ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք09192018

Last update03:42:55 AM

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացելով ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման փակագծերը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի Հալեպ քաղաքում իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ այս առաքելությունն իրականացվելու է Ռուսաստանի հետ համատեղ։
Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է Հայաստանի մասնակցությամբ այլ երկրներում իրականացվող նույնպիսի առաքելություններին:
ՀՀ վարչապետի հայտարարությունը պարունակում է երկու կարևոր կետ, որոնք խորհելու տեղիք են տալիս: 
Նախ պիտի արձանագրել, որ Սիրիայում ճգնաժամ ծագելուց ու հատկապես հայաշատ Հալեպ քաղաքը բախումների կիզակետում հայտնվելուց հետո Հայաստանի կառավարությունը տարբեր ձևաչափերով հումանիտար օժանդակություններ է ցուցաբերել ոչ միայն Հալեպի հայությանն, այլև ողջ Սիրիայի ժողովրդին: Նույն շրջագծում և ռուսական կողմի համագործակցությամբ օժանդակությունների բազմաթիվ բեռնվածքներ են առաքվել Սիրիա ու դա իրականացնելու համար որևէ ժամանակ երկրների ղեկավարների մակարդակով պայմանավորվածության կարիք չի զգացվել: Իսկ եթե այսօր նման առաքելության շուրջ երկրների ղեկավարների մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվում ու այդ մասին հայտարարվում է բարձրաձայն կարելի է ենթադրել, որ դա հետապնդում է որոշակի նպատակ, ինչը սահմանափակված չի կարող մնալ սոսկ հումանիտար ոլորտներով: 
Երկրորդ կետը վերաբերում է Հայաստանի իրականացրած խաղաղապահ մյուս առաքելություններին: Պիտի հիշեցնել, որ սպասվող համագործակցությունը լիարժեքորեն տարբերվում է մյուսներից: Սիրիայում հայկական խաղաղապահ առաքելությունն իրականացվելու է բացարձակապես Ռուսաստանի համագործակցությամբ՝ բնականաբար տեղավորվելով Սիրիայում Ռուսաստանի հետապնդած շահերի շրջագծում, մինչդեռ Հայաստանի մյուս առաքելություններն իրականացվում են միջազգային մասշտաբներով՝ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի կառույցների հովանու ներքո, չծառայելով որոշակի երկրի շահերին: Բացի այդ ի տարբերություն մյուս առաքելությունների, որոնք իրականացվում են այնպիսի տարածքներում, որտեղ միմյանց չեն բախվում գերպետությունների շահերը և առկա չէ լարվածության սրման մոտալուտ վտանգ, Սիրիայի դեպքում Հայաստանն ուղղակի ներքաշվում է մի տարածաշրջան, որտեղ այս պահին՝ Իդլիբի հարցով, գագաթնակետին է հասել մի կողմից Սիրիայի կառավարության և նրա դաշնակիցներ՝ Ռուսաստանի ու Իրանի և մյուս կողմից ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև լարվածությունը: 
Այս շրջագծում կարևորությամբ պիտի հիշատակել այն փաստը, որ Փաշինյանի մոսկովյան այցի թվականն ու օրակարգը հստակեցվելուց հետո նրան մեկ շաբաթ տարբերությամբ Փարիզ է հրավիրել Ֆրանսիան, որն ինչպես արդեն ասվեց այսօր Սիրիայում Ռուսաստանի դիմացի ճակատում կանգնած է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողքին: 

Published in Լուրեր