ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ09212019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Displaying items by tag: Բոլթոն

Հայ-իրանական սահմանը դե ֆակտո փակվելու հնարավորության մասին նոյեմբերի 1-ին ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությունը, կարելի է Հայաստանի արտաքին քաղաքականության կապակցությամբ նրա եզակի ճիշտ հայտարարություններից մեկը համարել:

Չեմ կարծում, որեւէ մեկը կարող էր պատկերացնել, որ աշխարհաքաղաքական իրավիճակների թելադրանքով հայ-իրանական սահմանը փակելու համար գեղեցիկ մի օր որեւէ հայ պաշտոնատար մեկնելով Մեղրի պիտի փականք դներ սահմանային անցակետի դռանը, բայց այն որ այդ սահմանը գնալով դե ֆակտո փակվում է կարծես թե իրականություն է դառնում:

Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված իմ նախորդ գրառումներում կատարել եմ երկու հստակեցում: Նախ այն որ հայ-իրանական սահմանը կարող է դե ֆակտո փակվել միայն հայկական կողմի նախաձեռնությամբ եւ երկրորդ այն որ դա անպայմանորեն սահմանները ֆիզիկապես փակելու իմաստով չէ, ինչպես դա ընդհանրապես պատկերացվում է եւ տեղի է ունեցել Թուրքիայի դեպքում: Երբ խոսվում է սահմանները փակելու մասին դա նաեւ որեւէ առնչություն չունի երկու երկրների քաղաքացիների փոխայցելություններին: Օրինակ Թուրքիայի հետ պաշտոնական սահմանները փակ լինելով հանդերձ Ստամբուլից Երեւան թռիչքներ են իրականացվում եւ երկու երկրի քաղաքացիները ազատորեն այցելում են միմյանց երկրները: Ժամանակակից հասկացությամբ երկու երկրների միջեւ սահմանները դե ֆակտո փակ կարող են համարվել այն դեպքում, երբ նրանց միջեւ առեւտրաշրջանառության ճամբին լուրջ խոչընդոտներ են հարուցվում, տնտեսական վնաս պատճառելով կողմերին:

Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նոյեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանի կատարած կանխատեսումը այսօր գնալով իրականություն է դառնում: Խոսենք փաստերով:

Ա) Անցած ամիս սոցցաներում բարձրացվեց Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Հայաստանում իրանցի գործարարների, այդ թվում նաեւ իրանահայերի բանկային հաշիվների շուրջ ծագած խնդիրների հարցը: Մի առ ժամանակ անց պարզվեց, որ իրանահայերի մասով կարծես թե հարցը կարգավորվել է, իսկ ծագումով իրանցի գործարարների արտարժութային հաշիվների հետ կապված բարդությունները ըստ երեւույթին շարունակվում են:

Բ) «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատել է, որ հայկական գրեթե բոլոր բանկերը հրաժարվում են վճարումների փոխանցում կատարել Չինաստանից, արաբական երկրներից ու նաեւ այլ երկրներից գնված այն ապրանքների համար, որոնց ներկրումը Հայաստան իրականացվում է Իրանի հարավում գտնվող Բանդարաբաս նավահանգստի միջոցով եւ Իրանի տարածքով: Այդպիսով հայ ներկրողները պարտավորվում են Հայաստան ներկրումներն իրականացնել Փոթիի նավահանգստի միջոցով ու Վրաստանի տարածքով, որոշ դեպքերում ունենալով ոչ միայն ժամանակի, այլ նաեւ նյութական մեծ կորուստ:

Գ) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրեր առաջ հայտարարեց, որ այդ երկրի բանակին հաջողվել է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ գրավել ռազմավարական բարձունքներ, որոնց շնորհիվ ադրբեջանական ուժերի թիրախում են հայտնվել Հայաստանի ռազմավարական ճանապարհները: Որեւէ մեկը չի կարող կասկածել, որ Ալիեւի հայտարարությունը վերաբերում է Հայաստանն Իրանին միացնող ճանապարհին: Նկատի առնելով այն փաստը, որ անցած ամիսների ընթացքում Նախիջեւանական հատվածից արդեն քանի անգամ կրակոցներ են արձակվել Հայաստան-Իրան ճանապարհի մերձակայքում գտնվող Արենի գյուղի ուղղությամբ Ալիեւի հնչեցրած սպառնալիքը առավել քան երբեւե առարկայական է թվում: Ի դեպ, սպառնալիքը հավասարապես ուղղված է նաեւ հայ-իրանական գազատարին եւ Մեղրու տնտեսական ազատ գոտուն, որը կոչված է դառնալու Իրանը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին միացնող հանգույցը:

Երկուշաբթի օրը Թեհրանում «Իրան-Հայաստան հարաբերություններ, առիթներ ու մարտահրավերներ» թեմայով քննարկում է տեղի ունեցել, որտեղ ինչպես միշտ հնչել են երկու երկրի մասնավորապես առեւտրա-տնտեսական հարաբերությունների հետ կապված իդեալական հայտարարություններ: Ինչ խոսք, որ ԱՄՆ-ի կողմից խիստ պատժամիջոցների ներքո հայտնված Իրանը չի կարող չողջունել հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը: Գնդակն այս պահին հայկական կողմի դաշտում է: Դժվար չէ ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները շուտով կանգնելու են (եւ կամ արդեն իսկ կանգնած են) Իրանի կամ ԱՄՆ-ի միջեւ ընտրություն կատարելու բարդ որոշման դիմաց: Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին թե Իրան-Հայաստան հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար, չի թվում որ կարող են ազդել ամերիկյան կողմի որոշման վրա, որը ինչպես Երեւանում հայտարարեց Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը փորձում է «սեղմել Իրանի շուրջ օղակը»:

Ամերիկյան կողմը կարծես թե արդեն մշակած ունի Հայաստանի համար իր սեփական պլանը: Ի գին զիջումների դիմաց Արցախի հարցի լուծման Իրանի հետ փակ սահմանը փոխանակել եթե ոչ Ադրբեջանի, առնվազն Թուրքիայի հետ բաց սահմանով, ինչի պատճառով էլ հատկապես վերջին շրջանում ադրբեջանական (ինչու ոչ նաեւ Թուրքիայի) բանակը ակտիվացել է Նախիջեւանի հատվածում:

Published in Լուրեր