ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ02162019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Ակնարկ Իրանի 11-րդ շրջանի նախագահական ընտրությունների և հավանական թեկնածուների դասավորումների մասին
Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 21:44

Ակնարկ Իրանի 11-րդ շրջանի նախագահական ընտրությունների և հավանական թեկնածուների դասավորումների մասին

Rate this item
(0 votes)

 

Հունիսի 14-ին Իրանում տեղի կունենան նախագահական 11-րդ շրջանի ընտրությունները: Նկատի չունենալով անցած 2012 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, սա 2009 թվականին տեղի ունեցած և հասարակական ծավալուն խռովությունների տեղի տված  ընտրություններւց հետո համարվում է առաջին խոշոր ընտրությունը:

Դրանից էլ բխում է հիշյալ ընտրությունների նշանակությունը, որն իր վրա է սևեռել համաշխարհային ուշադրությունը: Հատկապես այս օրերին երբ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված սուր հակամարտություն է ընթանում արևմուտքի և Իրանի միջև, ինչի պատճառով վերջինս միջազգային ծանր պատժամիջոցների է հանդիպել, Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները ինչ-որ տեղ կարող են որոշիչ դերակատարություն ունենալ Իրան-Վեցնյակ բանակցությունների հանգուցալուծման և հիշյալ պատժամիջոցների հնարավոր մեղմացման ուղղությամբ: Թեև որոշ ներքին շրջանակներ Իրանի միջուկային ծրագրի շուրջ եզրափակիչ որոշում ընդունելը իսլամական հեղափախության առաջնորդի լիազորություններից են համարում, սակայն չի կարելի  բացառել, որ կապված նախագահական ընտրությունների արդյունքներին հնարավոր է ինչ-որ փոփոխություններ նկատել այդ ուղղությամբ: Ի դեպ, պիտի հիշել, որ 1997 թվականին իր դեսպաններին Թեհրանից հետ կանչած Եվրոպան, Մոհամմեդ Խաթամու նախագահ ընտրվելով իր դռները բացեց Իրանի դիմաց և խոշոր տեղաշարժեր կատարվեցին Իրան-արևմուտք հարաբերություններում: Կարծես պատմությունը կրկնում է իրեն ու այսօր Իրանը հայտնվել է նույն պայմաններում:

Ելնելով նման եզրակացությունից Իրանի նախագահական ընըտրությունների համար գրանցված թեկնածուների անվանացանակի քննարկումը կարող է նպաստել կանխատեսումներ կատարելու ընտրությունների հետագա հավանական զարգացումների մասին:

Թեև թեկնածուների գրանցման փուլում Իրանի նախագահական ընտրությունների օրենքի ստեղծած դյուրությունների պատճառով պաշտոնական տվյալներով նախագահական ընտրությունների համար իր թեկնածությունն է գրանցել շուրջ 680 քաղաքացի, այդուհանդերձ նկատի առնելով Սահմանադրության Պահապան խորհրդի ֆիլտերը, որը պարտականություն ունի որոշել նախագահի պաշտոնը ստանձնելու համար թեկնածուների արժանավորությունը, նախագահական ընտրությունների պաշտոնական թեկնածուների անվանացանկում կարելի է տեսնել առավելագույնը 10-ից 15 թեկնածուների անուններ, որոցից ոչ բոլորին կարելի է նախագահի պաշտոնի պոտենցիալ հավակնորդ համարել:

Անկասկած այդ անվանացանկի ամենահայտնի ու կարկառուն դեմքը Իսլամական խորհրդարանի նախկին նախագահ, ԻԻՀ նախկին նախագահ,  Բանիմացների ժողովի նախկին նախագահ և ներկայումս Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է: 79-ամյա Ռաֆսանջանին ԻԻՀ-ի 34-ամյա պատմության ընթացքում իր թեկնածությունն է ներկայացրել 12 տարբեր ընտրություններում և ահա չորրորդ անգամվա համար պայքարի է դուրս եկել նախագահական ընտրությունների մրցասպարեզում: Նա 2005 թվականին նախագահի աթոռին թիկնելու համար պայքարի դուրս եկավ Մահմուդ Ահմեդինեժադի դեմ, սակայն ընտրությունները Իրանի պատմության մեջ առաջին անգամը լինելով երկրորդ փուլ անցնելով ավարտվեցին Ահմեդինեժադի հաղթանակով: Թեկնածուների գրանցման պաշտոնական ժամկետի վերջին պահերին ընտրությունների շտաբ մեկնած Ռաֆսանջանին ավելի վաղ հայտարարել էր, թե նախագահական ընտրություններին մասնակցելու է միայն այն պայմանով, որ առնվազն վսատահանա, թե երկրի առաջնորդը դեմ չէ իր թեկնածությանը: Իր մերձավորների վկայությամբ Ռաֆսանջանին համաձայնել է իր թեկնածությունը ներկայացնելու միայն այն բանից հետո, երբ վերջին պահին հեռախոսային կապ է հաստատել երկրի առաջնորդի գրասենյակի հետ: Թեև Ռաֆասնջանու ընդդիմադիր որոշ շրջանակներ ընդհանրապես հերքում են նման հեռախոսային կապի մասին տարածված լուրերը, այդուհանդերձ դժվար կարելի է ենթադրել, որ Ռաֆսանջանու նման ուշիմ ու փորձառու քաղաքական այրը առանց առաջնորդի հետ անհրաժեշտ համադրումների նման քայլի գնացած լինի: Թեև հունիսի 14-ի ընտրություններում Ռաֆսանջանին ներկայացնելու է բարեփոխական հոսանքը և ավելի վաղ նրա թեկնածությունը պաշտպանել է հիշյալ հոսանքի առաջնորդներից Մոհամմեդ Խաթամին՝ նրան համարելով միակ անձնավորությունը, որն իր փորձառությամբ կարող է Իրանին դուրս հանել ներկա փակուղային իրավիճակից, այդուհանդերձ չի բացառվում, որ նրա թիկունքում կանգնեն նաև երկրի պահպանողական՝ կամ ավանդական ֆունդամենտալիստներից որոշները: Հիշյալ ընտրություններում Ռաֆսանջանին դժվար ուղի ունի իր առջևում: Նրա թեկնածության մասին տարբեր տեսակետներ են ներկայացվել: Ծայրահեղական բարեփոխականներ նկատի առնելով 8-ամյա նախագահության շրջանում Ռաֆսանջանու գործունեությունը նրան բարեփոխական հոսանքի լիարժեք թեկնածու չեն համարում: Հիշյալ բարեփոխականները, որ ավելի վաղ ընտրությունները բոյկոտելու պահանջ էին ներկայացրել Ռաֆսանջանու ներկայությունը իշխանության կողմից ծրագրավորված խաղ են համարում, որը միտում է նրա հեղինակությունից օգտվելով և ժողովրդի մասսաներին հրապարակ հանելով տոկոսային բարձր մասնակցությամբ ընտրություններ կազմակերպել: Մյուս ճակատում՝ ներկայումս երկրի իշխանության գլխավոր կառույցների ղեկը վարող ֆունդամենտալիստները հիշեցնելով 2009 թվականի հետընտրական զարգացումներում նրա մերձավորների դերակատարությունն ու նաև նրա գերդաստանի նյութական չարաշահումների շուրջ գոյություն ունեցող շշուկներն ու ամբաստանությունները ամենախիստ քննադատություններով են հանդես գալիս նրա հասցեին:

Թեև գրանցված թեկնածուների մեջ աչքի են ընկնում մի շարք բարեփոխական գործիչների անուններ, ինչպիսիք են Խաթամու նախագահության շրջանում նրա առաջին տեղակալ Արեֆը կամ Ազգային անվտագության գերագույն խորհրդի նախկին քարտուղար՝ Ռոհանու անունները, սակայն նրանցից ոչ մեկը չունեն ընտրող զանգվածներին քվեատուփերի մոտ բերող ներուժը, որի խիստ կարիքն ունեն թե բարեփոխականները՝ կրկին իշխանության ասպարեզ վերադառալու համար և թե ֆունդամենտալիստները՝ աշխուժ ընտրություններ կազմակերպելու համար: Չնայած այս օրերին հնչեցվող բոլոր քննադատություններին ու նաև տարիքի հետ կապված խնդիրներին, դժվար կարելի է պատկերացնել, թե Պահապան խորհուրդը իր ամբողջ խստապահանջությամբ հանդերձ, պատրաստ կլինի մերժել երկրի առաջնորդի հրամանագրով Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահությունը վարող Ռաֆսանջանու թեկնածությունը:

Նախագահական ընտրությունների երկրորդ ուշագրավ թեկնածուն գործող նախագահ Մահմուդ Ահմեդնեժադի մերձավորներից համարվող Էսֆանդյար Ռահիմ Մաշային է, որը հակառակ իր թեկնածության մասին արդեն վաղուց շրջանառվող խոսակցություններին գրանցման համար ընտրությունների շտաբ ներկայացավ վերջին պահին՝ գրեթե Հաշեմի Ռաֆսանջանու հետ միաժամանակ: Եթե Ռաֆսանջանու դեմ քննադատությունների ու ամբաստանությունների ալիքը առավել թափ ստացավ վերջին ամիսներին նրա հավանական թեկնածության լուրը տարածվելուց հետո, Ռահիմ Մաշայու դեմ հարձակումներն ու ամբաստանությունները սկսվել են սրանից 4 տարի առաջ՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որի արդյունքում Ահմեդինեժադը երկրի առաջնորդի ուղղակի հանձնարարությամբ պարտավորվեց հրաժարվել նրան իր իր առաջին տեղակալի պաշտոնին նշանակելուց: Վերջին տարիներին՝ մինչև Չմիավորման շարժման քարտուղարության պատասխանատու նշանակվելը, Ռահիմ Մաշային վարել է նախագահի գրասենյակի պատասխանատուի պաշտոնը և միշտ էլ տարբեր շրջանակների կողմից ներկայացվել է, որպես հաջորդ նախագահական ընտրություններում Ահմեդինեժադի պաշտպանած թեկնածուն: Նրա հանդեպ ԻԻՀ գործող նախագահի ցուցաբերած հովանավորությունը իր գագաթնակետին հասավ այն պահին, երբ գրեթե ԻԻՀ պատմության մեջ նախընթաց չունեցող քայլի դիմելով ընտրությունների շտաբում գրանցվելու ժամանակ ընկերակցեց Ռահիմ Մաշայուն՝ տեղի տալով սուր քննադատությունների, ընդհուպ մինչև այն աստիճան, որ Իսլամական խորհրդարանի որոշ պատգամավորներ այդ քայլի համար պահանջեցին օրակարգում ներառել նրա քաղաքական արժանավորության հարցը, իսկ Պահապան խորհրդի խոսնակը նրա այդ քայլը հակասահմանադրական համարելով հայտարարեց, որ այդ կապակցությամբ կարող է դատական գործ հարուցվել: Փրկչի գալստյան, ինչպես նաև իրանական ու իսլամական գաղափարների հավասարեցման ու մեկտեղման կապակցությամբ սկանդալային արտահայտությունների պատճառով ավանդական ֆունդամենտալիստների կողմից «Շեղված շրջանակ»-ի պարագլուխ նեկայացվող Ռահիմ Մաշայու արժանավորությունը դժվար թե հաստատվի Պահապան խորհրդի կողմից: Նույն հանգամանքից ելնելով հարց է ծագում, թե Ահմեդինեժադի նման ուշիմ քաղաքական այրը տեղյակ լինելով Ռահիմ Մաշայու դեմ գոյություն ունեցող նման մթնոլորտի և նրա արժանավորությունը չհաստատվելու մեծ հավանականության մասին, ինչո՞ւ է իր ամբողջ կապիտալը ներդրել նրա թեկնածության վրա: Հարցի պատասխանը կարելի է գտնել գրանցման ժամանակ Ռահիմ Մաշաուն ընկերակցելու, ինչպես նաև վերջերս շրջանառված մի շարք լուրերի մեջ, ըստ որոնց Ահմեդինեժադն իր ձեռքում ունի մի շարք խաղաքարտեր, որոնց պատրաստ է օգտագործել Ռահիմ Մաշայու արժանավորությունը մերժվելու դեպքում: Թեկնածության գրանցման ժամանակ Ռահիմ Մաշաուն ընկերակցելով նա այն պարզ մեսիջն ուղղեց իր ընդդիմադիրներին, թե Մաշայու թեկնածությունը մերժվելու դեպքում պատրաստ է մինչև վերջ կանգնել նրա թիկունքին: Ըստ շրջանառվող որոշ լուրերի նա իր տրամադրության տակ ունի համակարգի մի շարք կարևոր անձանց հետ կապված փաստաթղթեր, որոնց կարող է որպես հաղթաթուղթ օգտագործել: Չի բացառվում նաև այն պարագան, որ նա որպես ընտրությունների գործադիր մարմին հրաժարվի ընտրությունները կազմակերպելուց կամ հրաժարական ներկայացելով խոչընդոտի ընտրությունների կազմակերպման բնականոն ընթացքը: Իհարկե Ռահիմ Մաշայու թեկնածությունը ամեն գնով վավերացնելու համար Ահմեդինեժադի առջև բաց է մնում երկրի առաջնորդի իշխանական հրամանագրի լուծումը, որն իր նախադեպն է ունեցել 2005 թվականի ընտրություններում, երբ մերժվեց բարեփոխական թեկնածուների արժանավորությունը:

Մաշաու թեկնածությունը հաստատվելու դեպքում նա իր թիկունքում ունենալով պետական հզոր ռեսուրսների աջակցությունը կարող է  լուրջ մրցակից համարվել Ռաֆսանջանու համար: Ոմանք այն համոզմունքն են հայտնել, թե վերջին պահին հիշյալ երկու թեկնածուների արձանագրության զուգադիպությունը պատահական չի եղել և նպատակ է ունեցել ընդդիմադիր ֆունդամենտալիստներին այն մեսիջն ուղարկել, թե գալիք ընտրություններում պայքարը ընթանալու է այդ երկու թեկնածուների միջև: Նա գործող նախագահի մերձավորներից լինելով հանդերձ միևնույն ժամանակ եղավ եզակի գործիչներից մեկը, որը 2009 թվականի հետընտրական զարգացումներից և անհանդարտություններից  հետո խուսափեց ընտրությունների արդյունքները բողոքարկողների հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելուց ու նրանց դավադիր անվանելուց:

Հակառակ բարեփոխականների և կառավարության պաշտպանած հոսանքների ճակատում ներկա պայմաններում տիրող հստակեցումներին, այդ երկու հոսանքներին հակադրվող ֆունդամենտալիստական ճակատը մատնված է պառակտման: Մինչև թեկնածուների գրանցման փուլի մեկնարկը հիշյալ հոսանքում ձևավորվել են արդեն մի քանի ճակատներ: Մոհսեն Ռեզայու նման անկախ նախաձեռնությամբ հանդես եկած թեկնածուների կողքին պաշտոնապես իրենց գոյությունն են հայտարարել առնվազն երեք ճակատներ, որոնք են «2+1» կոալիցիան, «Հինգ հոգանոց» կոալիցիան և «Դիմադրության ճակատը»: ԱԳ նախկին նախարար և երկրի առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթուց, Թեհրանի քաղաքապետ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆից և Իսլամական խորհրդարանի պատգամավոր և նախկին նախագահ Ղոլամալի Հադադ Ադելից բաղկացած «2+1» կոալիցիան հայտարարել է, թե կապված սոցհարցումների արդյունքներին պաշտպանելու է իր անդամներից մեկի թեկնածությունը: Թեև հիշյալ սոցհարցումների նախնական տվյալներով Ղալիբաֆը վեր է կանգնած եղել մյուս երկու թեկնածուներից, սակայն նկատի առնելով այն կետը, որ Ռաֆսանջանու թեկնածությունը հայտարարվելուց հետո նրա համակիրների բանակում գտնվող տեխնոկրատ գործիչները համալրելու են Ռաֆսանջանու համակիրների շարքերը, ինչպես նաև Հադադ Ադելի համակրելիության ցածր տոկոսը թվում է, թե հիշյալ կոալիցիայից թեկնածու դառնալու ավելի մեծ շանսեր կարող է ունենալ Վելայաթին: Ի տարբերություն հիշյալ կոալիցիայի Իսլամական խորհդարանի երկու փոխխոսնակներ Բահոնարից և Աբութորաբի Ֆարդից, Ահմեդինեժադի կառավարության նախկին ԱԳ նախարար Մոթթաքուց և ՆԳ նախարար Փուրմոհամմեդուց և շուկայի ավանդական խավը ներկայացնող Ալե Էսհաղից բաղկացած մյուս կոալիցիան չունի նախագահական աթոռին հավակնելու ներուժով օժտված թեկնածու, որի պատճառով էլ արդեն իսկ ներքին մրցակցությունները պառակտման սեմին են կանգնեցրել հիշյալ կոալիցիային: Ժամանակին Մահմուդ Ահմեդինեժադին պաշտպանող, իսկ այսօր նրան ընդդիմացողների ճակատում հայտնված և Այաթոլլահ Մեսբահ Յազդու գաղափարներից սերող «Դիմադրության ճակատ»-ը հանդես է եկել իր սեփական թեկնածուով՝ հանձինս առողջապահության նախկին նախարար Քամրան Բաղերի Լանքարանու: Նկատի առնելով նախագահի համար Սահամանադրությամբ հիշված հատկանիշներից՝ թեկնածուի «Քաղաքական այր» լինելու անհրաժեշտությունը, արդեն իսկ շշուկներ են տարածվել նույն հատկանիշի բացակայության պատճառով Լանքարանու արժանավորությունը Պահապան խորհրդի կողմից մերժվելու կապակցությամբ:
Թեկնածուների գրանցման պաշտոնական վերջին պահերը Ռաֆսանջանու և Մաշաու արձանագրությունից հետո ուշագրավ դարձան նաև մեկ այլ նորահայտ թեկնածուի գրանցմամբ: Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և միջուկային հարցերով Իրանի ավագ բանագնաց Սաիդ Ջալիլին վերջին պահերին իր թեկնածությունը ներկայացնելով հիմնական փոփոխություններ մտցրեց ֆունդամենտալիստների ճակատում: Վերջին պահին նրա ներկայությունը ներքաղաքական շրջանակներ պայմանավորում են Ռաֆսանջանու և Մաշաու թեկնածության հստակեցմամբ: Ֆունդամենտալիստներին մոտիկ կանգնած շրջանակներ հավատացած են, որ «Դիմադրության ճակատ»-ի թեհրանյան ճյուղի պաշտպանությունը վայելող Սաիդ Ջալիլին այն դեմքն է, որ կարող է ֆունդամենտալիստական ճակատի շարքերում միասնականություն առաջացնելով նրանց փրկել գալիք ընտրություններում կանխատեսելի պարտությունից: Ըստ ոմանց ԱԳ նախարարության և երկրի առաջնորդի գրասենյակում պատասխանատու պաշտոններ վարած և վերջին տարիներում Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում, որպես միջուկային հարցերում Իրանի ավագ բանագնաց արևմուտքի հետ կարևոր բանակցությունների մասնակցած Սաիդ Ջալիլին կարող է ստանձնել այն թեկնածուի դերը, որը 2005 թվականի նախագահական ընտրություններում կատարեց այդ օրերին գրեթե անծանոթ գործիչ համարվող Մահմուդ Ահմեդինեժադը՝ երկրորդ փուլում պարտության մատնելով Հաշեմի Ռաֆսանջանուն: Սաիդ Ջալիլին արևմուտքի հետ բանակցություններում իր անդրդվելի կեցվածքով և դրան զուգահեռ համեստ կենցաղով երկրի առաջնորդի վստահությունը վայելող անձանցից մեկն է, ինչը կարող է հարթել նրան դեպի նախագահի պաշտոնն առաջնորդող ճանապարհը և երաշխավորել Պահապան խորհրդի պատնեշի շրջանցումը: Թեև որոշ ֆունդամենտալիստ թեկնածուներ Ջալիլու գրանցումից հետո հօգուտ նրան մրցասպարեզից հեռանալու պատրաստակամություն են հայտնել, այդուհանդերձ ֆունդամենտալիստական այլ շրջանակներ հակառակ միջազգային դաշտում ունեցած փորձին նրա գլխավոր թերություններից են համարում տնտեսական հստակ ծրագրի բացակայությունը, ինչը այօր թթվածնի նշանակություն ունի պատժամիջոցներից տուժած Իրանի տնտեսության վերականգնման համար:

Նկատի առնելով հավանական թեկնածուների անվանացանկը և նրանցից յուրաքանչյուրի թիկունքի կանգնած ընտրազանգվածի տոկոսային հարաբերությունները կարելի է հետևյալ կանխատեսումները կատարել Իրանի նախագահական ընտրությունների դաշտում ձևավորվելիք հետագա զարգացումների մասին.

 

Ա. Եռաբևեռ ընտրություններ

Այս ձևաչափում կարող են միմյանց դեմ պայքարի դուրս գալ Ռաֆսանջանին, Մաշային և Ջալիլին: Նկատի առնելով, որ հիշյալ ձևաչափում ֆունդամենտալիստների ձայները բաժանվում են Մաշայու և Ջալիլու միջև հետևաբար մեծանում է Ռաֆսնջանու հաղթանակի հնարավորությունը: Հիշյալ ձևաչափի բևեռներից որևէ մեկում ցանկացած փոփոխություն ընտրությունները վերածելու է երկբևեռ ձևաչափի:

 

Բ. Երկբևեռ ընտրություններ

Նման ձևաչափում կանխատեսելի են մի քանի տարբերակներ:

 

ա) Ռաֆսանջանի-Մաշայի

Եթե ֆունդամենտալիստներին չհաջովի միավորվել միացյալ թեկնածուի շուրջ նրանք կորցնելու են մյուս երկու թեկնածուների հետ մրցակցելու ուժը, ինչը ընտրությունները մղելու է դեպի երկբևեռ ձևաչափ: Նման դեպքում կառավարության, ինչպես նաև Ռաֆսանջանու ընդդիմադիր ֆունդամենտալիստների բոլոր ռեսուրսները կկենտրոնան Մաշայու թիկունքին, իսկ բարեփոխականներն ու Ռաֆսանջանուն համակրող, ինչպես նաև Ահմեդինեժադի գաղափարներին հակառակ ֆունդամենտալիստները ամբողջ ուժով հանդես են գալու ի պաշտպանություն Ռաֆսանջանու, ինչը խոստանում է թեժ պայքարի օրեր երկու հոսանքները ներկայացնող ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների, ինչպես նաև համակիր խավերի միջև:

 

բ) Ռաֆսանջանի-Ջալիլի

Հիշյալ ձևաչափը պայմանավորված է մի քանի «Եթե»-ներով: Եթե մերժվի կառավարության հովանավորությունը վայելող Մաշայու թեկնածությունը, եթե Ահմեդինեժադին չհաջովի ինչ-որ կերպով հաստատել տալ նրա թեկնածությունը, եթե կառավարությունը չունենա նրան փոխարինող այլ թեկնածու ու եթե ի տես այդ ամբողջին Ահմեդինեժադը հակառակ իր անկանխատեսելի բնավորության համաձայնի առանց ճգնաժամեր հարուցելու կազմակերպել ընտրությունները, ահա հնարավոր կլինի քննարկել Ռաֆսանջանի-Ջալիլի երկբևեռ ընտրությունը: Այս տարբերակը թերևս ամենացանկալին կարող է համարվել ֆունդամենտալիստների համար: Նման դեպքում ֆունդամենտալիստների շարքերը առավել միավորված կլինեն ու կառավարության ռեսուրսների գլխավոր մասը կուղղվեն Ջալիլու կողմը: Ռաֆսանջանու թիկունքին կանգնած բարեփոխականները այս դեպքում քիչ շանս կարող են ունենալ հաղթանակի համար: Նման ձևաչափը մեկ անգամ 2005 թվականի ընտրություններում Ռաֆսանջանի-Ահմեդինեժադ երկբևեռ ընտրություններում տվել է իր արդյունքը հօգուտ ֆունդամենտալիստների, իհարկե այն տարբերությամբ, որ այս անգամ ընտրություններում կրած պարտությունը կլինի Ռաֆսանջանու քաղաքական կարիերայի վախճանը, ինչը մեծ ուրախություն ու գոհունակություն կպատճառի նրա ավանդական քննադատներին ու ընդդիմադիներին:

 

գ) Ջալիլի-Մաշայի

Նման ձևաչափ կարող է առաջանալ երկու դեպքում: Կամ մերժվի Ռաֆսանջանու արժանավորությունը թեկնածու դառնալու համար, ինչը քիչ հավանական է թվում և կամ ինչ-ինչ պատճառներով նա ընտրությունների որևէ փուլում հրաժարվի թեկնածությունից: Այս ուղղությամբ պիտի հիշեցնել, որ Ռաֆսանջանու թեկնածությունը հստակեցվելուց հետո նաև այն տեսակետն է տարածվել, որ նա բարեփոխական հոսանքի վերջնական թեկնածուն չէ: Այդ տեսակետի պաշտպանները համոզված են, որ նկատի առնելով վերջին չորս տարիներում Ռաֆսանջանու դեմ  ուղղված սուր քննադատություններն ու տիրող մթնոլորտը դժվարությամբ կարելի է պատկերացնել, թե նրան կարող է վստահվել նախագհի պաշտոնը: Համաձայն այս տեսակետի բարեփոխականները զրկված լինելով քարոզչական բավարար միջոցներից Ռաֆսնջանուն միջոց են ծառայեցնում բարեփոխական խավերի մոտ ակտիվություն առաջացնելու համար, իսկ նա վերջին փուլում կարող է իր թեկնածությունը հանել հօգուտ մեկ այլ բարեփոխական թեկնածուի՝ հանձինս Արեֆի կամ Ռոհանու, որոնց հանդեպ այնքան էլ սուր քննադատություններ չեն հնչում: Այնունամենայնիվ որևէ պատճառով Ռաֆսանջանու բացակայությունը թեկնածուների շարքերից խորը պառակտում է առաջացնելու բարեփոխականների շարքերում և անխուսափելի է դարձնելու նրանց պարտությունը: Ջալիլի-Մաշայի ձևաչափում որոշ բարեփոխականներ միանալու են Մաշաու պաշտպանների շարքերին՝ ինչը պայմանավորված է նրա պահվածքով, մտավորական ու արվեստագետ խավերի հետ շփումներով և բարեփոխականների դեմ ծավալված պայքարին մասնակից չդառնալով: Այդուհանդերձ մեծ է լինելու Ջալիլու հաղթանակի շանսը, որի թիկունքին են կանգնելու գրեթե բոլոր ֆունդամենտալիստները:

 

Գ) Բազմաբևեռ ընտրություններ

Ինչքան էլ, որ անհավանական թվա, սակայն որպես գոյություն ունեցող հավանական տարբերակներից մեկը կարելի է նկատի ունենալ բազմաբևեռ ընտրությունների ձևաչափը: Ինչ-որ պատճառներով մրցասպարեզից Ռաֆսանջանու կամ Մաշաու հեռանալու պարագային ընտրապայքարը գնալու է ֆունդամենտալիստների դաշտում: Նման դեպքում հիշյալ հոսանքի տարբեր ճյուղավորումները հանդես կգան իրենց սեփական թեկնածուներով և բարեփոխականների ձայների բացակայության պատճառով ոչ-մրցակցային, սառը և ժողովրդի տոկոսային նվազ մասնակցությամբ կազմակերպված ընտրություններում գրեթե անվիճելի է դառալու Սաիդ Ջալիլու հաղթանակը: Թեև այս տարբերակը իր կանխատեսելի արդյունքների պատճառով ամենաիդեալը կարող է լինել ֆունդամենտալիստների համար, սակայն ներկա պայմաններում, երբ միջազգային ուշադրությունը սևեռված է Իրանի նախագահական ընտրությունների վրա, հետևաբար ոչ միայն Իրանի հաջորդ նախագահի այլ ողջ ԻԻՀ համակարգի համար անհրաժեշտ է լինելու աշխուժ, մրցակցային, բոլոր հոսանքների մասնակցությամբ և ժողովրդի ակտիվ մասնակցությամբ կազմակերպված ընտրությունները:

Անկասկած օրինական ժամկետի ավարտին Պահապան խորհրդի կողմից թեկնածուների վերջնական անվանացանկի հրապարակումից և ընտրարշավը սկսվելուց հետո առավել հստակեցումներ կարելի է անել Իրանի 11-րդ նախագահական ընտրությունների խաղադաշտում ներկա թեկնածուների հնարավորությունների մասին:  

Read 1634 times Last modified on Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 21:49

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.