ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ01172019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ուրբաթ, 11 Հունվարի 2019 09:29

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Rate this item
(0 votes)

Երեքշաբթի հունվարի 8-ին Իրանի Թավրիզ քաղաքում համալսարանի մի խումբ դասախոսների, լրագրողների եւ «Ղարաբաղի պատերազմին մասնակից իրանցիների» մասնակցությամբ անց է կացվել «ԼՂ-ի հակամարտության տարածաշրջանային ու միջազգային դերակատարները եւ հակամարտության կարգավորման Իրանի ներուժ հնարավորությունները» թեմայով քննարկում:

Քննարկումն իր տեսակի մեջ ոչ առաջինն է ու ոչ էլ վերջինը, այդուհանդերձ դա նախորդներից առանձնանում է որոշ առումներով:
Մինչ այս նմանատիպ քննարկումները, մասնավորապես եթե այդտեղ ինչ-որ շեշտադրում էր կատարված լինում Ղարաբաղյան պատերազմին իրանցիների մասնակցության վրա, կամ Իրանի իշխանության կարգադրությամբ չեղյալ էին հայտարարվում (ինչը շուրջ մեկ տարի առաջ կատարվեց Թավրիզի համալսարանում նախատեսված համաժողովի դեպքում) եւ կամ էլ անց էին կացվում փակ կերպով եւ այդտեղ քննարկված թեմաները հազվադեպ էին հանրության սեփականությունը դառնում: Սակայն այս անգամ քննարկմանն ու այդտեղ շոշափված թեմաներին լայնորեն անդրադարձել են իրանական ադրբեջանամետ «Առան Նյուզ» եւ «Կովկաս» մշակութային կենտրոնի կայքերը: Հրապարակված լրատվության համաձայն քննարկման ընթացքում բանախոսները Ղարաբաղը ներկայացրել են որպես «իսլամական տարածք, որը պիտի ազատագրել հայերի բռնազավթումից», հայտարարել են, որ «ի վերջո եկել է ժամանակը, որ Իրանը բարձրաձայնի ԼՂ-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանին կատարած օժանդակությունների մասին» եւ Իրանի կառավարությանը կոչ են արել ինչպես Եմենի դեպքում «Ղարաբաղի ազատագրման հարցում» օժանդակություն ցուցաբերի «մուսուլման հարեւան»-ին:
Ավելի վաղ, ուրբաթ հունվարի 4-ին, Իրանի Արդաբիլ քաղաքի ուրբաթօրյա աղոթապետ Այաթոլլահ Սեյեդ Հասան Ամելին նույնպես իր քարոզներում լայնորեն անդրադարձել է Ղարաբաղի պատերազմի ընթացքում Ադրբեջանի բանակին Իրանի ցուցաբերած ռազմական օժանդակություններին:
Իրանը պետական ու պաշտոնական մակարդակում շարունակ հայտարարել է Ղարաբաղի հակամարտության հարցում իր չեզոքությունն ու ընդգծել է բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Իսկ Արդաբիլ քաղաքում իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայացուցչի կողմից ուրբաթօրյա աղոթքի քաղաքական ու հոգեւոր նշանակություն ունեցող ամբիոնից Իրանի պաշտոնական դիրքորոշումներին հակառակ հայտարարություններ հնչեցվելն ու դրան զուգահեռ Թավիրզում անցկացված քննարկման բովանդակության հանրության սեփականություն դառնալն այն էլ մի երկրում, որտեղ նույնիսկ սոցիալական ցանցերում օգտատերերի գրառումները վերահսկվում են իշխանությունների կողմից եւ զգայուն հարցերում երկրի պաշտոնական դիրքորոշումներին հասակող գրառումներն անմիջապես հեռացվում են, կարող է միայն վկայել այն իրողության մասին որ Իրանն անուղղակի մեսիջներ հղելով իր դժգոհությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին: Իրանական հոգեբանության հետ ծանոթ ցանկացած փորձագետ կարող է հաստատել, որ մասնավորապես հարեւան երկրներին դժգոհության նման անուղղակի մեսիջներ հղելն Իրանի դիվանագիտության ավանդույթներից են համարվում:
Անցնող տարիների ընթացքում Իրան-Հայաստան հարաբերություններում դրական ու հուսադրիչ կողմերից մեկը եղել է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակն ու շարունակ հայտարարվել է այն մասին, որ փորձ է կատարվում տնտեսական հարաբերությունները բարձրացնել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Մինչդեռ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո երկու երկրների հարաբերություններում արձանագրված զարգացումները վկայում են այն մասին, որ տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու փոխարեն այս անգամ քաղաքական հարաբերություններն են, որ հետզհետե իջնում են տնտեսական հարաբերությունների մակարդակին:
Բացառելով երկու երկրների դեսպանների ջանքերը, որոնք ամեն գնով փորձել են իրենց առաքելության վայրերում հանդիպումներ կազմակերպելով ակտիվություն մտցնել երկու երկրների հարաբերություններում, ու նաեւ անցած սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանի ընթացքում ԻԻՀ նախագահի ու ՀՀ վարչապետի եւ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումները, վերջին 9 ամիսների ընթացքում երկու երկրի միջեւ հարաբերությունները գլխավորապես պահպանվել են նախարարների տեղակալների մակարդակում: Հայաստանում իշխանափոխությունից հետո Հայաստանի կառավարության որեւէ նախարար Իրան չի այցելել, իրանական կողմից վերջին անգամ նախարարի մակարդակում Հայաստան այց անցած հուլիսին իրականացրել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Այս ընթացքում Իրան են այցելել միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: ՀՀ վարչապետի Իրան կատարելիք այցի մասին լուրերն էլ մնացել են հայտարարության մակարդակում:
Երբ անցած դեկտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ում քննարկման էր դրված մարդու իրավունքների հարցով Իրանի դեմ բանաձեւը Հայաստանը դեմ քվեարկեց դրան, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը չմասնակցեցին քվեարկությանը: Այդ օրերին սոցցացներում գրառումներ հայտնվեցին այն բովանդակությամբ, թե դա ինչպես է, որ Իրանի նախագահն ու նախարարները տարվա ընթացքում մի քանի անգամ ուղեւորվում են Թուրքիա եւ Ադրբեջան, որոնք միջազգային շրջանակներում չեն պաշտպանում Իրանին, իսկ անցնող 6 տարվա ընթացքում Իրանի նախագահը միայն մեկ անգամ (2016 թվականի դեկտեմբերին) այց է կատարել Երեւան, իսկ վերջին ամիսներին նույնիսկ նախարարների մակարդակում այցեր չեն եղել:
Հարցն ունի շատ հստակ մի պատասխան: Հակառակ Իրանի հետ հարաբերությունների նշանակության մասին բոլոր հավակնություններին Հայաստանի նոր իշխանությունները բոլորովին խորթ են իրանական հոգեբանությանը եւ այն ակնկալիքներին որ Իրանն ունի Հայաստանից:
Այսօր երբ Իրանն ԱՄՆ-ի կողմից խիստ պատժամիջոցների է ենթարկվել ու ամեն կերպ փորձում է շրջանցելով դրանք այլ երկրների հետ իր առեւտրական հարաբերությունների պահպանման համար ուղիներ գտնել, Իրանի արտաքին քաղաքականության եւ այլ երկրների հետ Իրանի հարաբերությունների մակարդակի գլխավոր չափորոշիչներից մեկն ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ հստակ ու համարձակ դիրքորոշումներն են: Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերին Թուրքիայի խորհրդարանում հայտարարեց, որ Անկարան չի հետեւելու Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը 2018 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցում անուղղակի կերպով դատապարտել է այլ երկրների դեմ վերցվող միակողմանի քայլերն ու պատժամիջոցները: Մինչդեռ մեզ մոտ՝ Հայաստանում, ոչ միայն պետական մակարդակով դեռ որեւէ պաշտոնատար գոնե անուղղակի կերպով չի դատապարտել Իրանի դեմ պատժամիջոցները, այլեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Իրանի հետ սահմանը կարող է դե ֆակտո փակվել, իսկ բանկերի կողմից հարուցված խնդրին անդրադառնալով լվանալով կառավարության ձեռքերը հայտարարել է, որ բանկերը մասնավոր ընկերություններ են եւ կառավարությունը չի կարող որեւէ պարտավորություն ստանձնել: Դրան զուգահեռ մինչ Ադրբեջանը ակտիվորեն հյուսիս-հարավ միջանցքի լրացման համար իր այլընտրանքային ուղիներն է առաջարկում, Հայաստանի իշխանությունների պասիվ դիրքորոշման ու նաեւ հայաստանյան բանկերի հարուցած խնդիրների պատճառով (տես https://www.lragir.am/2018/12/18/404597/) Հայաստանը կամավոր կերպով ինքն իրեն զրկում է այդ միջանցքի օղակներից մեկը լինելու հնարավորությունից:
Այս պահին պաշտոնական Թեհրանը Երեւանից ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված հստակ ու համարձակ դիրքորոշում է պահանջում, ինչը կարծես թե այսօր բացակայում է Հայաստանի իշխանությունների մոտ անորոշ ճակատագրի մատնելով հարավային հարեւանի հետ կենսական նշանակություն ունեցող հարաբերությունները:

Read 89 times Last modified on Ուրբաթ, 11 Հունվարի 2019 15:41

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.