ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք09202017

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Ղարաբաղյան հակամարտություն՝ իրանական հայացքներ
Կիրակի, 20 Հունվարի 2013 12:59

Ղարաբաղյան հակամարտություն՝ իրանական հայացքներ

Rate this item
(0 votes)

(Ընթերցված «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովում, Երևան 19 նոյեմբեր 2012 թվական)

 

Մուտք

 

Կարող է այն հարցը ծագել թե ի՞նչ նշանակություն կարող են ունենալ ԼՂ-ի կապակցությամբ իրանական հայացքները կամ ընդհանրապես ինչպե՞ս կարելի  զարգացնել ԼՂ- ԻԻՀ շահերի փոխկապակցության շուրջ քննարկումը:

Այս հարցերի պատասխանը գտնելու համար կարելի է թռուցիկ հայացք նետել աշխարհագրական քարտեզներին, որից հետո կարելի է անվիճելիորեն հաստատել ԼՂ—ի կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումների նշանակությունը:

Այսօր ԼՂՀ-ն շնորհիվ հայկական ուժերի միջոցով վերահսկվող ազատագրված տարածքների բացի հակամարտության ուղղակի կողմերը համարվող Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություններից երրորդ սահման ունի մի այլ երկրի՝ ԻԻՀ-ի հետ, որը ի դեպ անցնող քսան տարիների ընթացքում ոչ միայն որպես վստահելի գործընկեր է հանդես եկել Հայաստնի Հանրապետության և հայ ժողովրդի համար, այլև ճգնաժամային ու դժվարին պահերին, եթե ոչ ոչ բացահայտ, գոնե թաքուն կերպով կանգնած է եղել նրա կողքին:

Այսօր շնորհիվ ազատագրված տարածքների Հայաստան-ԻԻՀ պաշտոնական շուրջ 35 կիլոմտերանոց սահմանը աճել է շուրջ 200կմ երկարությամբ հայ-իրանական սահմանների ինչը նկատի առնելով ԻԻՀ-ի բարեկամական վերաբերմունքն ու դրական կողմնորոշումները ստանում է մեծ նշանակություն:

ԼՂ-ի մասին ԻԻՀ-ի դիրքորոշումների քննարկումը կարելի է իրականացնել երեք տարբեր բաժիններում՝

 

Ա. ԼՂ-ի մասին ԻԻՀ-ի պաշտոնական դիրքորոշումներ

Բ. ԼՂ-ի մասին ԻԻՀ-ի գիտահետազոտական կենտրոնների դիրքորոշումներ

Գ.ԼՂ-ի մասին ժողովրդի պարզ զանգվածների տեսակետներ

 

Ա. ԼՂ-ի մասին ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումներ

 

ԻԻՀ-ի պետական պաշտոնական դիրքորոշումները ընդհանրապես հայտարարվում են երկրի նախագահի և ԱԳ նախարարության միջոցով: Հիմք ընդունելով այդ արտահայտությունները կարելի է միանշանակ ընդգծել, որ անցնող ավելի քանի քսան տարիների ընթացքում ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումները ընդգծել են հակամարտությունը խաղաղ միջոցներով, առանց օտար ուժերի մասնակցության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա կարգավորելու անհրաժեշտությունը: Այսքանով թվում է, թե ԻԻՀ-ի դիրքորոշումները ոչնչով չեն տարբերվում ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացի կապակցությամբ տարբեր երկրների և միջազգային շրջանակների կողմից հնչեցված տեսակետներից ու դիրքորոշումներից: Այդուհանդերձ ԻԻՀ-ի պետական դիրքորոշումները կարելի է բաժանել  բացահայտ կերպով և պաշտոնական հայտարարություններով ներկայացվող քաղաքականության, ինչպես նաև գործնականում ցուցաբերվող կողմնորոշման:

ԻԻՀ-ի սամանադրության և համակարգի գաղափարախոսության հիման վրա իրավազրկված ու հատկապես մուսուլման ժողովուրդներին պաշտպանելը համարվում է ԻԻՀ-ի գլխավոր առաքելություններից մեկը: ԻԻՀ-ի համակարգի ղեկավարները բազմիցս բացահայտ կերպով հայտարարել ու ընդգծել են աշխարհի տարբեր կողմերում ի պաշտպանություն հատկապես մուսուլման ժողովուրդների իրենց դերակատարության մասին: Այդ պաշտպանությունն ու հովանավորությունը ԻԻՀ-ի ավելի քան 30-ամյա գոյության ամբողջ ընթացքում ցուցաբերվել է Պաղեստինի ժողովրդի հադեպ, 1990-ական թվականների Բալկաններում ծագած բախումներում ԻԻՀ-ն իր հովանավորությունն ու բացահայտ աջակցությունը ցուցաբերեց Բասնիա-Հերցեգովինայի մուսուլմաններին, իսկ այսօր միջազգային շրջանակններում բարձրացնում է Մյանմարի մուսուլմանների հարցը: Ի տարբերություն նման քաղաքականության ԻԻՀ-ն անցնող քսան տարիներում հակառակ իր ռազմավարական գաղափարախոսության ԼՂ-ի հակամարտության պարագային միանշանակ տարբեր կողմնորոշում է որդեգրել, որտեղ ի տարբերություն մյուս պարագաների իր գործնական քայլերով պաշտպանել է իր միակ քրիսնոտյա հարևանի շահերը: ԻԻՀ-ի հայամետ դիրքորոշումները չափազանց ակնհայտ են և դրանց համար գոյություն ունի գլխավոր մի պատճառ, որը ուղղակի առնչվում է Իրանի ազգային անվտանգությանը: Ի տարբերություն իրանա-ադրբեջանական սահմանների, որը անցնող 20 տարիների ընթացքում շարունակաբար տարբեր մակարդակի ընդհանրումների ականտես են եղել, հայ-իրանական սահմանները եղել են ապահով ու միանշանակ վստահելի:  Հատկապես Ալիևի նախագահության օրոք Ադրբեջանի հանրապետության վարած հակաիրանական ու բացահայտ արևմտամետ քաղաքականությունները, ինչպես նաև ԻԻՀ-ի ռազմավարական թշնամի՝ Իսրայելի հետ տնտեսական ու հատկապես ռազմական լայն համագործակցությունները միշտ էլ Իրանի իշխանությունների կողմից սպառնալիք են համարվել ուղղված այդ երկրի ազգային անվտանգությանը: Միևնույն ժամանակ ԻԻՀ-ի դեմ միջազգային հասարակայնության կողմից գործադրված ներկա շրջափակումների պայմաններում Հայաստանի սահմանը համարվում է դեպի դրսի աշխարհ Իրանի միակ վստահելի ու բաց պատուհանը, ինչը բացառիկ նշանակություն  է փոխանցում հայ-իրանական սահմաններին: Նման դիրքորոշոմամբ բնական է, որ տարածաշրջանում ու հատկապես ԼՂ-ում տիրող ներկա ստատուս-քվո, որի շնորհիվ կարճանալով իրանա-ադրբեջանական անվստահելի սահմանները, առավել ձգվել են հայ-իրանական ապահով սահմանները գերադասելի տարբերակը կարող է լինել ԻԻՀ-ի համար: Միևնույն ժամանակ Իրանը նկատի առնելով իր հյուսիս-արևմտյան նահանգներում բնակվող ազերիախոս տասնյակ միլիոնանոց ազգաբնակչությունը լուրջ վտանգ է զգում պանթուրքիստական շարժումներից, հետևաբար շնորհիվ ազատագրված տարածքների թրքախոս երկրների աշխարհագրական սահմանների միջև ընկած տարանջատումը մեծ նշանակություն ու կարևորություն ունի ԻԻՀ-ի համար:

Միևնույն ժամանակ հակառակ հատկապես տարածաշրջանային հակամարտությունների պարագային, որտեղ Իրանը միշտ իր գործոն ներկայությունն ու միջնորդական ջանքերին ուղղակի մասնակցության պահանջն է ներկայացրել, ԼՂ-ի հակամարտության պարագային Իրանի միջնորդական ուղղակի միակ ջանքը վերադառնում է 1992 թվականին տեղի ունեցած թեհրանյան եռակողմ հանդիպմանը, որից հետո Իրանը բացառապես սահմանափակվել  ու բավարարվել է մերթ ընդ մերթ հնչող պաշտոնական արտահայտություններով: Իրանը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի անարդյունավետությունը և դրան զուգահեռ փորձելով հնարավորինս հեռու մնալ ԼՂ-ի կարգավորման գործընթացին ուղղակի միջնորդական մասնակցություն ունենալուց, որը կարող է Իրանին կանգնեցնել բարեկամ Հայաստանի և մուսուլման՝ սակայն հակաիրանական մոտեցումներ ունեցող Ադրբեջանի միջև միջնորդություն կատարելու և հակառակ իր ազգային անվտանգության շահերի որոշումներ ընդունելու խիստ անցանկալի իրավիճակում, միշտ իր համար բաց է պահել անուղղակի ներազդեցությամբ պայմանները հօգուտ իր ազգային անվատնգության շահերի ձևավորելու ուղին:

ԼՂ-ի կարգավորման գործընթացի կապակցությամբ Իրանի ուշադրության կենտրոնում գտնվող և նրան մտահոգություն պատճառով կետերից մեկը ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար հիմք ընդունված մադրիդյան սկզբունքներն են: Հակառակ մադրիդյան սկզբունքների մասին հաճախ հնչեցվող հայտարարություններին, շատ քիչ մանրամասնություններ են հրապարակվել այդ սկզբունքների բովանդակության մասին, սակայն այն ինչ պարզ է այդ սկզբունքներից մեկը լինելու է ազատագրված տարածքներում հայկական ուժերի փոխարինումը միջազգային խաղաղարար ուժերով: Այս սկզբունքը իր էությամբ դեմ է ԻԻՀ-ի ազգային անվտանգությանը: ԻԻՀ-ն երբեք չի հանդուրժել և չի հանդուրժելու իր հարևանության մեջ միջազգային խաղաղարար ուժերի ներկայությունը: Այդ մասին բազմիցս հայտարարել են ԻԻՀ-ի իշխանությունները: Իրանը իր արևելյան ու արևմտյան սահմանների հարևանության մեջ՝ Աֆղանստանում ու Իրաքում, միջազգային ուժերի ներկայության փորձ ունի, սակայն ի տարբերություն ԼՂ-ի պարագային ԻԻՀ-ն այդ երկրներում ունի իր ներազդեցության ուղղակի միջոցները համարվող իրեն համակրող խմբեր ու հոսանքներ, որոնք ցանկացած ժամանակ հնարավորություն ունեն հակակշռել միջազգային ուժերի ԻԻՀ-ի համար անցանկալի քայլերը և միչևիսկ խափանել նրանց խաղարարարական գործողությունները: Նակտի առնելով, որ համաձայն ԻԻՀ-ի իշխանությունների կողմից կատարված բազմաթիվ հայտարարությունների Իրանի հարևան տարածքներում միջազգային խաղարարար ուժերի տեղակայումը համարվում է ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության կարմիր գիծը, հետևաբար կարելի է եզրակացնել, որ այդ կարմիր գծի հատումը միանշանակ դրականորեն չի ընկալվելու ԻԻՀ-ի իշխանությունների կողմից, որից ի դեպ ամենաշատը կարող են տուժել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: Մադրիդյան սկզբունքների այդ գլխի ներքո ԻԻՀ-ի համար միակ ընդունելի տարբերակը կարող է լինել միջազգային խաղարար ուժերի բացառապես իրանական կամ առավելագույնը իրանա-ռուսական կառույցը, ինչը բնակաբար չի ընդունվելու ոչ միայն Ադրբեջանի, այլև արևմտյան պետությունների կողմից:

 

Բ. ԼՂ-ի մասին ԻԻՀ-ի գիտահետազոտական կենտրոնների դիրքորոշումներ

 

Իրանի գիտահետազոտական կենտրոնների ու շրջանակաների գլխավոր մասը հետևում ու պաշտպանում է ԼՂ-ի հակամարտության մասին ԻԻՀ-ի պաշտոնական դիրքորոշումները, փորձելով ռազմավարական ուսումնասիրությունների միջոցով ընդգծել ԻԻՀ-ի պաշտոնական դիրքորոշումների իրավացիությունը: Այս ուղղությամբ կարելի է ներկայացնել մի քանի օրինակներ:

ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան և ռազմավարական հարցերի ավագ փորձագետ Մոհամմեդ Ֆարհադ Քոլեյնին ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումների և այդ հակամարտության՝  Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա թողած ազդեցության մասին ընդգծել է. «Իրանը երբեք Հայաստանի հետ հարաբերությունները չի կապել Ադրբեջանի հետ հարաբերություններին: Իրանը Հարավային Կովկասին դիտում է որպես հարավն ու հյուսիսը իրար միացնող կամրջի և հավատացած է, որ հյուսիսում գտնվող քրիստոնյա երկու երկրներ Հայաստանն ու Վրաստանը կարևոր դերակատարություն կարող են ունենալ Եվրոպայի հետ Իրանի գործակցություններում: Միևնույն ժամանակ Իրանը չի հանդուրժում իր սահմանների հարևանության  մեջ որևէ անհանդարտություն և անդրտարածաշրջանային ուժերի ներկայությունը զուրկ է համարում իրավական հիմնավորումից և թույլ չի տա, որպեսզի իր հարևանության  մեջ օտար ուժեր տեղակայվեն: Իրանը միշտ փորձել է որպես բարի աջակից Կովկասի կողքին լինել և շահադիտական հայացքներ չի ունեցել ԼՂ-ի ճգնաժամի կապակցությամբ»:[1]

Իրանցի քաղաքագետ Վալի Քուզեգար Քալջին անցած ամռանը հայ-ադրբեջանական սահմաններում ծագած լարվածություններից հետո Հայաստանին Իրանի ցուցաբերած ռազմական օժանդակությունների մասին հայտարարություններին անդրադառնալով գրում է. «Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի տարածքի մեկ մասը և ընդգծում է հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը: Սա ի տես այն բանի, որ Ադրբեջանը լինելով մուսուլման և շիա երկիր ԼՂ-ի հարցում առավել աջակցության ակնկալիք ունի Իրանից: Իրանի հավասարակշռված քաղաքականությունը և Հարավային Կովկասի մուսուլման ու քրիստոնյա երկրների հետ հավասար մակարդակի հարաբերությունները այն տպավորությունն են ստեղծել Ադրբեջանի իշխանությունների մոտ, որ իբր Իրանը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումները: Սակայն իրականությունն այն է, որ Հարավային Կովկասի հետ Իրանի խոր ու պատմական կապերը և աշխարհագրական հարևանությունը արգելք է հանդիսացել, որ Իրանը Պակիստանի նման դիրքորոշում ընդունի Հայաստանի հանդեպ և բացահայտ կերպով պաշտպանի հակամարտության կողմերից մեկը համարվող Ադրբեջանի դիրքերը»:[2]

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը իր 379-րդ ռազմավարական զեկույցում հղում կատարելով «Իրանի և Եվրասիայի հարցերի ուսումնասիրության հաստատության» կայքէջում մադրիդյան սկզբունքների մասին նվաստիս հրապարակած հոդվածին եզրակացրել է հակամարտության կողմերի հետ շփումների և հարաբերությունների պահպանումը կարող է հակակաշռել Իրանի ազգային շահերին հակասող որևէ հավանական սկզբունքի վավերացումը և այդ ուղղությամբ կարևորել է տարածաշրջանում խաղարար ուժերի ներկայությունն ու դրանց կառույցը ուշադրության կենտրոնում ունենալու անհրաժեշտությունը:[3]

 

Գ. ԼՂ-ի մասին ժողովրդի պարզ զանգվածների տեսակետներ

 

ԼՂ-ի մասին Իրանի ժողովրդի պարզ զանգվածների տեսակետը հետաքրքիր, տարաբնույթ ու երբեմն հասակասական լինելով ներառում է նաև կարևոր կետեր:

Իրանի պարզ, ոչ-քաղաքագիտական շրջանակներում ընդհանրապես գոյություն ունեն ԼՂ-ի հարցի մասին երեք՝ իրար հակասող գլխավոր դիրքորոշումներ:

Իրանում այսօր բնակվում են երկու տասնյակ միլիոնից ավելի ազերիներ, որոնք թեև իրենց համարում են իրանցիներ, սակայն այդուհանդերձ չի կարելի ժխտել նրանց մերթ ընդ մերթ երևան եկող ազգայնամոլական հակումները, որից ազդված նաև լինում են այնպիսի արտահայտություններ, որոնք միանշանակ դեմ են Իրանի ազգային շահերի հիման վրա ձևավորված պետական դիրքորոշումներին: Չպիտի մոռանալ, որ Արաքսից դեպի հարավ Իրանի ազերախոս նահանգներում բնակվող իրանցի ազերիները ազգականներ ունենալով և հաճախակի շփումների մեջ լինելով Արաքսի հյուսիսային ափում գտնվող Ադրբեջանի հետ չեն կարող ազդված չլինել Ադրբեջանում ծավալվող հակահայ և ատելություն սերմանող քարոզչություններից, որոնք բարեբախտաբար շնորհիվ ԻԻՀ-ի իշխանությունների վարած տրամաբանական ու խոհեմ քաղաքականության գործնական հողի վրա դրսևորման առիթ չեն գտնում այդ նահանգներում բնակվող իրանահայերի դեմ: Նման շրջանակներ, ԼՂ-ն Ադրբեջանի «Զավթված» Հողը համարելով տարբեր կայքէջերում ու բլոգներում հրապարակվող հոդվածներում փորձում են հայերին ներկայացնել, որպես ագրեսոր ժողովուրդ, որը գրավել է իրենց պապենական հողը համարվող ԼՂ-ն ու կոտորածի ենթարկելով հազարավոր ազերիների, տարհանել է միլիոնավոր մարդկանց: Նման արտահայտություններ երբեմն դուրս գալով ինտերնետի վիրտուալ միջավայրից արծարծվում են ուրբաթօրյա աղոթքի լսարանից, ԻԻՀ-ին իշխանություններին պարտադրելով շարունակաբար հիշեցնել, որ դրանք ԻԻՀ-ի պաշտոնական դիրքորոշումները չեն և Իրանի վարած պաշտոնական քաղաքականությունը հայտարարարվում է բացառապես ԻԻՀ նախագահի և ԱԳ նախարարության կողմից:[4]

Դրան զուգահեռ կարելի է ներկայացնել տիրող մի այլ տեսակետ, որը ի դեպ մեծ թվով պաշտպաններ ունի Իրանի վիրտուալ միջավայրում: Հիշյալ տեսակետի պաշտպանները ընդհանրապես հարցականի տակ տանելով Ադրբեջանի հանրապետության գոյությունը դա համարում են 19-րդ դարի սկզբին դավադրաբար Իրանից բաժանված տարածք, որի սահմանների մեջ է ներառվում նաև ԼՂ-ն:[5]

Նման երբեմն ծայրահեղական տեսակետների կողքին նաև կա տիրական այն տեսակետը, որ մի կողմ թողնելով պատմական իրադարձությունները պիտի հիմք ընդունել աշխարհաքաղաքական ներկա իրականությունները, որտեղ բնականաբար առաջնահերթություն պիտի տրվի Իրանի ազգային անվտանգության նկատառումներին, տարածքային ամբողջականության պահպանմանը և հարևան բոլոր պետությունների հետ բարի դրացիական հարաբերություններին: Նման կողմնորոշման շրջագծում բնականաբար ընդգծվում է ԼՂ-ի հակամարտությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ միջոցներով և փոխհամաձայնությամբ ու փոխադարձ զիջումներով կարգավորելու ԻԻՀ-ի պաշտոնական դիրքորոշումը:

 

Եզրակացություն

 

ԻԻՀ-ն Հայաստանի  բարեկամ երկիրն ու դեպի դրսի աշխարհ  Հայաստանի ամենավստահելի ելքն է համարվում: Դա են վկայում հատկապես վերջին տարիներում երկու երկրների միջև ծավալված քաղաքական, տնտեսական, մշակութային ու հասարակական կապերը, որոնք դեռևս առավել ընդլայնման մեծ ներուժ են ընդգրկում: Միևնույն ժամանակ Հայաստանը նաև նման նշաակություն ունի ԻԻՀ-ի համար: Իրանի դեմ գործադրված ծանր շրջափակումների պայմաններում Հայաստանի հետ ընդամենը 35 կիլոմետրանոց թեև փոքր սակայն ռազմավարական նշանակություն ունեցող սահմանը միշտ էլ եղել է ու շարունակում է մնալ Իրանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նկատի առնելով երկու հարևան երկրների դիմագրաված մարտահրավերները այսօր առավել քան երբևե զգացվում է երկու երկրի հարաբերությունների սերտացման ու ամրապնդման ռազմավարական նշանակությունը: Հետևաբար անհրաժեշտ է թվում ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ ծավալվող բանակցային գործընթացում և հատկապես մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակ առնվազն նկատի ունենալ այդ սկզբունքներից որոշների հանդեպ Իրանի զգայնությունները, ինչի անտեսումը կարող է բացասաբար ազդել հարևան երկու երկրի բարեկամանական հարաբերությունների վրա:

 

18-11-2012

Թեհրան

 

 


[1] http://iras.ir/vdcb5wb5.rhbsspiuur.html

[2] http://iras.ir/vdcfjxd0.w6dttagiiw.html

[3] http://www.csr.ir/Pdf/Content2390/379.pdf

[4] http://theanalyticon.com/?p=402

[5] http://www.iraneshomali.blogfa.com/post-251.aspx

Read 2789 times Last modified on Շաբաթ, 25 Հունվարի 2014 09:37

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.