ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ11182017

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ «Սասնայ ծռեր»-ի գործողությունը՝ դավաճանության ու հերոսության շարունակվող դիլեմա
Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2017 14:48

«Սասնայ ծռեր»-ի գործողությունը՝ դավաճանության ու հերոսության շարունակվող դիլեմա

Rate this item
(0 votes)

Անցած մեկ տարվա ընթացքում տարբեր տեսակետներ են հնչել «Սասնա ծռեր»-ի իրականացրած գործողության էության ու արդյունքների ու նաեւ դրա հեղինակների մասին՝ սկսած դավաճանությունից մինչեւ հերոսություն: Բայց իրապես ի՞նչ էր իրենից ներկայացնում «Սասնա ծռեր»-ի իրականացրած գործողությունը:

Սրանից շուրջ մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելով սկսված ու երկու շաբաթ անց՝ հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հանձնվելով ավարտված գործողությանը ճիշտ ու անաչառ գնահատում տալու համար անհրաժեշտ է պատասխանել մի քանի հիմնական հարցումների: Ինչքանո՞վ էր կազմակերպված գործողությունը: Դրան ինչպե՞ս վերաբերվեց ժողովուրդը: Ի՞նչ տվեց մեր ժողովրդին այդ գործողությունը: Նման գործողություններին ինչպիսի՞ վերաբերմունք է ցուցաբերում միջազգային հանրությունը:

Ի՞նչ վերաբերում է առաջին հարցումին մի կողմ թողնելով այն, որ ի՞նչը կամ ովքե՞ր դրդեցին խմբի անդամներին նման գործողություն իրականացնելու, միանշանակ կարելի է հավակնել, որ գործողությունն իրականացվեց նվազագույն կազմակերպվածությամբ: Նկատի առնելով խմբի կողմից ներկայացված պահանջները, որոնք առաջին իսկ հայացքից անիրագործելի էին թվում, կարելի էր ենթադրել, որ գործողությունը գործնական արդյունքի հանգելուց առավել, քարոզչական բնույթ էր կրում, իսկ քարոզչական քայլ ձեռնարկելու համար անհրաժեշտ է հայտնվել հատկապես միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Գործողությունն իրականացվեց հարեւան Թուրքիայում հեղաշրջումից (2016 թվականի հուլիսի 15-16) մեկ օր, իսկ Ֆրանսիայի Նիս քաղաքում իրականացված եւ ավելի քան 80 զոհեր խլած ահաբեկչական գործողությունից (2016 թվականի հուլիսի 14) երեք օր անց եւ այն պայմաններում, երբ աշխարհի ԶԼՄ-ների լրատվության գլխավոր խորագրերը հատկացված էին այդ իրադարձությունների մասին լուրերին ու մեկնաբանություններին: Գործողության կազմակերպիչները քաղաքագետ լինելու կարիք չունեին ըմբռնելու համար այն պարզ իրողությունը, որ նման երկու կարեւոր իրադարձությունների հակակշռի տակ հայտնվելով իրենց իրականացրած քայլը միջազգային որեւէ արձագանգ գտնելու ակնկալիք չպիտի ունենար: Գործողության անկազմակերպվածության մասին վկայում են նաեւ դրան հաջորդած քայլերն ու հատկապես ժողովրդին իշխանության դեմ հանելու նպատակի իրագործման հարցում բացարձակ ձախողումը:  

Գործողությանն ինչպե՞ս վերաբերվեց ժողովուրդը: Կարելի է ենթադրել, որ գործողության նպատակն էր ոգեւորություն ստեղծել իշխանություններից դժգոհ զանգվածների մոտ, որից հետո այդ զանգվածները հավանաբար պիտի զինվեին ՊՊԾ գնդից ձեռք բերված զենքերով ու հեղաշրջում պիտի իրականացնեին, իսկ ՀՀ ոստիկանության ու անվտանգության ուժերը կորցնելով իրենց պահեստային գլխավոր կենտրոններից մեկն անկարող պիտի լինեին անհրաժեշտ դիմադրություն ցուցաբերել: Հիշյալ գործողությունը թղթի վրա ոգևորիչ ու իտեալական թվալով հանդերձ իրականության մեջ վերը նշված անկազմակերպվածության ու ժողովրդային սպասված արձագանգին չարժանանալու պատճառով ձախողվեց: Բազմաթիվ տեսագրությունների ու պատկերների վկայությամբ գործողությանը հաջորդած առնվազն առաջին երկու օրերի ընթացքում միայն սակավաթիվ մարդիկ գնդի տարածքի մերձակայքում պաշտպանեցին գործողության հեղինակներին, իսկ գիշերները մերձակա տարածքի փողոցներում վոլեյբոլ խաղացող տղաներ էին, որոնք առաջացրած աղմուկի պատճառով արժանանում էին հարեւանների բողոքին:

Գործողությունից օրեր անց միայն սկսվեցին գիշերային երթերը, որոնք հուլիսի 20-ին եւ 29-ին սադրիչ գործողությունների արդյունքում տխուր ելք ունեցան հանգեցնելով ոստիկանության ու ցուցարարների միջեւ բախումների: Բախումների հետեւանքով վիրավորվեցին թե ցուցարարներ եւ թե ոստիկաններ: Չնայած «Սասնա ծռեր»-ի գործողությունը ժողովրդային լայն հովանավորության արժանացած շարժում ներկայացնելու ջանքերին եւ դատելով գործողության օրերին կազմակերպված երթերին ժողովրդի բերած մասնակցության թվից ու նաեւ դա համեմատելով դրանից մեկ տարի առաջ՝ 2015 թվականի հունիսին, Երեւանում ծնունդ առած «Էլեկտրիկ Երեւան» շարժման հետ կարելի է եզրակացնել, որ հակառակ բոլոր հավակնություններին «Սասնա ծռեր»-ի գործողությունը չարժանացավ ժողովրդային լայն հովանավորության ու երբ հազարավոր երեւանցիներ ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի երթ էին կազմակերպում Երեւանի Ազատության հրապարակից դեպի ՊՊԾ գնդի տարածք, տասնյակ հազարավոր երեւանցիներ նախընտրում էին զով երեկոն վայելել Երեւանի բացօթյա սրճարաններում կամ էլ իրենց տան հանգիստ անկյուններում:

Ի՞նչ դրական արդյունք տվեց «Սասնա ծռեր»-ի գործողությունը: Այս հարցին կարելի է պատասխանել ընդամենը մեկ բառով՝ ոչինչ: Երեք ոստիկանների զոհվելու, տասնյակ մարդկանց վիրավորվելու եւ հանրային գույքի ոչնչացման գնով իրականացված «Սասնա ծռեր»-ի գործողությունը կարելի է միանշանակ ձախողած եւ հակառակ արդյունքի հանգած գործողություն որակել: Գործողության ավարտին ոչ միայն ներկայացված պահանջներից գոնե մեկը չիրականացվեց, այլ դա առիթ տվեց իշխանություններին, որպեսզի խմբի գործողությանը ահաբեկչության որակում տալով արդարացնեն ամիսներ առաջ տեղի ունեցած «Հիմնադիր խորհրդարան» խմբի պարագլուխների ձերբակալությունը: Նույնիսկ Հայաստանում գործող քաղաքական ընդդիմադիր ուժերը (բացառությամբ «Հիմնադիր խորհրդարան»-ի համակիրներն ու «Ժառանգություն» կուսակցության մի հատվածը) պատրաստ չեղան պաշտպանելու այդ գործողությունը, նման մեթոդներով իշխանափոխությունը սպառնալիք համարելով Հայաստանի անվտանգության համար:

Անշուշտ նման գործողությունների հաջողությունը ներքին գործոններից բացի խոշոր տոկոսով պայմանավորված է նաեւ միջազգային հովանավորությամբ: Եթե չլիներ միջազգային արձագանգը, արտասահմանից հնչեցվող հովանավորության կոչերն ու երբեմն նաեւ գործադրվող տարբեր տեսակի ճնշումները այլ ելք կարող էին ունենալ վերջին տարիներին իրականացված թավշյա ու գունավոր հեղափոխություններից շատերն, այդ թվում նաեւ Ուկրաինայի «Մայդան»-ը: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ի գործողությանը պիտի նշել, որ նրանց ընտրած զինված գործողության ուղին ու հարցը բռնի ուժով լուծելու փորձը վերջին շրջանում հատկապես Եւրոպայում իրականացված ահաբեկչական գործողությունների ֆոնին չէին կարող ընդառաջվել միջազգային շրջանակների կողմից: Եթե ժամանակին 1970-ական եւ 1980-ական թվականներին ծայր առած ազատագրական շարժումների շրջագծում նման գործողություններն ինչ-որ չափով հասարակական համակրանքի արժանանալու եւ հանրային ոգեւորություն առաջացնելու հույսեր կարող էին ունենալ, այսօր ահաբեկչությունից խոցված ու տակավին դրա սպառնալիքն զգացող միջազգային հանրության տեսակետից զենքի միջոցով հասարակական հարցեր լուծելու ցանկացած տեսակի քայլ ահաբեկչական արարք է համարվում ու դատապարտվում է: Անկասկած ցանկացած տեսակի ու այդ թվում նաեւ զինված գործողություն հետապնդում է որոշակի նպատակ, որն ինչ-որ տեղ կարող է դրա հեղինակների ու նույնիսկ հասարակության մի հատածի համար սուրբ ու արդարանալի համարվել, սակայն հիմք ընդունելով ընդհանուր այն սկզբունքը, որ «նպատակը չի արդարացնում միջոցը» ու նաեւ ահաբեկչությունը լավ ու վատ տեսակների բաժանելու անթույլատրելիությունը, կարելի է ընդգծել, որ միջազգային դիտանկյունից «Սասնա ծռեր»-ի գործողությունը միանշանակ ահաբեկչական քայլ կարող է համարվել:

Այսօր՝ «Սասնա ծռեր»-ի գործողությունից մեկ տարի անց, անաչառ գնահատում տալով իրականացված գործողությանը կարելի է հանգել հստակ մի եզրակացության: Այն որ այսօր Հայաստանում տիրող հասարակական, տնտեսական ու դատաիրավական պայմանները շատ հեռու են մեր երազած իտեալներից, դառն ու անհերքելի իրականություն է, որն ի դեպ, հաստատում են նաև Հայաստանի իշխանությունները: Սակայն ժամանակակից աշխարհում իտեալների իրականացման համար զինված գործողություններից ու հեղաշրջման կոչեր հնչեցնելուց բացի կան առավել քաղաքակիրթ, ժողովրդավարական ու միջազգային հաստատում ունեցող միջոցներ: Ընդունենք, որ այսօր մեր հայաստանյան իրականության մեջ հիմնական փոփոխություններ առաջացնելու համար ՊՊԾ-ի գնդի տարածքի գրավումով պյուռոսյան հաղթանակ տոնող Դոն Կիխոտների փոխարեն ժամանակակից մտածողությամբ իրական «Սասնա ծռեր»-ի կարիք ունենք, որոնք զենքը ոչ թե հայ սպայի ու ոստիկանի այլ արեւելքից ու արեւմուտքից մեզ սպառնացող թշնամու կողմն են ուղղում:

Իսկ վերջում մի քանի խոսք արտասահմանում ու հատկապես Լոս Անջելեսում հաստատված «Սասնա ծռեր»-ի համառ հովանավորներին: Այսօր ամենահեշտ գործն անշուշտ հազարավոր կիլոմետրներ հեռավորությունից Հայաստանում հեղաշրջման ու իշխանափոխության կոչեր հնչեցնելն է: Սակայն Հայաստանում իրական բարեփոխումներ իրականացնելու եւ ժողովրդավարություն հաստատելու միակ ուղին անցնում է ընտրությունների միջով: ԱՄՆ-ում իրենց ապահով անկյունը գտած մեր հայաստանցի բարեկամներին խորհուրդ պիտի տալ, հեղաշրջման ու իշխանափոխության անօգուտ կոչեր հնչեցնելու եւ ժամանակ առ ժամանակ ԱՄՆ այցելող Հայաստանի քաղաքական գործիչներին վիրավորանքներ ուղղելու փոխարեն վերադառնալ Հայաստան ու հաջորդ ընտրություններին իրենց «չվաճառվող» ձայներով իրենց հայրենիքում խաղաղ իշխանափոխության հիմքը դնել:  

Ռոբերտ Մարգարյան 

Read 63 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.