ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Հունգարա-ադրբէջանական գործարքի իրաւա-քաղաքական կողմերը եւ Ադրբէջանի սադրանքներից զգուշանալու անհրաժեշտութիւնը
Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2012 09:06

Հունգարա-ադրբէջանական գործարքի իրաւա-քաղաքական կողմերը եւ Ադրբէջանի սադրանքներից զգուշանալու անհրաժեշտութիւնը

Rate this item
(0 votes)

Ադրբէջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ադրբէջան փոխադրւելն ու ապա Ադրբէջանի իշխանութիւնների կողմից ներման ու տարբեր տեսակի պարգեւների արժանանալը ցասում ու զայրոյթ է պատճառել հայ ժողովրդին: Հայ ժողովրդի զաւակները  Հայաստանում և Սփիւռքում հանրահաւքներ ու տարբեր միջոցառումներ կազմակերպելով դատապարտում են հունգարա-ադրբէջանական ամօթալի գաղտնի գործարքը: Միեւնոյն ժամանակ ամօթալի այդ գործարքը կնքած Հունգարիան ու Ադրբէջանը դրա բացայայտումից և համատարած դատապարտման ու քննադատութեան արժանանալուց յետոյ փորձեցին դրան սոսկ իրաւական տեսք տալով հանրային կարծիքը շեղել կուլիսներում տեղի ունեցած բանակցութիւններից ու համաձայնութիւններից: Արդեօք ինչպէս պնդում են Հունգարիան ու Ադրբէջանը հարցն ունի միայն իրաւական կողմ, թէ դրա հիմքում ընկած են քաղաքական ու տնտեսական կեղտոտ խաղեր, որոնց բողոքարկելուց բացի նաեւ պիտի զգուշանալ դրանց իրական նպատակերից և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:

 

Գործի իրաւական կողմը

 

Հունգարիան ու Ադրբէջանը պնդում են թէ 2004 թւականին Բուդապէշտում հայ սպայ Գուրգէն Մարգարեանին քնած վիճակում կացնահարած և ապա ցմահ ազատազրկման դատապարտւած ադրբէջնացի սպայ Ռամիլ Սաֆարովի Ադրբէջանի իշխանութիւններին յանձւնելը տեղի է ունեցել 1983 թւականին վաւերացւած «Դատապարտեալների փոխանցման մասին կոնվեցիա»-ի համաձայն:

Այստեղ հարկ եմ համարում փակագիծ բացելով յիշեցնել, որ այս օրերին յաճախ հնչւող «Արտայանձնում»-ը իրաւական տարբեր ակտ է, որի մասին կոնվենցիան Եւրոպան ընդունել է աւելի վաղ՝ 1957 թւականին: «Արտայանձնում»-ը (Extradition( իրաւական ակտ է, որի ընթացքում իր սեփական հայրենիքում յանցանք գործած եւ պատժից խոյս տալու համար այլ երկիր ապաստանած մեղադրեալը, իր պատկան երկրի պահանջով յետ է վերադարձւում (արտայանձնւում է( իր երկրում դատւելու եւ համապատասխան պատիժ ստանալու համար, մինչդեռ Գուրգէն Մարգարեանի գործում ուրիշ երկրի քաղաքացին (ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը( մի այլ երկրի սահմաններում (Հունգարիա( յանցանք է գործել և միջազգային քրէական իրաւունքի համաձայն դատւելով այն երկրի դատարանում, որտեղ տեղի է ունեցել յանցանքը, դատապարտւել է ազատազրկման և պատժի ութը տարիները կրել է այդ երկրի բանտում:

Նման պարագաներում Եվրոպայում գործող 1983 թւականի «Դատապարտեալների փոխանցման մասին կոնվենցիա»-ն (Convention on the Transfer of Sentenced Persons ( թոյլատրում է, որ դատապարտեալը իր պատժիը կրի իր սեփական հայրենիքում, որի համար իհարկէ կոնվենցիան ճշտում է ըստ ձևի եւ ըստ բնոյթի մի շարք պայմաններ, որոնց յարգումը պարտադիր է:[1]

Մեղադրեալների արտայանձնումն ու դատապարտեալների փոխանցումը հակառակ իրենց իրաւական էութեան յաճախ շաղախւում են մարդասիրական դրդապատճառներով քողարկւած քաղաքական և առեւտրա-տնտեսական գաղտնի գործարքներով: Այս ուղղութեամբ Ռամիլ Սաֆարովի գործը կարելի է համեմատել լիբիացի ահաբեկիչ Աբդոլբասեթ Ալմեղրահու գործի հետ, որը 1988 թականին Շոտլանդիայի Լաքերբի քաղաքի երկնքում «Փանամերիքան» աւիաուղիներին պատկանող ինքնաթիռում տեղի ունեցած ռմբադրությանը մասնակցություն ոնենալու մեղադրանքով այդ երկրի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտւել: Ալմեղրահին 2009 թւականին Լիբիայի բռնապետ Մոամմեր Կադդաֆու և Անգլիայի ժամանակի իշխանութիւնների միջեւ նաւթի ու գազի պայմանագրերի շուրջ կայացած գործարքի արդիւնքում ազատ արձակւեց և Լիբիա վերադառնալով հերոսի նման դիմաւորւեց Կադդաֆու կողմից: (Իհարկէ ի տարբերութիւն Սաֆարովի Ալմեղրահին ամբողջ դատաքննութեան ընթացքում չընդունելով իրեն հասցւած մեղադրանքը ընդգծեց իր անմեղութեան վարկածը: Ի դէպ նրա՝ Լիբիային յանձնւելը պատճառաբանւեց առաջացած քաղցկեղով, ինչից տառապում էր Ալմեղրահին և երեք տարի անց՝ 2012 թւականի մայիսին վախճանւեց նոյն հիւանդութեան պատճառով(:[2]

Նոյնիսկ եթէ տեղի ունեցած ակտին միայն իրաւական դիտանկիւնից նայենք պարզ է դառնում Հունգարիայի կողմից թոյլ տրւած եթէ չասենք իրաւական խախտումը, առնւազն դիւանագիտական և միջպետական յարաբերութիւններին հակասող անյարիր քայլը: Գուրգէն Մարգարեանի սպանութեան գործում կայ ուշագրաւ մի հանգամանք, որը կարող էր բացառել մարդասպան Ռամիլ Սաֆարովի պարագային Ստրասբուրգի կոնվենցիայի լիարժէք գործադրումը: Բացառութիւնը կայանում է նրանում, որ սպանութեան ակտը կատարւել է երրորդ երկրի քաղաքացու հանդէպ, որը քաղաքացիական որեւէ կապի մէջ չի եղել Հունգարիայի հետ և ժամանակաւորապէս այդ երկրում է գտնւել հիւրի հանգամանքով: Միջազգային իրաւունքի նորմերն ու միջպետական յարաբերութիւնները յուշում են այն մասին, որ Հունգարիային թոյլատրւած չի եղել միայնակ որոշում կայացնել Ռամիլ Սաֆարովին Ադրբէջան փոխադրելու հարցի կապակցութեամբ: Այլ խօսքով դատապարտեալի փոխանցման հարցում Հունգարիան եթէ ոչ իրաւական, գոնէ դիւանագիտական ու բարոյական պարտականութիւն է ունեցել ստանալ տուժող կողմի իրաւայաջորդը համարւող Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների տեսակէտն ու համաձայնութիւնը, ինչը Հայաստանի իշխանութիւնների հաւաստմամբ չի իրականացւել, Հունգարիայի իշխանութիւններին կանգնեցնելով դիւանագիտական լուրջ պատասխանատւութեան դիմաց:

Գուրգէն Մարգարեանի սպանութեան գործը բացառւում է նաեւ մի այլ հանգամանքով: Մարդասպան Ռամիլ Սաֆարովի դատարանում տւած ցուցմունքների համաձայն Գուրգէն Մարգարեանի սպանութիւնը կատարւել է միանշանակ ազգային ատելության հողի վրայ: Յիշեալ պարագան գործին տալիս է իւրայատուկ բնոյթ նրան տարբերելով սովորական սպանութիւններից, որոնց պարագային կարելի է աւելի հեշտ համակերպւել դատապարտեալների՝ իրենց հայրենիք փոխադրւելու և հաւանական ներման արժանանալու գաղափարի հետ: Ինչ խօսք, որ ԵՄ-ն խիստ է մօտենում ազգային, էթնիկական ու կրօնական ատելութեան հրհրմանը: Նոյն սկզբունքից ելենլով ԵՄ ՆԳ նախարարները 2007 թւականին կայացած նիստում պայմանաւորւել են յանցագործութիւն ճանաչել ազգային, էթնիկական ու կրօնական ատելութեան հրհրումը և դրա համար սահմանել են համապատասխան պատժաչափ:[3] Եթէ ԵՄ անդամ երկրներում և ի շարս նրանց Հունգարիայում ազգային ատելութեան հրահրումը յանցագործութիւն է համարւում, ապա ինչպէ՞ս կարելի է բացատրել ոչ թէ ազգային ատելութիւն հրահրած այլ նոյն ատելութեան հողի վրայ յանցագործութեան դիմած մարդասպանին իր հայրենիք փոխադրելը, որտեղ նա յանցագործութիւնը թոյլ տւած օրից իսկ, ոչ միայն հասարակութան այլ մինչև իսկ իշխանութեան ներկայացուցիչների կողմից բացայայտ կերպով որպէս հերոս է ներկայացւել, ինչը գրեթէ կանխատեսելի էր դարձնում փոխանցմանը յաջորդող սցենարը: Թւում է, որ Ադրբէջանի արդարադատութեան փոխնախարարի նամակը, որտեղ երաշխիքներ է ներկայացրել առ այն, որ Սաֆարովը շարունակելու է իր պատիժը կրել Ադրբէջանում, սոսկ ձեւական բնոյթ է ունեցել՝ հետագային հասարակական կարծիքի մօտ արդարանալու առիթ տալով Հունգարիային:

 

Գործի քաղաքական կողմը

 

Ինչպէս վերը նշւեց դատապարտեալների փոխանցման նման աղմկահարոյց դէպքերի հիմքում ընկած են լինում առեւտրա-տնտեսական շահերն ու քաղաքական դրդապատճառներ: Ռամիլ Սաֆարովի Ադրբէջան փոխադրւելու և ապա ներման արժանանալու գործարքի երկու կողմերում կանգնած Հունգարիան ու Ադրբեջանը նման համաձայնութեան գալով հետապնդել են իրենց իւրայատուկ շահերն ու նպատակները:

Գարծարքը կայանալուց գրեթէ անմիջապէս յետոյ առաջինը հունգարական մամուլը արձագանգեց կատարւածին և փորձեց բացայայտել հարցի թաքուն ծալքերը: Նոյն հունգարական մամուլի բացայայտումներից պարզ դարձաւ, որ ամիսներ շարունակ Թուրքիայի միջնորդութեամբ տեղի ունեցած բանակցութիւնների արդիւնքում Ադրբէջանը իր համաձայնութիւնն էր յայտնել գնելու շուրջ 3 միլիարդ եվրո արժող Հունգարիայի պետական պարտատոմսերը: Բնականաբար Ադրբէջանի այդ ներդրումը մեծ նշանակութիւն կարող է ունենալ ԵՄ-ի կառոյցում հարցեր ունեցող և Եվրոպայում տարածւող տնտեսական ճգնաժամից մտահոգւած ու խոշոր պարտքեր ունեցող Հունգարիայի իշխանութիւնների համար եւ նրանց թոյլատրելու է ձերբազատւել Արժոյթի միջազգային հիմնադրամի սաստկացող ճնշումներից:[4]

Իսկ այստեղ մեզ աւելի շատ պիտի հետաքրքրի ոչ թէ Հունգարիայի տնտեսական-ֆինանսական շահը, այլ Ադրբէջանի իշխանութիւնների հետապնդած քաղաքական ու մինչեւ իսկ ռազմական նպատակները:

Եթէ ամենասկսնակ ու անփորձ քաղաքագէտի ու դիւանագէտի համար նոյնիսկ դժւար չէր կանխատեսել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուն ու  պատգեւատրելուն յաջորդող արձագանգներն ու հակազդեցութիւնները, ինչպէ՞ս կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիեւի պէս խորամանկ ու փորձւած դիւանագէտն ու նրան շրջապատող խորհրդատուները առանց հետագայ զարգացումները հաշւարկելու նման քայլի գնային, որի արդիւնքում այսօր Ադրբէջանը յայտնւել է «ռինգի»-ի անկիւնում եւ ամէն կողմից տարբեր աստիճանի դատապարտանքի ու քննադատութեան է արժանանում: ԱՄՆ նախագահ Օբաման առաջինը արձագանգեց կատարւածին: Նրան յաջորդեցին միջազգային ու եւրոպական կառոյցները: Միչեւ իսկ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը անտարբեր չգտնւեց, իսկ «Մեծ եղբայր» Թուրքիան, որ նման պարագաներում միշտ էլ առաջինն է պաշտպան կանգնում «Փոքր եղբօր»-ը, թէեւ որևէ պաշտօնական դիրքորոշում չընդունեց, սակայն տեղի ունեցած գործարքին իր մասնակցութեան մասին լուրերը հերքելով փորձեց ձեռքերը լւանալ ու ինչ-որ կերպով հեռու մնալ դրա հետեւանքներից:

Նման գործարքի մէջ մտնելու Ադրբէջանի հիմնական դրդապատճառների մասին վերջին օրերում ներկայացւել են բազմաթիւ մեկնաբանութիւններ ու վերլուծութիւներ, որոնք երբեմն 180 աստիճանով տարբերւում են միմեանցից:

Այդ ուղղութեամբ հետաքրքիր վերլուծութիւններից մէկը գործարքը կապում է Հայաստանի ազգային անվտանգութեանը: Արցախի պատերազմի հերոս գեներալ Արկադի Տէր Թադէոսեանը (Կոմանդոս( համոզւած է, որ եթէ մինչեւ այսօր Ալիեւի քարոզչամեքենային պէտք էր «կենդանի» Սաֆարովը, ահա նրան ամէն կարգի պատւի արժանացնելուց յետոյ այսուհետ Ալիեւին պէտք է գալու «մեռած» Սաֆարովը: Գեներալ Արկադի Տէր Թադէոսեանը մտահագութիւն է յայտնում այն մասին, որ Սաֆարովը կարող է սպանւել, որի մեղքը Ադրբէջանի իշխանութիւնները բնակաբար բարդելու են Ադրբէջան ներթափանցած Հայաստանի գաղտնի ծառայութիւնների վրայ և դա պատրւակ են ծառայեցնելու Հայաստանի դէմ ռազմական ծաւալուն գործողութիւնները պատճառաբանելու համար:[5] Հետաքրքիր կերպով Սաֆարովի ազատ արձակմանը յաջորդեցին հայկական որոշ կազմակերպութիւնների կողմից սպառնալի նոտաներ ու հաղորդագրութիւններ ստացւելու մասին Ադրբէջանի իշխանութիւնների յաւակնութիւնները, որոնք բոլորն էլ հերքւեցին: Ադրբէջանի իշխանութիւնների կողմից կազմակերպւած նման շտապ քարոզարշաւը գալիս է վկայելու այն մասին, որ գեներալ Արկադի Տէր Թադէոսեանի վերլուծութիւնը ինչ-որ տեղ կարող է մօտ լինել իրականութեան: Նոյնիսկ ռազմական ծաւալուն գործողութիւնների տարբերակը բացառելովՀուն, հաւանական այդ սցենարը կարող է միջոց ծառայեցւել բանակցային գործընթացում հայկական կողմի վրայ ճնշումներ գործադրելու և նրան ինչ-որ զիջումներ պարտադրելու ուղղութեամբ:

Միւս վերլուծութիւնը գործարքին տալիս է լիովին ներքաղաքական նշանակութիւն և  նրան համարում է Ադրբէջանի նախագահական ընտրութիւնների սեմին Ալիեւի կողմից վերցւած քարոզչական քայլ:

Յառաջիկայ տարի Ադրբէջանում նախագահական ընտրութիւններ են սպասւում: Սահամանադրական արգելքները վերացնելուց յետոյ Ալիեւը երրորդ անընդմէջ անգամւայ համար յաւակնում է այդ պաշտօնին: Միեւնոյն ժամանակ վերջին շրջանում մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան, ինչպէս նաև խօսքի եւ հիմնարար ազատութիւնների տեսակէտից Ադրբէջանը բազմաթիւ քննադատութիւնների թիրախում է յայտնւել, ինչից ելնելով յառաջիկայ նախագահական ընտրութիւնների ընթացքը յայտնւելու է եւրոպական ու միջազգային կառոյցների ուշադրութեան կենտրոնում՝ նւազագոյնի իջեցնելով ընտրախախտումների հնարաւորութիւնը: Ներքին քաղաքական ու տնտեսական խնդրների և հասարակական ծաւալուն դժգոհութիւնների պատճառով Ալիեւի համար աւելի է բարդանալու դէպի նախագահական պալատ տանող ուղին: ԼՂ-ի հարցը յօգուտ Ադրբէջանի կարգաւորելու հարցում Ալիեւի կտրուկ անյաջողութիւնը աւելի է ծանրացնում իրավիճակը: Նման պայմաններում Սաֆարովը կարող է լաւագոյն միջոցը լինել ԼՂ-ի հարցում Ալիեւի ձախողումներից դժգոհ ազգայնական խաւերին գոհունակութիւն պարգեւելով նրանց ձայները շահելու եւ դրան զուգահեռ մոբիլիզանելու քաղաքական յստակ կողմնորոշում չունեցող հասարակ խաւերին:

Միւնոյն ժամանակ նկատի առնելով էներգետիկայի գործօնը և առջեւում գտնւող ցուրտ եղանակը, ինչպէս նաեւ Եւրպայում ծաւալւող տնտեսական ճգնաժամը, Ադրբէջանի իշխանութիւնները ենթադրում են, թէ կարճ ժամանակ «ռինգի» անկիւնում յայտւելու կարգավիճակը հանդուրժելուց յետոյ կը կարողանան ձերբազատւել քննադատութիւնների ճնշումներից և նաւթայի պաշարների ու դոլարների հաշւին վերագտնել նախկին դիրքերը:

Նման պայմաններում բոլորիս (թէ՛ ՀՀ իշխանութիւնների եւ թէ՛ Սփիւռքի( պարտականութիւնն է բողոքի ցոյցերի ու հանրահաւքներին զուգահեռ յստակ ռազմավարութիւն ու դիրքորոշում մշակելով ու որդեգրելով նախ  կանխել Ալիեւի մշակած հաւանական սցենարների գործադրումը եւ ապա օգտագործելով ստեղծւած բացառիկ առիթը քայլեր ձեռնարկել վերականգնելու համար մեր իրաւունքները ընդհուպ միչեւ Արցախի հանրապետութեան միջազգային ճանաչում:

 

 

 

 

 

 


[1] http://www.coe.am/docs/ratified/112arm.pdf

[2] http://en.wikipedia.org/wiki/Abdelbaset_al-Megrahi

[3] http://www.panarmenian.net/arm/news/21880/

[4] http://news.am/arm/news/119195.html

[5] www.armtown.com/news/am/htq/20120904/18141/ - Armenia

Read 1682 times Last modified on Կիրակի, 12 Մայիսի 2013 22:40

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.