Print this page
Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 21:46

Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ի եզրափակչում է

Rate this item
(0 votes)

Շվեդիայի Մալմո քաղաքում՝ Malmo Arena-ում, կայացավ «Եվրատեսիլ - 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, և Հայաստանը ներկայացնող՝ 11-րդ համարի ներքո մեր մասնակից Dorians խումբը՝ Գոռ Սուջյանի մենակատարմամբ հանդես եկավ Black Sabbath խմբի կիթառահար Թոմի Այոմիի Lonely Planet երգով: 

 

Երկրորդ կիսաեզրափակչի մասնակից երկրների թվում էին Լատվիան, Սան-Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը, Ֆինլանդիան,

Մալթան, Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Հայաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Ալբանիան, Վրաստանը, Շվեյցարիան և Ռումինիան:

Մեր երկիրը ներկայացնող Գոռ Սուջյանը և Dorians խումբն այս մասնակիցների ցանկում ըստ մրցույթի արդյունքների 7-րդն են, ինչը նշանակում է, որ խումբը դուրս է գալիս եզրափակիչ: Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են դուրս գալիս նաև Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալթան և Հունաստանը:

Այս արդյունքը ուշագրավ է դարձնում Հայաստանի մասնակցությունը այս համաեվրոպական մրցույթին, մանավանդ եթե հաշվի ենք առնում, որ այս դեպքում խոսքը վերադարձի մասին է, ինչպես նշել էր արտասահմանյան լրատվամիջոցը:

Իսկ «Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանի 6-ամյա մասնակցության կտրվածքով պատկերը հետևյալն է.

2006-ին Անդրեն իր Without Your Love երգով ապահովեց միանգամից 8-րդ հորիզոնական, որը «պահպանեց» նաև հաջորդ մասնակիցը՝ Հայկոն՝ Anytime You Need երգով 2007-ին: Ի դեպ, Հայկոն մինչ օրս միակն էր հայաստանյան մասնակիցներից, ով կիսաեզրափակիչ հաղթահարելու խնդիր չի ունեցել՝ նախորդ տարվա արդյունքների ընձեռած հնարավորության շնորհիվ «ավտոմատ որակավորում» ստանալով:

2008-ին Qele Qele-ով Սիրուշոն գրանցեց մինչ օրս լավագույն արդյունքը՝ 4-րդ հորիզոնական: Հաջորդիվ՝ 2009-ին Ինգա և Անուշ Արշակյանները 10-րդն էին հավաքած միավորներով՝ իրենց Jan Jan երգով: 2010-ին Հայաստանը 7-րդն էր իր Եվա Ռիվասի Apricot Stone կատարումով: 2011-ին Էմմին Boom Boom-ով չհաղթահարեց կիսաեզրափակչի շեմը:

2012-ին Հայաստանը ստիպված էր հրաժարվել իր մասնակցությունից, քանի որ «Եվրատեսիլն» անց էր կացվում Բաքվում, ինչը մի շարք խնդիրներ էր հարուցում: Բացի այդ, մրցույթի կազմակերպման շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը մրցույթին չմասնակցելու հիմնական պատճառ դարձավ՝ ի նշան բողոքի:

Այժմ Dorians-ն ու Գոռ Սուջյանը 7-րդն են կիսաեզրափակչում: Լավագույն արդյունք կիսաեզրափակչում ցուցաբերել է Սիրուշոն՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչին մասնակցել էր  16 երկրի ներկայացուցիչ։ Եզրափակիչ փուլ դուրս եկած 10 երկրներն են՝ Մոլդովա, Լիտվա, Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս, Դանիա, Ռուսաստան, Բելգիա, Ուկրաինա, Նիդեռլանդներ։ Հետագա մրցապայքարից դուրս են մնացել Ավստրիան, Սլովենիան, Խորվաթիան, Մոնտենեգրոն, Կիպրոսն ու Սերբիան։

Read 2186 times Last modified on Ուրբաթ, 17 Մայիսի 2013 13:26

Latest from Ռոբերտ Մարգարեան