ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Ուր11162018

Last update03:42:55 AM

Շատերին կարող է հետաքրքրել այն հարցը թե Նյու Յորք և Դուշանբե կատարած ուղևորությունից հետո ինչը՞ Նիկոլ Փաշինյանին մղեց խախտել մեկ տարվա ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը և առաջ քաշել ամենակարճ ժամկետում արտահերթ ընտրությունների գնալու հարցը:

Այսօր Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ կապված գործ ունենք երկու իրար հակասող իրողությունների հետ: Առաջինն այն իրողությունն է, որ Հայաստանի գործող իշխանությունների լեգիտիմության ու վայելած համակրանքի շուրջ փորձ է կատարվում հանրությանը ներկայացնել իշխանամետ ԶԼՄ-ների քարոզչության միջոցով և հանրահավաքների հարթակներից: Մյուս իրողությունը սակայն օրինական լեգիտիմության հետ կապված ճգնաժամն է, որի հետ Հայաստանի գործող իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվում են միջազգային հանրության հետ շփումների ընթացքում:

Պիտի ընդգծել, որ միջազգային հանրության դիտանկյունից լեգիտիմության իմաստն ու չափանիշը լիարժեքորեն տարբերվում են նրանից ինչ քարոզվում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից և փորձ է կատարվում դրանում համոզել հանրությանը՝ լեգիտիմությունը նույնացնելով հանրային համակրանքին, մինչդեռ դրանք իրարից լիովին տարբերվող հասկացություններ են: Այսօր Հայաստանում գործ ունենք հետաքրքիր մի իրողության հետ: Հայաստանում գոյություն ունի օրինապես ձևավորված միջազգային չափանիշներով լեգիտիմ խորհրդարան, որը վերջին հինգ ամիսներում հետհեղափոխական միջավայրում համակրանքի տոկոսի անկում է ունեցել: Դրան զուգհեռ գոյություն ունի իշխանություն և վարչապետ, որոնք վայելելով հանդերձ ժողովրդի համակրանքը, իշխանության են հասել հակասահմանադրական ընթացակարգով և ժողովրդի որոշակի հատվածի գործադրած ճնշման ներքո ձևավորված արհեստական մեծամասնության շնորհիվ: Հոկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունից գործընկեր կուսակցությունների՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի, նախարարների հեռացմամբ գործող իշխանություններն այսօր զրկվել են նույնիսկ այդ կիսատ լեգիտիմությունից, խորհրդարանում ունենալով ընդամենը «Ելք» դաշինքի աջակցությունն ու բնակաբար նրա 9 ձայները:

ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի շրջանակներում չկայացած կարևոր հանդիպումները, իսկ դրանից հետո ԱՊՀ-ի գագաթնաժողովում ոչ այն քան ջերմ ընդունելությունը Նիկոլ Փաշինյանին հանգեցրին օր առաջ արտահերթ ընտրությունների գնալու և այդպիսով միջազգային լեգիտիմության հարցը կարգավորելու անհրաժեշտությանը:

Նիկոլ Փաշինյանը կարող էր հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար սպասել մինչև առաջիկա մայիս: Սակայն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները նրա համար պարզեցին դառը մի իրականություն: Հնարավոր է աճպարարությամբ տարբեր տոկոսներ ու թվեր ներկայացնել հանրությանը և հավակնել ժողովրդի բացարձակ մեծամասնության համակրանքը վայելելու մասին, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանաբար բոլորից ավելի լավ է գիտակցում արձանագրված իրողությունը: Թավշյա հեղափոխությանը հաջորդած հինգ ամիսների ընթացքում նրա գլխավորած իշխանության վայելած համակրանքը խիստ անկում է արձանագրել: Դա են վկայում այն շուրջ 500000 ընտրողները, ովքեր չարձագանքեցին ընտրություններին մասնակցելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի կոչերին: Արտահերթ ընտրությունները միչև առաջիկա մայիս հետաձգելով համակրանքի անկումն անկասկած ավելի մեծ թափ է ստանալու և եթե դրան հավելենք Երևանից դուրս գտնվող ընտրողների անորոշ ճակատագիր ունեցող ձայները, կարելի է ենթադրել, որ արտահերթ ընտրությունները առաջիկա մայիսին կամ դրանից հետո տեղի ունենալու դեպքում չբացառաելով նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պարտությունը, լավագույն դեպքում նրան հաջողվելու է ավտորիտար ռեժիմների օրինակով 30-ից 40 տոկոս մասնակցությամբ ընտրություններում 80 տոկոսանոց հաղթանակ արձանագրել, ինչը չի կարող լուծել միջազգային հանրության հետ շփումներում իշխանության լեգիտիմության հարցը:

Արտահերթ ընտրությունները հնարավոր ամենակարճ ժամկետում (դեկտեմբերին) անցկացնելով Նիկոլ Փաշինյանը նախ հնարավորություն կունենա ոչ միայն խույս տալ համակրանքի առավել անկումից, այլ դրան զուգահեռ ներքաղաքական դաշտն արհեստականորեն սրելով, ներքին թշնամիներ (հակահեղափոխականներ) հորինելով, շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելով ու հասարակության մեջ կրկին հեղափոխական մթնոլորտ ստեղծելով վերականգնել նախկին համակրանքը և այդպիսով հզոր ընդդիմությունից մաքրված դաշտում հասնել բարձր տոկոսով մասնակցությամբ խորհրդարանական ընտրությունների, որի արդյունքում ձևավորված խորհրդարանում գոյություն կունենա բացարձակ մեծամասնություն վայելող մեկ ուժ և արհեստականորեն ձևավորված թույլ ու անգործունյա ընդդիմություն:

Published in Լուրեր