ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք09192018

Last update03:42:55 AM

Եթե տարբեր բնագավառներում «Թավշյա հեղափոխության» գործած դրական կամ բացասական ազդեցությունը վիճարկելի թեմա համարվելով կարող է տարբեր քննարկումների առարկա դառնալ, հայոց լեզվի պարագային դրա գործած ազդեցությունը միանշանակ եղել է բացասական:

Իդենտիֆիկացիա, ռեստավրացիա, գեներացում, պերմենենտ, ռևանշ, ռեսպուբլիկա, մանիպուլյացիա, լեգիտիմ, լյուստրացիա, ռեպրեսիվ, հիպոթետիկ, ինտերվյու: Սա «Թավշյա հեղափոխություն»-ից հետո Հայաստանում ժամանակակից ոչ միայն խոսակցական այլ գրավոր ու պաշտոնական լեզու մուտք գործած օտարամուտ բառերի ընդամենը մի փոքր հույլն է, որը քաղվել ենք ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներից և ՀՀ պետական պաշտոնատարների, քաղաքական գործիչների ու փորձագետների հարցազրույցներից:

Թվում է հայոց լեզուն խորհրդային իշխանության շրջանից ժառանգություն մնացած բառապաշարից մաքրելու ուղղությամբ երկար տարիների ընթացքում իրագործված ջանքերի արդյունքը «Թավշյա հեղափոխությանը» հաջորդած ընդամենը չորս ամիսների ընթացքում կայծակնային արագությամբ հօդս է ցնդում:

Դարերի ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և դարերի ընթացքում ձևավորված հասարակական ու ընտանեկան արժեհամակարգի կողքին հայոց լեզուն եղել ու շարունակում է մնալ հայ ժողովրդի ինքնության պահպանման ու գոյատևման գլխավոր գրավականը:

Եթե «Թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ընտանեկան արժեհամակարգը հեղափոխական ուժերի ու նրանց կից աշխատող խմբավորումների կողմից բացահայտ ու անխնա հարվածների տակ են առնվել, հայոց լեզվի պարագային այդ հարվածն իրականացվում է հավասարապես հեղափոխականների ու այսպես կոչված «հակահեղափոխականների» միջոցով՝ ծնունդ տալով այնպիսի մրցակցության, որի արդյունքում ամեն օր ժամանակակից հայոց լեզուն «հարստացվում» է մեկ նոր օտարամուտ բառով:

Այս միջոցին զարմանալի է թվում Լեզվի պետական կոմիտեի կրավորական պահվածքն ու անգործունեությունը, որը ՀՀ Լեզվի մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ գլխի (բ) մասով պարտավորվում է ապահովել «հայերենի կանոնարկումը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածությունը»:

Ռոբերտ Մարգարյան 

Published in Լուրեր