արաբական աշխարհն ու Հնդկական թերակղզին:

Իրանի ազգային շահերից են բխում Հայաստանի անկախութեան ամրապնդումն ու նաեւ կովկասեան տարածաշրջանում ներկայութիւնը: Իր աշխարհագրական դիրքի պատճառով Իրանը համարւում է փոխադրութեան կամուրջ եւ միեւնոյն ժամանակ աշխարհի ռազմավարական նշանակութեամբ կարեւոր երկրներից մէկը: Դա ոչ միայն Իրանի աշխարհագրական դիրքի եւ բնական հարուստ պաշարների այլ նաեւ նրա մեծ հնարաւորութիւնների եւ ռազմական կարողութեան պատճառով է: Առաւել դրան պիտի նաեւ ընդգծել, որ Իրանն ու Հայաստանը երբեւէ տարածքային կամ ազգային տարաձայնութիւններ չեն ունեցել, ինչը խթանիչ ազդակ է հանդիսացել երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնման հարցում:

Հայաստանը նոյնպէս արժէքաւոր դիրք է զբաղեցնում Իրանի քաղաքական ու ռազմավարական ծրագրերում: Պիտի ընդգծել, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների ընդլայնման պահանջը միայն Հայաստանի միակողմանի կարիքներից չի բխում: Այդ ուղղութեամբ նաեւ ազդեցիկ են Հայաստանի հնարաւորութիւններին եւ աշխարհագրական դիրքին Իրանի ունեցած կարիքը:

Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է Իրանին օգնել իր արտադրանքներն ու գազը Եւրոպա եւ ԵԱՏՄ արտահանելու հարցում:

Իրանի համար Հայաստանի հետ համագործակցութեան կարեւորութիւնը բացատրւում է հետեւեալ գործօններով.

1-     Հայաստանն Իրանին կապում է Սեւ ծովին, Հիւսիսային Կովկասին եւ Եւրոպային

2-     Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ համարւում է Իրանի հետ ցամաքային սահման ունեցող այդ միութեան միակ անդամը

3-     Հայաստանի աշխարհագրական դիրքը մեծ նշանակութիւն ունի Փանթուրքիզմի դիմակայման հարցում

4-     Իրանում գոյութիւն ունի հայկական հզօր համայնք

5-     Երկու երկրների համագործակցութիւնը չէզոքացնում է իսլամ-քրիստոնէութիւն հակադրութեան կոնսպիրացիան

6-     Հայկական հզօր լաբիների օգտագործումը

7-     Հայաստանի շուկայում եւ յատկապէս էներգետիկայի բնագաւառում ներկայութեան նշանակութիւնը

8-     Կովկասում հզօր ներկայութիւնը, որը պիտի կանխի ԼՂ-ի ճգնաժամի նման հակամարտութիւնների խորացումն ու դէպի Իրան տարածւելը:

Միեւնոյն ժամանակ կարեւոր է յստակեցնել երկու երկրի միջեւ յարաբերութիւնները խոչընդոտող ազդակները: Ընդհանուր առմամբ դրանք բաժանւում են տնտեսական, քաղաքական ու անվտանգութեան հետ կապւած արգելքների:

Տնտեսական խոչընդոտներից կարելի է յիշատակել Հայաստանի տնտեսական կառոյցը, կոռուպցիան եւ մենաշնորհները, ինչպէս նաեւ Իրանի տնտեսական կառոյցը եւ ներդրման բացակայութիւնը:

Իրականութիւնն այն է, որ նման խոչընդոտների գոյութեան պատճառով շահագործման չեն յանձնւել տնտեսական հնարաւորութիւններից շատերը եւ դա ի տես այն բանի, որ ուրիշ երկրներ անհրաժեշտ հող նախապատրաստելով շահել են այդ հնարաւորութիւններից օգտւելով:

Քաղաքական արգելքների կապակցութեամբ կարելի է ասել, որ նկատի առնելով կովկասեան տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակութիւնն, այդ տարածաշրջանը յայտնւել է տարածաշրջանային ու միջազգային մրցակցութիւնների կիզակէտում: Դրա արդիւնքում հարեւան երկրների երկկողմ յարաբերութիւններն, այդ թւում նաեւ Իրան-Հայաստան յարաբերութիւնները ազդւել են այդ մրցակցութիւնից:

Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը նոյնպէս արգելք է հանդիսացել համագործակցութեան ընդլայնմանը: Հայաստանի ներքին խոչընդոտներից կարելի է առանձնացնել.

1-     Արտաքին ուժերի, յատկապէս Ռուսաստանի ներազդեցութինը

2-     Լարւածութիւնները եւ ներքին քաղաքական կայունութեան բացակայութիւնը

3-     ԼՂ-ի ճգնաժամը եւ Ադրբէջանի հետ հակամարտութեան շարունակւելը

Փորձագէտների համոզմամբ կայունութիւնն ու անվտանգութիւնն առաջադիմութեան նախապայմաններն են եւ երկկողմ համագործակցութիւնների ընդլայնումը նոյնպէս գտնւում է այդ երկու կարեւոր գործօնների ազդեցութեան ներքոյ: Այս առումով անվտանգութեան հետ կապւած սպառնալիքները եւ կովկասեան տարածաշրջանում շարունակւող ճգնաժամերը դանդաղեցնում են համագործակցութիւնների ընդլայնման ընթացքը: Տարածաշրջանում ցանկացած երկիր անվտանգութեան դասաւորումները մեկնաբանում է իր դիտանկիւնից ու այդ մեկնաբանութեան համապատասխան որոշում է դրա վրայ ազդող գործօնները:

Ընդհանուր առմամբ այնպէս է թւում, որ տարբեր բնագաւառներում Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների ընդլայնման համար անհրաժեշտ ներուժ գոյութիւն ունի: Անցնող տարիների ընթացքում տնտեսական համագործակցութիւնների ընդլայնման համար անհրաժեշտ հող է նախապատրաստւել: Դրան սատարեց նաեւ Իրանի միջուկային համաձայնութիւնը:

Ուրախութեամբ պիտի յայտարարել, որ վերջին ամիսներին Հայաստանի կառավարութիւնը երկու երկրի միջեւ յարաբերութիւնների ընդլայնման կամ առնւազն դրա համար անհրաժեշտ հող նախապատրաստելու ուղղութեամբ մեծ ջանք է գործադրել: Այդ թւում կարելի է ընդգծել երկու երկրի միջեւ վիզայի ռեժիմի չեղարկումը, Իրանի հետ սահմանին գտնւող Մեղրիում տնտեսական ազատ գօտի կառուցելու որոշման ընդունումը, Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի փորձնական փոխադրումը,  ինչպէս նաեւ Վրաստանի նաւահանգիստների, Հայաստան-Վրաստան երկաթգծի եւ Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհների միջոցով Գերմանիայից Իրան մուլտիմոդալային փորձնական բեռնախոխադրումը: Եթէ իրականացւած ջանքերն արդիւնաւորւեն ու յաղթահարւեն գոյութիւն ունեցող խոչընդոտները, վերցւած քայլերը կարող են ուշագրաւ ազդեցութիւն գործել երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ՝ մի քանի անգամ բարձրացնելով երկու երկրի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալները, դա համապատասխանեցնելով երկու երկրի միջեւ հաստատւած քաղաքական ընդլայնւած յարաբերութիւնների մակարդակին:

http://alikonline.ir/pdf/item/39995-18-%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%BD%D5%AB-2017

Read 54 times Last modified on Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017 23:37

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.