ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Ակնարկ ԶԼՄ-ների ոլորտում Իրան-Հայաստան հարաբերություններին և գոյություն ունեցող բացերին
Շաբաթ, 23 Հունիսի 2012 14:26

Ակնարկ ԶԼՄ-ների ոլորտում Իրան-Հայաստան հարաբերություններին և գոյություն ունեցող բացերին

Rate this item
(0 votes)

Քսան տարիներ են անցնում Իրան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից: Վերջին քսան տարիներում երկու երկրի հարաբերությունները հեռու մնալով հարևան երկրների հարաբերություններում բնական համարվող վայրիվերումներից գրեթե սերտաճ ընթացք են ունեցել ու շատ բնագավառներում երկկողմ հարաբերությունների խորացման ու ընդլայնման ականատես ենք եղել:

Այդուհանդերձ չի կարելի հավակնել, թե հարաբերությունների ու համագործակցությունների զարգացումը բոլոր բնագավառներում նույն տեմպերով ու ծավալներով է իրականացվել: Չնայած քաղաքական հողի վրա երկու երկրի չափազանց ջերմ ու մտերիմ հարաբերություններին, որը ռազմավարական նշանակություն է ստացել թե՛ երկկողմ համագործակցությունների և թե՛ միջազգային շրջանակներում ներդաշնակ դիրքորոշումների ընդունման տեսքով, շատ փորձագետների համոզմամբ Իրան-Հայաստան առևտրա-տնտեսական համագործակցություններն ու փոխանակումներն ունեն չօգտագործված ներուժ, որը գործնական դաշտ դուրս գալու հնարավորություն ունի: Երկու երկրի միջև համագործակցությունների մյուս ոլորտներից կարելի է նշել մշակութային, գիտական ու կրթական քիչ թե շատ ընդլայնված համագործակցությունները, որոնք թեև դեռ ակնկալված ծավալներին չեն հասել, սակայն նկատի առնելով ստորագրված համաձայնագրերն ու գոյություն ունեցող իրավական դաշտը կարելի է հույսեր կապել դրանց խորացմանը: Այս ուղղությամբ ԶԼՄ-ն այն ոլորտն է, որը ոչ միայն անտեսվել է այլ մինչև իսկ դրա զարգացման ու ընդլայնման համար իրավական նպաստավոր դաշտ չի ստեղծվել:

Այսօր հնարավոր չէ անտեսել քաղաքական, հաարակական, մշակութային ու գիտական տարբեր բնագավառներում ԶԼՄ-ների (լսողական, տեսողական կամ գրավոր) դերակատարությունն ու ազդեցությունը: Հենց այնպես որ երկու երկրի ԶԼՄ-ների միջև համագործակցությունը կարող է հարաբերությունների ընդլայնման և առևտրական ներդրումների համար վստահության միջավայրի ստեղծման պատճառ դառնալ, դրա բացակայությունը նույնպես կարող է հակառակ արդյունք ունենալ և հանգեցնել երկու երկրի միջև համագործակցությունների և հարաբերությունների զարգացման տեմպերի դանդաղեցման:

Թռուցիկ հայացք նետելով ԶԼՄ-ների ոլորտում Իրան-Հայաստան հարաբերություններին ու համագործակցություններին կարելի է ամենայն համարձակությամբ հավակնել, թե այդ ուղղությամբ որևէ գործնական ու օբեյկտիվ քայլ չի վերցվել: Երկու երկրի միջև ԶԼՄ-ների համագործակցությունների կապակցությամբ միակ համաձայնագիրը 2007 թվականին ստորագրվել է Երևանում ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրեն Էզաթոլլահ Զարղամու և ՀՀ Հանրային ռադիո-հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի միջոցով: Թեև ռադիո-հեռուստատեսային հաղորդումների փոխանակումն ու ներկայացուցչությունների հիմնումը այդ համաձայնագրի կետերից են, սակայն այդ ուղղությամբ վերցված միակ գործնական քայլը եղել է ԻԻՀ Ռադիո-հեռուստատեության Լուրերի կենտրոնական ծառայության թղթակցի գործուղումը Երևան: ԶԼՄ-ների բնագավառի հանդեպ ցուցաբերված անուշադրության և թերության արդյունքը իրականությանը չհամապատասխանող հաղորդումներն ու հոդվածներն են, որոնք հաճախ հրապարակվում են երկու երկրի ԶԼՄ-ներում: Հենց այնպես որ Հայաստանը՝ զբոսաշրջային ու պատմական գրավչություններից զուրկ լինելու մասին իրանական որոշ օրաթերթերի ու ԶԼՄ-ների հրապարակումները զավեշտի են նմանում, իրանցի զբոսաշրջիկների մասին հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի պատրաստած հաղորդումը նույնպես կարելի է անարդար համարել: Ինչպես կարելի է բացատրել այն երևույթը, որ Իրան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից քսան տարի անց իրանական ԶԼՄ-ներն ու լրատվական գործակալությունները իրենց լրատվական առաքելությունը կատարելու և Հայաստանի ներքին զարգացումները մեկնաբանելու համար պարտավոր են վկայակոչել տարածաշրջանի այլ երկրների ԶԼՄ-ներին ու մինչև իսկ ադրբեջանական «Թրենդ»-ին ու միևնույն ժամանակ Հայաստանի ԶԼՄ-ներն իրենց լրատվական ծարավը պարտավոր են հագեցնել արևմտյան ԶԼՄ-ների ու հեռուստակայանների հաղորդումների միջոցով, որոնց դիրքորոշումները իրանական զարգացումների ու իրականությունների մասին արդեն պարզ են բոլորի համար:

Իրան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից քսան տարի անց հայկական որևէ ԶԼՄ կամ հեռուստաընկերություն պաշտոնական գրասենյակ չունի Իրանում, իսկ Հայաստանում գտնվող միակ իրանցի լրագրողը ինչպես արդեն նշվեց ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության Լուրերի կենտրոնական ծառայության թղթակիցն է, որի միջոցով կատարվող լրատվությունը ոչ-հաճախակի լինելու և լուրերը ուշ առաքվելու պատճառով այսօր շատ քիչ պարագաներում է հիշյալ գործակալությանը վկայակոչելով Հայաստանի մասին լրատվություն կատարվում իրանական ԶԼՄ-ներում:

Այս բացը լրացնելու համար մի շարք իրանահայերի կողմից հիմնադրված ինտերնետային կայքէջերը, չնայած գործադրված մեծ ջանքերին, ոչ-արհեստավարժ մոտեցման ու նաև ժամանակին չթարմացվելու պատճառով չեն կարողանում բավարարություն տալ գոյություն ունեցող պահանջներին:

Նկատի առնելով ընդգծված կետերը, ինչպես նաև երկու հարևան ու բարեկամ երկրների միջև ԶԼՄ-ների համագործակցությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, երկկողմ համաձայնագրերի ստորագրմանն ու նաև գոյություն ունեցող պայմանագրերի գործադրման ճամփին առկա արգելքների վերացմանն ուղղված ջանքերին զուգահեռ, համագործակցությունների զարգացմանը թափ հաղորդելու համար հնարավոր է վերցնել մի շարք գործնական քայլեր, որոնցից կարող են լինեն.

  1. Իրանում և Հայաստանում հիմնել երկու երկրի լրատվական գործակալությունների ու հեռուստաընկերությունների պաշտոնական գրասենյակներ, ( Օրինակ Թեհրանում հիմնել «Արմենպրես»-ի և Հայաստանի հանրային հեռուստատեսության, իսկ Երևանում՝ ԻՌՆԱ-ի և ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության ներկայացուցչական գրասենյակներ)
  2. Ստեղծել հայերեն ու պարսկերեն լեզուներով ինտերնետային լրատվական կայք, որը պիտի մեկնաբանի երկու երկրի ընթացիկ զարգացումները և նպաստավոր հող պատրաստի երկու երկրի առևտրական, հասարակական, մշակութային, գիտական ու ԶԼՄ-ների շրջանակների ծանոթացման համար,
  3. Հայաստանի պաշտոնական լրատվական գործակալությունների կայքէջերում պարսկերեն, իսկ Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունների կայքէջերում՝ հայերեն բաժինների ստեղծումը, որը պիտի նպաստի երկու երկրի դիրքորոշումների և իրադարձությունների ճիշտ արտացոլմանը,
  4. Երկու երկրի ԶԼՄ-ների բնագավառի գործիչների ու լրագրողների մասնակցությամբ համաժողովների ու երկխոսությունների կազմակերպումը, ինչպես նաև փոխայցելություններն ու շփումները

Պարզ է, որ այս բնագավառի հանդեպ լուրջ մոտեցումն ու վաղեմի կապերի ամրապնդման ուղղությամբ գործնական ու դրական քայլեր ձեռնարկելը կարող է սատարել ներդրումների համար վստահության միջավայրի ստեղծմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը՝ խթանելով տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունների ընդլայնումը:

Read 2696 times Last modified on Շաբաթ, 07 Հուլիսի 2012 07:13

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.