Թուրքիայում հակակառավարական բողոքի ալիքը միանգամայն տրամաբանորեն կարող է տեղափոխվել Ադրբեջան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը` ավելացնելով, որ բողոքները կշարունակվեն:
Քաղաքագետի համոզմամաբ, Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է , քան Թուրքիայում. «Թուրքիայում ժողովրդվարության նման ինչ -որ բան կա, բավականին մրցունակ ընտրություններ են անցկացվում, իսկ Ադրբեջանում Ալիեւի ավտորիտար ռեժիմն է, որն ավելի վատ է, քան Մուբարաքի ռեժիմն էր Եգիպտոսում»:
Նրա խոսքով` Ալիեւի ռեժիմն, իհարկե, հենց այնպես չի հանձնվի: «Սակայն տվյալ դեպքում ալիեւյան ռեժիմը ոչ մի տեղից աջակցություն չունի, քանի որ հասցրել է հարաբերությունները փչացնել բոլորի հետ: Նա չէր ցանկանում հարաբերությունները փչացնել ԱՄՆ-ի հետ, սակայն ընդդիմության նկատմամբ իր կոշտ քաղաքականությամբ անգամ նրա հետ հարաբերությունները փչացրեց»,-արձանագրեց Ալեքսանդրովը:
Նրա խոսքով` Ալիեւը հարաբերությունները վատացրել է նաեւ Ռուսաստանի հետ` մերժելով Գաբալային ՌՏԿ-ի վարձակալությունը, աջակցելով Վրաստանում Սահակաշվիլիի ռեժիմին, պաշտպանելով Թուրքիայում հակառուսական արշավները, ռազմական կապեր ունենալով Իսրայելի հետ` ուղղված Իրանի դեմ: «Այդ պատճառով, իհարկե, Ռուսաստանը հիմա չի աջակցի Ալիեւի ռեժիմին, ամերիկացիները, ավելի շուտ, ձեռնպահ կմնան, իսկ Իրանը, հնարավոր է անգամ օգնի հակակառավարական բողոքներին: Այնպես որ, բացի Իսրայելից, ոչ մեկի վրա հույս չի կարող դնել, թեեւ կասկածելի է, արդյոք Իսրայելը բավականաչափ հնարավորություն ունի օգնության համար»,-եզրափակեց քաղաքագետը:
Նշենք, որ Ստամբուլում բողոքի ակցիաների մասնակիցները նաեւ հարեւան Ադրբեջանին ուղղված պաստառներ էին կրում` «Ալիեւ, հերթը քոնն է» գրությամբ: