ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Իրանի նոր նախագահն ու Հայաստանի հին վախերը
Երեքշաբթի, 25 Հունիսի 2013 21:37

Իրանի նոր նախագահն ու Հայաստանի հին վախերը

Rate this item
(0 votes)

Իրանի նոր նախագահ, բարեփոխիչ հոգեւորական Հասան Ռուհանին պատասխանել է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին: Հասան Ռուհանիի պատասխանը տարածել են իրանական լրատվամիջոցները: Ռեգնումը, մեջբերելով Մեհր գործակալությանը, նշում է, որ Ռուհանին հայտնել է երկկողմ հարաբերությունների զարգացման հույս:

«Հուսով ենք, որ Իրանի եւ Հայաստանի գործադրած ջանքերը կդառնան բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման խթան: Մենք Հայաստանի հետ մեր գործակցությունն ընդլայնելու ենք փոխըմբռնման, վստահության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա», ասել է Ռուհանին

Իրանի նոր նախագահի պատասխանը պարունակում է ուշագրավ երանգներ: Նա բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման խթանի հույս հայտնելով, խոսում է Իրանի եւ Հայաստանի գործադրած ջանքերի մասին, տպավորություն թողնելով, որ կան այդ ջանքերին խոչընդոտող հանգամանքներ: Եվ Իրանի նախագահը կարծես թե ակնարկում է Սերժ Սարգսյանին, որ Հայաստանն ու Իրանը պետք է իրենք որոշեն իրենց հարաբերության բովանդակությունն ու ընթացքի դինամիկան:

Իրանի նախագահի այդ նուրբ ակնարկն անակնկալ չէ: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայ-իրանական հարաբերությունը բավական ամպոտ էր: Թերեւս այնքան, որ հարաբերությունը զգալիորեն կառուցվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջոցով: Հիշարժան էր պաշտոնթող Քոչարյանի այցը Իրան, որտեղ նա հանդիպելով գործող նախագահ Ահմադինեժադի հետ, արել էր հակաարեւմտյան հայտարարություններ: Եվ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական դիվանագիտության շրջանակում ինտենսիվ հարաբերություն էր հաստատում այդ Արեւմուտքի հետ:

Դժվար է ասել, Ռոբերտ Քոչարյանն էր փորձում իրավիճակից օգտվել եւ Իրանի միջոցով Հայաստանում քաղաքական ազդեցության հարց լուծել, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ էր փորձում հաղորդակցություն ապահովել այդ տրամաբանության շրջանակում, թե Սերժ Սարգսյանին էր օժանդակում, փորձելով ստանձնել Հայաստանի հետ Իրանի հարաբերության սոսնձի դերը, թույլ չտալով, որ ֆուտբոլային դիվանագիտությունն ու Արեւմուտքի հետ սերտ հարաբերությունը ազդեն հայ-իրանական հարաբերության վրա:

Հետագայում Սերժ Սարգսյանը կարծես թե որոշակի լեզու գտավ Ահմադինեժադի հետ, գուցե այն պատճառով, որ կարողացավ Իրանին համոզել, որ Արեւմուտքի հետ հարաբերությունը սերտացնելու քաղաքականությունն ուղղված չէ Իրանի դեմ եւ լուծում է բոլորովին այլ հարցեր: Այդուհանդերձ, հայ-իրանական հարաբերությունը Սերժ Սարգսյանի նախագահության առաջին հնգամյակի ընթացքում երեւի թե բնորոշվում է որպես չափավոր սառը:

Երկրորդ հնգամյակը մեկնարկում է Իրանում նոր նախագահով: Նախագահը նոր պետք է լիներ այսպես թե այնպես, բայց եղավ նոր նախագահ, որն ունի ռեֆորմատորի վարկ եւ դա դրական է ընկալվել Արեւմուտքում: Հնարավոր է նույնիսկ Իրանի հանդեպ պատժամիջոցների թեթեւացման հեռանկար, ինչը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն, քանի որ շատ հարցերում պատժամիջոցները սահմանափակել են հայ-իրանական կապը:

Գուցե նաեւ հենց դա նկատի ունի Իրանի նախագահը, ակնարկելով, որ Հայաստանն ու Իրանը պետք է զարգացնեն հարաբերությունը իրենց որոշումներով: Իրանը միգուցե Հայաստանին կոչ է անում լինել առավել համարձակ: Չի բացառվում, որ հայ-իրանական հարաբերության զսպման պատճառը եղել է նաեւ հենց Հայաստանի անհամարձակությունը, երբ փորձ չի արվել առավել ակտիվ աշխատել Արեւմուտքի հետ եւ համոզել, որ Հայաստանի ու Իրանի տնտեսական հարաբերությունը նախ ծավալային առումով ի զորու չէ Իրանին ահռելի կշիռ հաղորդել, եւ երկրորդ, կարող է լինել բավական վերահսկելի եւ իրենից վտանգ չի ներկայացնի միջազգային անվտանգության համար: Գուցե պաշտոնական Երեւանը պարզապես խուսափել է Արեւմուտքի հետ այդ հարցերի քննարկումից, ավելորդ գլխացավ չունենալու համար:

Սակայն, հնարավոր է նաեւ, որ խնդիրը Արեւմուտքում չէ, այլ հյուսիսում: Հայ-իրանական հարաբերությանը խանդով է վերաբերում նաեւ Մոսկվան: Կրեմլը ձգտել է պատրոնաժություն հաստատել հայ-իրանական բոլոր խոշոր նախագծերում: Մոսկվան քնեցրեց Իրանի սահմանին նավթավերամշակման ձեռնարկություն կառուցելու հարցը, հայտարարելով, թե դա տնտեսապես շահավետ չէ: Մոսկվան քնեցնում է Իրան-Հայաստան երկաթուղու հարցը, նավթամուղի կառուցման հարցը՝ որով Հայաստան կարող է նավթամթերք գալ: Իրանի հետ Հայաստանի հարաբերության ենթակառուցվածքային զարգացումը Հայաստանը զգալիորեն դուրս է բերում Ռուսաստանից ունեցած կախվածությունից, ինչը բնականաբար ձեռնտու չի կարող լինել Մոսկվային:

Ավելին, այդ ամենին զուգահեռ, Կրեմլը սկսեց հարաբերություններ կառուցել եւ խորացնել Ադրբեջանի հետ, ինչով բնականաբար տհաճություն էր պատճառելու Իրանին:

Այլ կերպ ասած, հայ-իրանական հարաբերության արգելակներն ամենեւին Արեւմուտքում չեն կամ միայն Արեւմուտքում չեն: Ավելին, ռազմավարական իմաստով, այդ հարաբերությունն արգելակելու հարցում շահագրգռված է Ռուսաստանը, ոչ թե Արեւմուտքը: Ներկայում հարաբերություն խորացնելով Ադրբեջանի հետ, Ռուսաստանը փորձում է հենց ռազմավարական ֆորպոստ ձեւավորել ընդդեմ Իրանի, լավ պատկերացնելով, որ Իրանն ու Արեւմուտքը կարող են երկարաժամկետ առումով գալ ռազմավարական ընդհանուր հայտարարի, առավել եւս, որ դրա պատմական նախադեպը եղել է:

Պատահական չէ, որ Իրանի նախագահի ընտրությունից առաջ Սիրիայի հարցում Արեւմուտքի հետ համաձայնության եկող Ռուսաստանը Իրանի նախագահի ընտրության արդյունքից հետո բավական կոշտ դիրքորոշում որդեգրեց եւ հակադրվեց Արեւմուտքի հետ:

Այդ ընթացքում, Հայաստանը կարեւորև քայլ կատարեց Իրանի եւ Հայաստանի միջեւ բարձրավոլտ էլեկտրագիծ կառուցելու ուղղությամբ, ծրագիրը ազատելով հարկերից ու մաքսերից: Չի բացառվում, որ Հայաստանի համար այդ քայլը Իրանի հետ հարաբերության համեմատաբար հին վախերից ձերբազատվելու քայլ էր:

Էլեկտրագիծը կարեւոր է իրանական գազի Հայաստան մատակարարման համար, որի դիմաց Թեհրանը պետք է ստանա էլեկտրաէներգիա: Պաշտոնական Երեւանը միգուցե փորձեց դրսեւորել այն համարձակությունը, որի մասին ակնարկում է Իրանի նոր նախագահը: Իսկ գուցե նաեւ Երեւանին այդ համարձակությունը հաղորդեցին Իրանի նախագահի ընտրության արդյունքներն ու դրա դրական ընկալումը Արեւմուտքում: Չի բացառվում նաեւ, որ որոշումն ինքնին Արեւմուտքի դրական ընկալման դրսեւրումներից մեկն էր: Հազիվ թե Ռուսաստանը Հայաստանին համարձակություն ներշնչեր մի նախագծի կապակցությամբ, որն ըստ էության հանդիսանում է Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ կախվածության թուլացմանն ուղղված քայլ:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/84727#sthash.DMQsDjZI.dpuf

Read 2489 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.