ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ12152018

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Displaying items by tag: Սասնա ծռեր

Այն որ համաներումն իր մեջ կրում է մարդասիրական բնույթ անառարկելի է: Այս դիտանկյունից Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ին ներկայացված համաներման նախագիծը կարելի է դրական երևույթ համարել, որին իր էությամբ չի կարող դեմ գնալ որևէ ողջամիտ անձ:

Այդուհանդերձ ներկայացված նախագիծը պարունակում է մի կետ, որը ոչ միայն հարցականի տակ է առնում համաներման իմաստն ու նշանակությունը, այլև հակասելով տրամաբանությանը կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության գլխավոր սկզբունքները:
Համաներման մասին օրենքի 2-րդ գլխի 11-րդ հոդվածի 1-ին կետում նշված է. «Պատժից ազատել 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար դատապարտված անձանց, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները»:
Եթե 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար դատապարտված անձանց պատժից ազատելը տրամաբանորեն հասկանալի է, քանի որ նրանց պարագային գոյություն ունի համապատասխան դատավճիռ և սահմանված համապատասխան պատիժ, ինչը կարելի է ներել, 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած խմբի անդամների պարագային համաներումը տրամաբանորեն անհասկանալի է, քանի որ գործը դեռ դատարանում քննվում է, սպանության և հանրային գույքի ոչնչացման մասով գործը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ և կան հակասական ցուցմունքներ և ընդհանրապես չկա համապատասխան դատավճիռ և դրանից բխող պատիժ, որի վրա հնարավոր կլինի համաներում տարածել: Երևույթի հակասությունը կարելի է բացատրել մի պարզ օրինակով: Դուք կարող եք ներել ձեզ ունեցած որևէ անձի պարտքը, բայց նախ և առաջ պարտավոր եք ապացուցել, որ տվյալ անձը որոշակի գումար է պարտք ձեզ:
Համաներման օրենքի 11-րդ կետը միաժամանակ խախտում է ՀՀ սահմանադրության առնվազն երեք գլխավոր սկզբունքներ: Հայաստանում իշխանությունների տարանջատումը, անմեղության կանխավարկածը և օրենքի դիմաց բոլոր անձանց հավասարությունը և խտրականության բացառումը:
Ա) «Սասնա ծռեր» խմբի գործի դատաքննությունը ընթացքի մեջ է և մինչև այնքան ժամանակ երբ քննությունը ավարտին չի հասել, չեն հրապարակվել համապատասխան դատավճիռներ ու չի պարզվել գործի մեջ ներգարվված ամբաստանյալներից յուրաքանչյուրի հանցավորության չափը գործի քննությունը շարունակելու է մնալ Հայաստանի դատական իշխանության վերահսկողության ներքո: ՀՀ կառավարության Համաներման օրենքը պատժից ազատելով հիշյալ խմբի անդամներին կասեցնում է դատական գործընթացը, կանխելով հանցավոր արարքի բոլոր ծալքերի բացահայտումը: Սա կարելի է դատական իշխանության գործունեության մեջ մյուս երկու իշխանությունների՝ նախ գործադիրի և ապա օրենսդիրի, միջամտության բացահայտ և կոպիտ փորձ համարել, ինչը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ընդգծված դատարանների անկախության և իշխանությունների տարանջատման սկզբունքը:
Բ) Համաներման օրենքի 11-րդ կետը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ընդգծված անմեղության կանխավարկածը: Համաձայն այս սկզբունքի մինչև այնքան ժամանակ երբ անձի մեղքն ապացուցված չէ և չկա համապատասխան դատավճիռ անձը համարվում է անմեղ: Դատավճռի բացակայությամբ անձին պատժից ազատելով ՀՀ կառավարությունն ակամայից հայտնվում է դատավորի դերում, խախտելով անմեղության կանխավարկածը անձին մեղավոր է ճանաչում և ապա օրենքով նրան համաներում է շնորհում:
Գ) ՀՀ կառավարության Համաներման օրենքը խախտում է օրենքի դիմաց անձանց հավասարության սկզբունքը: Համաներման օրենքի 11-րդ կետը պատժից ազատում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին և 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար դատապարտված անձանց, մինչդեռ չի տարածվում 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի անդամների պարագային և դա այն դեպքում երբ «Սասնա ծռեր»-ի դեպքում իրականացվել է հանցագործական արարք, արձանագրվել է սպանության դեպք և հանրային գույքի ոչնչացում, մինչդեռ Նորք-Մարաշի զինված խմբի պարագային դա վնասազերծվել է նախքան հանցավոր արարքի իրականացումը: Նման խտրականություն ցուցաբերելով ՀՀ կառավարությունը խախտում է օրենքի դիմաց անձանց հավասարության սկզբունքը:
Բացի այդ օրենքն իր խորքում պարունակում է հակասություն: 
Ա) Օրենքի 2-րդ գլխի 10-րդ հոդվածի 2-րդ կետում ընդգծված է, որ համաներում չի կարող կիրառվել «այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ»: Դա ի տես այն բանի, որ գրավի և ստորագրության դիմաց ազատության մեջ հայտնված «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց հարցազրույցներում ոչ միայն իրականացված հանցավոր արարքի կապակցությամբ զղջում չեն հայտարարել, այլև չեն բացառել անհրաժեշտության դեպքում կրկին զենքի դիմելու հնարավորությունը: 
Բ) Համաներման օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն համաներում չի տարածվում ՊՊԾ գնդի գրավման ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան: Դեպքի ժամանակ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության գործով այս պահին մեղադրվում է Արմեն Բիլյանը, մինչդեռ խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանի ցուցմունքի համաձայն Գագիկ Մկրտչյանը սպանվել է Էդվարդ Գրիգորյանի արձակած գնդակից: Քանի որ հարցը դեռ քննության փուլում է պարզ չէ, թե ում վրա պիտի տարածվի 11-րդ հոդվածի 2-րդ կետը: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Այլ խոսքով օրնեքն ընդունվելուց 10 օր անց համաներմամբ պատժից ազատվելու է Էդվարդ Գրիգորյանը, որը Պավլիկ Մանուկյանի ցուցմունքի համաձայն կարող է մեղադրվել սպանության մեջ, իսկ համաներում չի տարածվելու Արմեն Բիլյանի պարագային, քանի որ նրա դեմ գոյություն ունի չապացուցված մեղադրանք: 

Published in Լուրեր