Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերահաստատել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականից, հունիսի 3-ին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր աթոռանիստում (Վատիկան) ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթոլիկների հայոց Ներսես Պետրոս 19-րդ կաթողիկոս պատրիարքի գլխավորած պատվիրակությանը: Կաթոլիկների հովվապետին ներկայանալիս Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանության Մեծավորուհի Եդոքսյա Քեշիշյանը ընդգծել է, որ ինքը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգ է, ինչին ի պատասխան Հռոմի պապը հավելել է, որ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է»:
Հիշեցնենք, որ Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականցված ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարել էր նաև 2006թ-ին, իր հայրենիքում՝ Արգենտինայում, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ: Կաթոլիկների նոր հովվապետը, որ այդ ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, հիշատակի արարողության ժամանակ Մեծ եղեռնը որակել էր որպես «մարդկության և հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականցված ծանր հանցագործություն» և Անկարային հորդորել էր ճանաչել այն:
Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը, անդրադառնալով Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու փաստին, նշել է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր այդ հայտարարությամբ ապացուցեց, որ հավատարիմ է իր խոսքերին և Կաթոլիկ եկեղեցու դիրքորոշմանը:
«Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչելու փաստը վերահաստատում է 2001թ-ի սեպտեմբերի 25-ին, Հայաստան կատարած այցի ժամանակ Հովհաննես Պողոս 2-րդ պապի նույնաբովանդակ (Հռոմի նախկին պապը,1920-2005թթ.) հայտարարությունը և ցույց է տալիս, որ գնալով մեծանում է պատմությունը հերքելու Թուրքիայի քաղաքականության դեմ հանդես եկող կազմակերպությունների, խորհրդարանների և երկրների թիվը»,-հավելել է Տաբակյանը:
Հաղորդվում է, որ Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսը Ներսես Պետրոս 19-րդի հետ նաև առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ հայ հովվապետը Հռոմի պապին հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցի կապակցությամբ (2015թ-ին) Վատիկանում անցկացվելիք հիշատակի արարողությանը, ինչպես նաև նրան խաչված Քրիստոսի նկար է (հեղինակ՝ լիբանանահայ արվեստագետ Րաֆֆի Թոգաթլյան) նվիրել: