ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Ուր11162018

Last update03:42:55 AM

Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «օկուպացված տարածքների» մի մասի վերադարձ: Այս մասին EVN Report ամսագրի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչի է պատրաստ: Սակայն դեսպանը շեշտում է, որ ինքը ցնցված է, թե որքան քիչ են քննարկվում ընդունելի լուծման եւ փոխզիջումների հարցերը:
Դիվանագետի կարծիքով՝ ստատուս քվոն արդեն Հայաստանի օգտին չէ, եւ սա դրսեւորվում է փակ սահմաններից սկսած մինչեւ նյութական պաշարների եւ մարդկային ռեսուրսների հետ կապված իրավիճակի լարվածություն, ընդհուպ մինչեւ հակամարտության հետ կապված կոռուպցիոն ռիսկեր:
Հայաստանում իր առաքելությունն ավարտած դեսպանի հայտարարությունը կարելի է ընդունել, որպես Հայաստանում պաշտոնավարած և առավել ևս Մինսկի խմբի համանախագահող երկրի դեսպանի հերթական սովորական հայտարարություն: Սակայն մի շարք հանգամանքներ առիթ են տալիս ենթադրելու, որ դեսպանի արտահայտությունները վտանգավոր տողատակեր են պարունակում:
Հատկանշական է, որ Դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը կատարվում է այն ժամանակ երբ Հայաստանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթը, իսկ առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան և Հայաստան:
«Օկուպացված» (ազատագրված) տարածքների վերադարձի և փոխզիջումների քննարկման անհրաժեշտության, նաև ստատուս քվոն Հայաստանի օգտին չլինելու մասին հայտարարությունը վտանգավոր հնչեղություն է ստանում այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 16-ին ներկայացրած հրաժարականով կարելի է ենթադրել, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անց են կացվելու առաջիկա դեկտեմբերին, որի արդյունքում չի բացառվում, որ ձևավորվելու է թույլ և ազդեցությունից զուրկ ընդդիմությամբ միակուսակցական խորհրդարան, որն ամբողջությամբ ենթարկվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկություններին: Դրան զուգահեռ թավշյա հեղափոխությունից հետո ձևավորվել է «ժողովրդի ուղղակի իշխանության» ձևաչափով հարցերն առանց փորձագիտական քննարկման հրապարակում ներկայացնելու և հաստատելու վտանգավոր ավանդույթը: Չի բացառվում, որ առաջիկայում կարող է Նիկոլ Փաշինյանի միջոցով հրապարակում քննարկման դրվել նաև «սահմանները փակ լինելու պատճառ դարձած, մարդկային ռեսուրսների հետ կապված իրավիճակների լարվածություն ու կոռուպցիոն ռիսկեր» առաջացնող Արցախի հարցը փոխզիջումների գնալով և «օկուպացված» տարածքների մի մասի վերադարձով կարգավորելու անհրաժեշտությունը: 
Եվ դա արվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցով, ով սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ում՝ խորհրդարանական լսումների ժամանակ «ազատագրված տարածքների» փոխարեն օգտագործեց «ձեզ հայտնի տարածքներ» տարօրինակ արտահայտությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին Ադրբեջանի նախագահին, իսկ սեպտեմբերին ՀՀ վարչապետին հղած ուղերձներում հայտարարել էր, որ առաջիկա ամիսները ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում հուսադրիչ են լինելու: Շատերը փորձեցին Թրամփի հայտարարությունը հենց այսպես կատարված առանց տողատակերի բարեմաղթանք համարել, մոռանալով որ ԱՄՆ նախագահը վերջին երկու տարիների ընթացքում ընդունած իր գործելաոճով ապացուցել է, որ որևէ ժամանակ «հենց այսպես» մի բան չի ասում: 

ԼՂ-ի հակամարտության թրամփյան լուծումն անկախ իր բովանդակությունից առավել վտանգավոր է դառնում այն իրողության ֆոնին, որ ղարաբաղյան հարցում ամերիկյան կողմի ցանկացած ակտիվացում անկասկած Մոսկվայի կողմից անարձագանք չի մնալու: 

Published in Լուրեր
Երկուշաբթի, 15 Հոկտեմբերի 2018 23:21

Գագաթնաժողով քաղաքական զրո արդյունքով

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրվել են երևանյան 17-րդ գագաթնաժողովի ավարտին հրապարակված «Երևանյան հայտարարություն»-ն ու ընդունված բանաձևերը:
Հիմք ընդունելով հրապարակված փաստաթղթերը պարզվում է, որ «Երևանյան հայտարարության» մեջ որևէ հղում չկա ղարաբաղյան հակամարտությանը, իսկ «Ճգնաժամային իրավիճակների, հետճգնաժամային իրավիճակների եւ խաղաղության հաստատման վերաբերյալ բանաձև»-ում ղարաբաղյան հակամարտության մասին տեղ է գտել ընդամենը հետևյալ պասիվ դիրքորոշումը. «Վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար և հիշեցնում ենք, որ երկարատև խաղաղությունը պահանջում է հակամարտության բոլոր կողմերի անկեղծ ներգրավումը գործընթացում, համանախագահների առաջարկությունների հիման վրա»: 
Պարզվում է, որ ՖՄԿ-ի երևանյան գագաթնաժողովի արդյունքը մեզ համար եղել է ընդամենը մի նախադասություն, որը անցնող տարիների ընթացքում բազմիցս տարբեր խմբագրմամբ տեղ է գտել ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ հրապարակված բանաձևերում ու հայտարարություններում: 
Ոչ «Երևանյան հայտարարության» և ոչ էլ գագաթնաժողովի բանաձևերում չկա Հայաստանի Հանրապետության պաշտոնապես ճանաչված, նաև Արցախի Հանրապետության սահմանների դեմ ադրբեջանական կողմի ոտնձգությունները, Թուրքիայի տարածքում հայկական պատմա-մշակութային կոթողների ոչնչացումը և միջազգային սահմանների անօրինական կերպով փակ պահելը դատապարտող գոնե մեկ նախադասություն: 
Դատելով Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովների ամփոփիչ հաղորդագրություններում շարունակաբար ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղ գտնող բանաձևերից դժվար չէ կռահել, որ մեր հակառակորդ երկիրը նման մակարդակի գագաթնաժողովը ինչպես էր ծառայեցնելու ընդդեմ մեզ, իսկ մենք ընդամնենը հրճվեցինք ու բավարարվեցինք էժան սելֆիներով, հայկական երաժշտության ներքո Մակրոնի ու Թրյուդոյի պարով ու մեր հյուրին «Եռագույն»-ը հիշեցնող գուլպաներ նվիրելով:

Published in Լուրեր