ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ12152018

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ռոբերտ Մարգարեան
Ռոբերտ Մարգարեան

Ռոբերտ Մարգարեան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ հարցումին հերթական անգամ վարպետորեն շրջանցեց բուն խնդիրը և առանց հստակ դիրքորոշում հայտնելու հիշյալ պատժամիջոցների ու նաև այն մասին թե Հայաստանի կառավարությունն ինչպես է պատրաստվում հաղթահարել այդ արգելքը, ընդամենն ընդգծեց հայ-իրանական փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը, որի մասին չեմ կարծում որևէ մեկը կարող է կասկած ունենալ:

Վարչապետի պաշտոնատակարի ասուլիսի այս հատվածը պարունակում է երեք կարևոր արձանագրում: 
Առաջին՝ Նիկոլ Փաշինյանը չժխտեց բանկային մասնավոր բաժնում խնդիրների առկայությունը, բայց նաև չասաց թե ստեղծված վիճակին լուծում տալու համար ՀՀ կառավարությունն ինչ ծրագիր ունի:
Երկրորդ ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ կառավարական մակարդակում իրենց դիրքորոշումը ներկայացրել են: Գոնե ինձ հայտնի չէ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ Հայաստանի կառավարության հստակ դիրքորոշման մասին որևէ հայտարարություն: Վերջին օրերին Հայաստանի պաշտոնատարները, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օրինակով տարբեր մակարդակներում, ընդամենն ընդգծել են հայ-իրանական հարաբերությունների նշանակությունը, բայց չի եղել որևէ հստակ հայտարարություն այն մասին, թե Հայաստանն ինչպես է վերաբերվում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին:
Երրորդ՝ Նիկոլ Փաշինյանը «հույս է հայտնել», որ ամերիկյան կողմը ըմբռնումով կմոտենա Հայաստանի իրավիճակին: Ասում են մարդը հույսով է ապրած, սակայն միայն հույսերով չի կարելի արտաքին քաղաքականություն վարել ու մասնավորապես հաղթահարել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նման մեկ կարևոր հարց:
Կարծում եմ արդար կլինի Նիկոլ Փաշինյանին հարցնել, որ այդ կապակցությամբ «հույսերն» իրականություն չդառնալու դեպքում ի՞նչ է լինելու Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, հատկապես որ Ջոն Բոլտոնի և ամերիկյան պատվիրակության Երևան կատարած այցն ու դրան հաջորդած զարգացումները, այդ թվում հայաստանյան բանկերում իրանցիների արտարժութային հաշիվների սառեցումը, վկայում են այն մասին, որ հակառակ նախկին վարչակազմին, ԱՄՆ ներկա վարչակազմի մոտ բացակայում է հայ-իրանական հարաբերությունների ռազմավարական նշանակության մասին Նիկոլ Փաշինյանի ակնկալած «ըմբռնումը»:

Այն որ համաներումն իր մեջ կրում է մարդասիրական բնույթ անառարկելի է: Այս դիտանկյունից Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ին ներկայացված համաներման նախագիծը կարելի է դրական երևույթ համարել, որին իր էությամբ չի կարող դեմ գնալ որևէ ողջամիտ անձ:

Այդուհանդերձ ներկայացված նախագիծը պարունակում է մի կետ, որը ոչ միայն հարցականի տակ է առնում համաներման իմաստն ու նշանակությունը, այլև հակասելով տրամաբանությանը կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության գլխավոր սկզբունքները:
Համաներման մասին օրենքի 2-րդ գլխի 11-րդ հոդվածի 1-ին կետում նշված է. «Պատժից ազատել 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար դատապարտված անձանց, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները»:
Եթե 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար դատապարտված անձանց պատժից ազատելը տրամաբանորեն հասկանալի է, քանի որ նրանց պարագային գոյություն ունի համապատասխան դատավճիռ և սահմանված համապատասխան պատիժ, ինչը կարելի է ներել, 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած խմբի անդամների պարագային համաներումը տրամաբանորեն անհասկանալի է, քանի որ գործը դեռ դատարանում քննվում է, սպանության և հանրային գույքի ոչնչացման մասով գործը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ և կան հակասական ցուցմունքներ և ընդհանրապես չկա համապատասխան դատավճիռ և դրանից բխող պատիժ, որի վրա հնարավոր կլինի համաներում տարածել: Երևույթի հակասությունը կարելի է բացատրել մի պարզ օրինակով: Դուք կարող եք ներել ձեզ ունեցած որևէ անձի պարտքը, բայց նախ և առաջ պարտավոր եք ապացուցել, որ տվյալ անձը որոշակի գումար է պարտք ձեզ:
Համաներման օրենքի 11-րդ կետը միաժամանակ խախտում է ՀՀ սահմանադրության առնվազն երեք գլխավոր սկզբունքներ: Հայաստանում իշխանությունների տարանջատումը, անմեղության կանխավարկածը և օրենքի դիմաց բոլոր անձանց հավասարությունը և խտրականության բացառումը:
Ա) «Սասնա ծռեր» խմբի գործի դատաքննությունը ընթացքի մեջ է և մինչև այնքան ժամանակ երբ քննությունը ավարտին չի հասել, չեն հրապարակվել համապատասխան դատավճիռներ ու չի պարզվել գործի մեջ ներգարվված ամբաստանյալներից յուրաքանչյուրի հանցավորության չափը գործի քննությունը շարունակելու է մնալ Հայաստանի դատական իշխանության վերահսկողության ներքո: ՀՀ կառավարության Համաներման օրենքը պատժից ազատելով հիշյալ խմբի անդամներին կասեցնում է դատական գործընթացը, կանխելով հանցավոր արարքի բոլոր ծալքերի բացահայտումը: Սա կարելի է դատական իշխանության գործունեության մեջ մյուս երկու իշխանությունների՝ նախ գործադիրի և ապա օրենսդիրի, միջամտության բացահայտ և կոպիտ փորձ համարել, ինչը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ընդգծված դատարանների անկախության և իշխանությունների տարանջատման սկզբունքը:
Բ) Համաներման օրենքի 11-րդ կետը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ընդգծված անմեղության կանխավարկածը: Համաձայն այս սկզբունքի մինչև այնքան ժամանակ երբ անձի մեղքն ապացուցված չէ և չկա համապատասխան դատավճիռ անձը համարվում է անմեղ: Դատավճռի բացակայությամբ անձին պատժից ազատելով ՀՀ կառավարությունն ակամայից հայտնվում է դատավորի դերում, խախտելով անմեղության կանխավարկածը անձին մեղավոր է ճանաչում և ապա օրենքով նրան համաներում է շնորհում:
Գ) ՀՀ կառավարության Համաներման օրենքը խախտում է օրենքի դիմաց անձանց հավասարության սկզբունքը: Համաներման օրենքի 11-րդ կետը պատժից ազատում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին և 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար դատապարտված անձանց, մինչդեռ չի տարածվում 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի անդամների պարագային և դա այն դեպքում երբ «Սասնա ծռեր»-ի դեպքում իրականացվել է հանցագործական արարք, արձանագրվել է սպանության դեպք և հանրային գույքի ոչնչացում, մինչդեռ Նորք-Մարաշի զինված խմբի պարագային դա վնասազերծվել է նախքան հանցավոր արարքի իրականացումը: Նման խտրականություն ցուցաբերելով ՀՀ կառավարությունը խախտում է օրենքի դիմաց անձանց հավասարության սկզբունքը:
Բացի այդ օրենքն իր խորքում պարունակում է հակասություն: 
Ա) Օրենքի 2-րդ գլխի 10-րդ հոդվածի 2-րդ կետում ընդգծված է, որ համաներում չի կարող կիրառվել «այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ»: Դա ի տես այն բանի, որ գրավի և ստորագրության դիմաց ազատության մեջ հայտնված «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց հարցազրույցներում ոչ միայն իրականացված հանցավոր արարքի կապակցությամբ զղջում չեն հայտարարել, այլև չեն բացառել անհրաժեշտության դեպքում կրկին զենքի դիմելու հնարավորությունը: 
Բ) Համաներման օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն համաներում չի տարածվում ՊՊԾ գնդի գրավման ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան: Դեպքի ժամանակ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության գործով այս պահին մեղադրվում է Արմեն Բիլյանը, մինչդեռ խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանի ցուցմունքի համաձայն Գագիկ Մկրտչյանը սպանվել է Էդվարդ Գրիգորյանի արձակած գնդակից: Քանի որ հարցը դեռ քննության փուլում է պարզ չէ, թե ում վրա պիտի տարածվի 11-րդ հոդվածի 2-րդ կետը: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Այլ խոսքով օրնեքն ընդունվելուց 10 օր անց համաներմամբ պատժից ազատվելու է Էդվարդ Գրիգորյանը, որը Պավլիկ Մանուկյանի ցուցմունքի համաձայն կարող է մեղադրվել սպանության մեջ, իսկ համաներում չի տարածվելու Արմեն Բիլյանի պարագային, քանի որ նրա դեմ գոյություն ունի չապացուցված մեղադրանք: 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը ՀՀ Աժ-ում ելույթի ժամանակ անդրադառնալով Հայաստանի փակ ու կիսաբաց սահմաններին հայտարարեց, որ «հայ–իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ–ի եւ Իրանի հետ հարաբերությունների եւ մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով, իսկ հայ–վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել վատ եղանակային պայմանների կամ աշխարհաքաղաքական պայմանների պատճառով»:

Հայաստանի հյուսիսային և հարավային կիսաբաց սահմանների փակվելու հնարավոր վտանգի մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունն առաջին հայացքից կարող է առարկայական թվալ, սակայն այստեղ գոյություն ունի կարևոր մի հանգամանք, որը ըստ սովորականի Նիկոլ Փաշինյանը վարպետորեն փորձ է կատարել շրջանցել:
Եթե հայ-վրացական կիսաբաց սահմանը եղանակային և կամ աշխարհաքաղաքական պատճառներով կարող է փակվել անկախ Հայաստանի իշխանությունների կամքից (ինչը ձմռան եղանակին հաճախ է տեղի ունենում և բնականաբար Հայաստանի իշխանությունները դրա վրա ազդելու հնարավորություն չունեն), Իրանի հետ սահմանի դեպքում լիարժեքորեն այլ իրավիճակ է տիրում:
Բացառելով նույնիսկ ամենածանր պայմաններում Իրան-Հայաստան սահմանը փակելու իրանական կողմի ցանկության հավանականությունը, Հայաստանի հարավային «կիսաբաց» սահմանը կարող է փակվել միայն Հայաստանի իշխանությունների կամքով՝ արտաքին ճնշումների ներքո: 
Իսկ թե Հայաստանի ներկա և դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք նոր իշխանությունները բավարար կամք ու ցանկություն կդրսևորեն դիմադրելու այդ կապակցությամբ արտաքին ճնշումներին, դա արդեն ժամանակը ցույց կտա: 

Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «օկուպացված տարածքների» մի մասի վերադարձ: Այս մասին EVN Report ամսագրի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչի է պատրաստ: Սակայն դեսպանը շեշտում է, որ ինքը ցնցված է, թե որքան քիչ են քննարկվում ընդունելի լուծման եւ փոխզիջումների հարցերը:
Դիվանագետի կարծիքով՝ ստատուս քվոն արդեն Հայաստանի օգտին չէ, եւ սա դրսեւորվում է փակ սահմաններից սկսած մինչեւ նյութական պաշարների եւ մարդկային ռեսուրսների հետ կապված իրավիճակի լարվածություն, ընդհուպ մինչեւ հակամարտության հետ կապված կոռուպցիոն ռիսկեր:
Հայաստանում իր առաքելությունն ավարտած դեսպանի հայտարարությունը կարելի է ընդունել, որպես Հայաստանում պաշտոնավարած և առավել ևս Մինսկի խմբի համանախագահող երկրի դեսպանի հերթական սովորական հայտարարություն: Սակայն մի շարք հանգամանքներ առիթ են տալիս ենթադրելու, որ դեսպանի արտահայտությունները վտանգավոր տողատակեր են պարունակում:
Հատկանշական է, որ Դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը կատարվում է այն ժամանակ երբ Հայաստանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթը, իսկ առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան և Հայաստան:
«Օկուպացված» (ազատագրված) տարածքների վերադարձի և փոխզիջումների քննարկման անհրաժեշտության, նաև ստատուս քվոն Հայաստանի օգտին չլինելու մասին հայտարարությունը վտանգավոր հնչեղություն է ստանում այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 16-ին ներկայացրած հրաժարականով կարելի է ենթադրել, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անց են կացվելու առաջիկա դեկտեմբերին, որի արդյունքում չի բացառվում, որ ձևավորվելու է թույլ և ազդեցությունից զուրկ ընդդիմությամբ միակուսակցական խորհրդարան, որն ամբողջությամբ ենթարկվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկություններին: Դրան զուգահեռ թավշյա հեղափոխությունից հետո ձևավորվել է «ժողովրդի ուղղակի իշխանության» ձևաչափով հարցերն առանց փորձագիտական քննարկման հրապարակում ներկայացնելու և հաստատելու վտանգավոր ավանդույթը: Չի բացառվում, որ առաջիկայում կարող է Նիկոլ Փաշինյանի միջոցով հրապարակում քննարկման դրվել նաև «սահմանները փակ լինելու պատճառ դարձած, մարդկային ռեսուրսների հետ կապված իրավիճակների լարվածություն ու կոռուպցիոն ռիսկեր» առաջացնող Արցախի հարցը փոխզիջումների գնալով և «օկուպացված» տարածքների մի մասի վերադարձով կարգավորելու անհրաժեշտությունը: 
Եվ դա արվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցով, ով սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ում՝ խորհրդարանական լսումների ժամանակ «ազատագրված տարածքների» փոխարեն օգտագործեց «ձեզ հայտնի տարածքներ» տարօրինակ արտահայտությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին Ադրբեջանի նախագահին, իսկ սեպտեմբերին ՀՀ վարչապետին հղած ուղերձներում հայտարարել էր, որ առաջիկա ամիսները ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում հուսադրիչ են լինելու: Շատերը փորձեցին Թրամփի հայտարարությունը հենց այսպես կատարված առանց տողատակերի բարեմաղթանք համարել, մոռանալով որ ԱՄՆ նախագահը վերջին երկու տարիների ընթացքում ընդունած իր գործելաոճով ապացուցել է, որ որևէ ժամանակ «հենց այսպես» մի բան չի ասում: 

ԼՂ-ի հակամարտության թրամփյան լուծումն անկախ իր բովանդակությունից առավել վտանգավոր է դառնում այն իրողության ֆոնին, որ ղարաբաղյան հարցում ամերիկյան կողմի ցանկացած ակտիվացում անկասկած Մոսկվայի կողմից անարձագանք չի մնալու: 

Երկուշաբթի, 15 Հոկտեմբերի 2018 23:21

Գագաթնաժողով քաղաքական զրո արդյունքով

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրվել են երևանյան 17-րդ գագաթնաժողովի ավարտին հրապարակված «Երևանյան հայտարարություն»-ն ու ընդունված բանաձևերը:
Հիմք ընդունելով հրապարակված փաստաթղթերը պարզվում է, որ «Երևանյան հայտարարության» մեջ որևէ հղում չկա ղարաբաղյան հակամարտությանը, իսկ «Ճգնաժամային իրավիճակների, հետճգնաժամային իրավիճակների եւ խաղաղության հաստատման վերաբերյալ բանաձև»-ում ղարաբաղյան հակամարտության մասին տեղ է գտել ընդամենը հետևյալ պասիվ դիրքորոշումը. «Վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար և հիշեցնում ենք, որ երկարատև խաղաղությունը պահանջում է հակամարտության բոլոր կողմերի անկեղծ ներգրավումը գործընթացում, համանախագահների առաջարկությունների հիման վրա»: 
Պարզվում է, որ ՖՄԿ-ի երևանյան գագաթնաժողովի արդյունքը մեզ համար եղել է ընդամենը մի նախադասություն, որը անցնող տարիների ընթացքում բազմիցս տարբեր խմբագրմամբ տեղ է գտել ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ հրապարակված բանաձևերում ու հայտարարություններում: 
Ոչ «Երևանյան հայտարարության» և ոչ էլ գագաթնաժողովի բանաձևերում չկա Հայաստանի Հանրապետության պաշտոնապես ճանաչված, նաև Արցախի Հանրապետության սահմանների դեմ ադրբեջանական կողմի ոտնձգությունները, Թուրքիայի տարածքում հայկական պատմա-մշակութային կոթողների ոչնչացումը և միջազգային սահմանների անօրինական կերպով փակ պահելը դատապարտող գոնե մեկ նախադասություն: 
Դատելով Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովների ամփոփիչ հաղորդագրություններում շարունակաբար ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղ գտնող բանաձևերից դժվար չէ կռահել, որ մեր հակառակորդ երկիրը նման մակարդակի գագաթնաժողովը ինչպես էր ծառայեցնելու ընդդեմ մեզ, իսկ մենք ընդամնենը հրճվեցինք ու բավարարվեցինք էժան սելֆիներով, հայկական երաժշտության ներքո Մակրոնի ու Թրյուդոյի պարով ու մեր հյուրին «Եռագույն»-ը հիշեցնող գուլպաներ նվիրելով:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդումից հետո Հայաստանում ծայր առած քաղաքական զարգացումներին ճիշտ գնահատական տալու նպատակով անհրաժեշտ է մեկ անգամ ընդմիշտ հրաժարվելով հասարակությանն ու քաղաքական դաշտը «հեղափոխական»-ի ու «հակահեղափոխական»-ի բաժանելուց, ուշադրություն դարձնել առաջադեմ հասարակություններում «իշխանության» և «ընդդիմության» գործառույթներին:
Ցանկացած առաջադեմ հասարակության մեջ «իշխանությունը»-ը փորձում է իր տրամադրության տակ եղած օրինական լծակներով հնարավորինս երկարացնել իր պաշտոնավարության շրջանը, մինչդեռ «ընդդիմություն»-ը ելնելով իր գործառույթից և օգտվելով իրեն տրամադրված օրինական հնարավորություններից փորձում է կանխել գործող «իշխանության» պաշտոնավարման շրջանի երկարացմանն ուղղված ջանքերը։ Իշխանություն-ընդդիմութուն այս հավերժական հակամարտության ընթացքում եթե ընդդիմությանը (որ բնականաբար թույլ դիրքում է գտնվում և ընտրություններում քիչ ձայներ է հավաքել) որևէ անվան ներքո զրկենք պայքարի իր օրինական հնարավորությունից, նրան դատապարտած կլինենք հավերժ մնալու ընդդիմության դիրքում: Սա բնականաբար հակասում է է ժողովրդավարության սկզբունքներին և անմիաստ է դարձնում ընտրությունների կազմակերպումը: Խօսենք օրինակներով:
Որևէ մեկը չի կարող կասկածել, որ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը վայելելով ԱՄՆ-ի ժողովրդի վստահությունը և համաձայն այդ երկրի սահամանադրությամբ ընդունված ընտրական կարգի դարձավ ԱՄՆ նախագահ: Այդուհանդերձ վերջին շուրջ երկու տարիների ընթացքում դա արգելք չի հանդիսացել որպեսզի դեմոկրատականներն օգտվելով Կոնգրեսում ու դրանից դուրս իրենց լծակներից խոչընդոտեն տարբեր ոլորտներում երկրի նախագահի տարբեր նախագծերի վավերացումն ու գործադրումը և նույնիսկ նրա դեմ դատական գործեր հարուցելու միջոցով առաջ քաշեն նրան իմպիչմենտի ենթարկելու հնարավորությունը: ԱՄՆ-ի հասարակության մեջ որևէ մեկը դեմոկրատականների ջանքերը ընտրությունների միջոցով արտահայտված ժողովրդի կամքի դեմ ուղղված քայլ չի համարում ու միևնույն ժամանակ դեմոկրատականների քայլերը կանխելու համար Դոնալդ Թրամփն էլ իր համախոհներին ժամ առ ժամ փողոց չի հանում:
Այստեղ անշուշտ կարող է առաջ քաշվել «թավշյա հեղափոխության» փաստը, բայց նաև պիտի ընդունել, որ չի կարելի անսահամանափակ ժամկետով շահարկել հեղափոխության գործոնը և դա միջոց դարձնելով փաստորեն ասպարեզից հեռացնել քաղաքական հզոր ուժերին:
Առաջացած ու ամեն պահ խորացող քաղաքական ճգնաժամին դրական լուծում համար առաջին հերթին պիտի գալ այն համոզման, որ թավշյա հեղափոխությունն իր նպատակին հասավ ու հաղթանակեց ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականով ու հենց այդտեղ էլ մեկ անգամ ընդմիշտ պիտի փակված համարել հեղափոխության պատմության էջը: Դատելով ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինայի երեկ տարածած հայտարարությունից կարծես թե նույնն է ընդգծում նաև միջազգային հանրությունը: Համազեկուցողի հայտարարության մեջ որևէ ակնարկ չկա «թավշյա հեղափոխությանը», դրա փոխարեն ընդգծելով առաջիկա ընտրությունները եվրոպական չափանիշների և ժողովրդավարության նորմերին համապատասխան կազմակերպվելու և քաղաքական բոլոր ուժերին ընտրություններին պատրաստվելու բավարար ժամանակ տրամադրելու անհրաժեշտությունը:
Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելով ու նոր կառավարություն ձևավորվելով արդեն ուժի մեջ մտան «իշխանության» և «ընդդիմության» օրինական գործառույթները: Չի կարելի կասկածել, որ «թավշյա հեղափոխության» գործոնի կամայական շահագործմամբ խորհրդարանական ընդդիմության օրինական գործառույթի սահմանափակումը համարվելու է հակաժողովրդավարական ու հակասահմանադրական քայլ, ընդդիմադիր քաղաքական ուժերին զրկելով ընտրություններին պատճաշ ներկայացվածություն ունենալու հնարավորությունից:

Շատերին կարող է հետաքրքրել այն հարցը թե Նյու Յորք և Դուշանբե կատարած ուղևորությունից հետո ինչը՞ Նիկոլ Փաշինյանին մղեց խախտել մեկ տարվա ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը և առաջ քաշել ամենակարճ ժամկետում արտահերթ ընտրությունների գնալու հարցը:

Այսօր Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ կապված գործ ունենք երկու իրար հակասող իրողությունների հետ: Առաջինն այն իրողությունն է, որ Հայաստանի գործող իշխանությունների լեգիտիմության ու վայելած համակրանքի շուրջ փորձ է կատարվում հանրությանը ներկայացնել իշխանամետ ԶԼՄ-ների քարոզչության միջոցով և հանրահավաքների հարթակներից: Մյուս իրողությունը սակայն օրինական լեգիտիմության հետ կապված ճգնաժամն է, որի հետ Հայաստանի գործող իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվում են միջազգային հանրության հետ շփումների ընթացքում:

Պիտի ընդգծել, որ միջազգային հանրության դիտանկյունից լեգիտիմության իմաստն ու չափանիշը լիարժեքորեն տարբերվում են նրանից ինչ քարոզվում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից և փորձ է կատարվում դրանում համոզել հանրությանը՝ լեգիտիմությունը նույնացնելով հանրային համակրանքին, մինչդեռ դրանք իրարից լիովին տարբերվող հասկացություններ են: Այսօր Հայաստանում գործ ունենք հետաքրքիր մի իրողության հետ: Հայաստանում գոյություն ունի օրինապես ձևավորված միջազգային չափանիշներով լեգիտիմ խորհրդարան, որը վերջին հինգ ամիսներում հետհեղափոխական միջավայրում համակրանքի տոկոսի անկում է ունեցել: Դրան զուգհեռ գոյություն ունի իշխանություն և վարչապետ, որոնք վայելելով հանդերձ ժողովրդի համակրանքը, իշխանության են հասել հակասահմանադրական ընթացակարգով և ժողովրդի որոշակի հատվածի գործադրած ճնշման ներքո ձևավորված արհեստական մեծամասնության շնորհիվ: Հոկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունից գործընկեր կուսակցությունների՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի, նախարարների հեռացմամբ գործող իշխանություններն այսօր զրկվել են նույնիսկ այդ կիսատ լեգիտիմությունից, խորհրդարանում ունենալով ընդամենը «Ելք» դաշինքի աջակցությունն ու բնակաբար նրա 9 ձայները:

ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի շրջանակներում չկայացած կարևոր հանդիպումները, իսկ դրանից հետո ԱՊՀ-ի գագաթնաժողովում ոչ այն քան ջերմ ընդունելությունը Նիկոլ Փաշինյանին հանգեցրին օր առաջ արտահերթ ընտրությունների գնալու և այդպիսով միջազգային լեգիտիմության հարցը կարգավորելու անհրաժեշտությանը:

Նիկոլ Փաշինյանը կարող էր հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար սպասել մինչև առաջիկա մայիս: Սակայն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները նրա համար պարզեցին դառը մի իրականություն: Հնարավոր է աճպարարությամբ տարբեր տոկոսներ ու թվեր ներկայացնել հանրությանը և հավակնել ժողովրդի բացարձակ մեծամասնության համակրանքը վայելելու մասին, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանաբար բոլորից ավելի լավ է գիտակցում արձանագրված իրողությունը: Թավշյա հեղափոխությանը հաջորդած հինգ ամիսների ընթացքում նրա գլխավորած իշխանության վայելած համակրանքը խիստ անկում է արձանագրել: Դա են վկայում այն շուրջ 500000 ընտրողները, ովքեր չարձագանքեցին ընտրություններին մասնակցելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի կոչերին: Արտահերթ ընտրությունները միչև առաջիկա մայիս հետաձգելով համակրանքի անկումն անկասկած ավելի մեծ թափ է ստանալու և եթե դրան հավելենք Երևանից դուրս գտնվող ընտրողների անորոշ ճակատագիր ունեցող ձայները, կարելի է ենթադրել, որ արտահերթ ընտրությունները առաջիկա մայիսին կամ դրանից հետո տեղի ունենալու դեպքում չբացառաելով նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պարտությունը, լավագույն դեպքում նրան հաջողվելու է ավտորիտար ռեժիմների օրինակով 30-ից 40 տոկոս մասնակցությամբ ընտրություններում 80 տոկոսանոց հաղթանակ արձանագրել, ինչը չի կարող լուծել միջազգային հանրության հետ շփումներում իշխանության լեգիտիմության հարցը:

Արտահերթ ընտրությունները հնարավոր ամենակարճ ժամկետում (դեկտեմբերին) անցկացնելով Նիկոլ Փաշինյանը նախ հնարավորություն կունենա ոչ միայն խույս տալ համակրանքի առավել անկումից, այլ դրան զուգահեռ ներքաղաքական դաշտն արհեստականորեն սրելով, ներքին թշնամիներ (հակահեղափոխականներ) հորինելով, շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելով ու հասարակության մեջ կրկին հեղափոխական մթնոլորտ ստեղծելով վերականգնել նախկին համակրանքը և այդպիսով հզոր ընդդիմությունից մաքրված դաշտում հասնել բարձր տոկոսով մասնակցությամբ խորհրդարանական ընտրությունների, որի արդյունքում ձևավորված խորհրդարանում գոյություն կունենա բացարձակ մեծամասնություն վայելող մեկ ուժ և արհեստականորեն ձևավորված թույլ ու անգործունյա ընդդիմություն:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ի շենքի դիմաց հրավիրված հանրահավաքն ու այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ԱԺ-ի բակի գրավումը առնվազն քաղաքական ձեռքբերման տեսակետից կարելի է «Ոչնչից մեծ աղմուկ» համարել:
Եթե համեմատելու լինենք մինչև հանրահավաքը և դրանից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակը կարելի է հստակ արձանագրել, որ դա ոչ միայն դրական որևէ արդյունք չբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ հակառակ գոյություն ունեցող տպավորության դա կարելի է խորհրդարանական ուժերի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թույլ դիրքերի և հստակ զիջումների գնալու ապացույցը համարել:
Կես գիշերն անց Նիկոլ Փաշինյանը ավանդական թմբուկի զարկերի և «հու-հու»-ի բացականչությունների ներքո իր համախոհներին այն պայմաններում հեռացրեց խորհրդարանի բակից, երբ ժամեր տևած բանակցությունից հետո իր ձեռքում չուներ ոչ ստորագրված հուշագիր և ոչ էլ նույնիսկ բանավոր հստակ պայմանավորվածություն: Եղածը հենց այն էր ինչ գոյություն ուներ մինչև հանրահավաքը՝ հակառակ կառավարության ծրագրին դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ, իսկ խորհրդարանական ուժերի կողմից բանակցության պատրաստակամություն:
Եթե համարենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնականում ուներ հանրահավաքը շարունակելու և մինչև արտահերթ ընտրությունների շուրջ հստակ պայմանավորվածության հանգելը ժողովրդին ԱԺ-ի բակում պահելու և պատգամավորների վրա ճնշում գործադրելու հնարավորություն, ժամեր տևած բանակցությունից հետո առանց հստակ արդյունքի ժողովրդին տուն ճամբելը կարող է միայն մեկ իմաստ ունենալ և դա այն որ խորհրդարանական ուժերին հաջողվել է Նիկոլ Փաշինյանին հասկացնել, որ երկրում իր միջոցով ստեղծած քաղաքական ճգնաժամի լուծումը ոչ թե «ժողովրդի ուղղակի կառավարման» գեղեցիկ սակայն իրականում անգործադրելի մեթոդին դիմելով ժողովրդին ամեն անգամ փողոց հանելն է, այլ սահմանադրության և օրենքի շրջանակներում խորհրդարանական ուժերի հետ կառուցողական բանակցությունը: 
Նաև չի բացառվում որ խորհրդարանական ուժերը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են այն կարևոր հանգամանքը, որ նա կառավարությունից հեռացրել է այն խմբակցությունների նախարարներին, որոնց կողմից ինքը վարչապետ է առաջադրված եղել: Թեև ՀՀ սահմանադրությունը նման դեպքերի համար կանխատեսում չի կատարել, բայց տրամաբանությունը հուշում է այն մասին որ կառավարությունից ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարների հեռացմամբ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը գոնե բարոյական առումով կորցրել է իր խորհրդարանական լեգիտիմությունը՝ չունենալով խորհրդարանում մեծամասնության ձայնը:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, առաջիկա օրերին հետ կկանչվի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է, որ պատճառը հստակ է՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Արտաշես Թումանյանը եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը:

«Ընդգծենք, որ նման պատճառաբանությամբ հետ է կանչվում ոչ թե հեռավոր մի երկրում, այլ հարեւան երկիր Իրանում ծառայող դեսպանը: Երկիր, որի հետ հարաբերությունները իրենց նշանակությամբ ոչնչով չեն զիջում Ռուսաստանի կամ Վրաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերություններին:

Ներկա ժամանակահատվածում Իրանում Հայաստանի դեսպանի հետ կանչվելը մի քանի պատճառներով կարող է ոչ միայն աննպատակահարմար համարվել, այլ նույնիսկ բացասական ազդեցություն գործել երկու երկրների հարաբերություններում», - շեշտում է Ռ. Մարգարյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝հպանցիկ հայացք նետելով Իրանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջին կարելի է հաստատել, որ Արտաշես Թումանյանի ծառայության շրջանում բոլոր բնագավառներում դեսպանատան անձնակազմն աշխատել է բարձր ակտիվությամբ, ինչը բացառում է դեսպանին զուտ ծառայողական պատճառներով հետ կանչելու հնարավորությունը. «Հակառակ բոլոր հավակնություններին, փաստերից ելնելով Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդած շրջանում Իրան-Հայաստան հարաբերություններում լճացում է նկատվում: Ծառայության շրջանում իրանական պետական շրջանակների հետ սերտ հարաբերություններ ու ծանոթություններ հաստատած դեսպանին նոր ու անփորձ դեսպանով փոխարինելը ոչ միայն չի նպաստելու իրավիճակի շտկմանը, այլ որոշակի ժամանակով հետաձգելու է երկու երկրների հարաբերությունների ակտիվացումը»:

Ռ. Մարգարյանը նաեւ շեշտում է, որ վերջին շրջանում հատկապես լարվածություն է նկատվում հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում. «Ի դեպ, նույն հատվածով է անցնում Հայաստանն Իրանին կապող ցամաքային միակ ճանապարհը եւ նույն հատվածի մերձակայքում է գտնվում Մեղրիի ԱՏԳ-ն: Իրավիճակի առավել սրման դեպքում արտաքին աշխարհի հետ Հայաստանի միակ վստահելի ուղին բաց պահելու համար Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից առավել մեզ օդ ու ջուրի պես անհրաժեշտ է լինելու իրանական կողմի օժանդակության ապահովումը: Չեմ կարծում որեւէ մեկը կարող է ժխտել նման պայմաններում Իրանում փորձառու եւ իրավիճակին տիրապետող դեսպանի ներկայության անհրաժեշտությունը»:

https://iravunk.com/news/67777

Այսօր կայացավ «Սասնա ծռեր» կուսակցության անդրանիկ համագումարը: Անդրառանալով այս իրողությանը՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հիշեցնում է, որ սրանից ամիսներ առաջ մեկը մյուսի հետեւից իրենց ստորագրությունները դնելով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների ազատության մեջ հայտնվելու հող նախապատրաստող հիմնականում «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորները հավանաբար չէին ենթադրում, որ հիշյալ զինված խմբավորման անդամները ազատության մեջ հայտնվելուց հետո՝ կուսակցություն հիմնելով ու «քաղաքական» գործունեություն ծավալելով՝ փորձելու են դատաիրավական ապահով պատնեշ ստեղծել իրենց շուրջ ու խույս տալ ոչ հեռու անցյալում իրենց հանցագործ արարքի դիմաց պատասխանատվություն կրելուց ու համարժեք պատժի արժանանալուց:

«Այսօր «Սասնա ծռեր»-ը քաղաքական կուսակցություն են, իսկ զինված խմբի անդամներն արդեն կուսակցությունը վարող քարտուղարության անդամներ եւ նրանց դեմ ցանկացած դատա-իրավական ակտ հիմք է տալու դա որակել, որպես քաղաքական կուսակցության ազատ գործունեության իրավունքի սահմանափակում: Ներկա իրավիճակում դժվար կարելի է ենթադրել, որ հիշյալ խմբի անդամներից որեւէ մեկն առնվազն մոտ ապագայում կրելու է իր հանցագործ արարքի պատիժը: Կարծում եմ՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների արյան դիմաց խղճի խայթ պիտի զգան ստորագրություններով «Սասնա ծռեր» խմբի անդամներին նման քաղաքական անձեռնմխելիություն շնորհած ԱԺ պատգամավորները: Թեեւ չեմ բացառում, որ տրված ստորագրությունների համար այսօր առաջինը զղջում են հենց «Ծառուկյան» դաշինքի անդամները, հատկապես որ դատելով Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրված արդյունքներից՝ նրանց չհաջողվեց հետհեղափոխական էյֆորիայի մթնոլորտում, զինված խմբի անդամների ազատության համար հող պատրաստելու հաշվին շահել հիշյալ խմբի «հեղափոխական» համախոհների համակրանքն ու ձայները», - նշում է քաղաքագետը:

Ռ. Մարգարյանի կարծիքով՝ «Սասնա ծռերի» հետագա ծառայություններից նաեւ օգտվելու են գործող իշխանությունները. «Կասկած չկա, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես է գալու ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանության կողքին կանգնած ու նրա նպատակներին ծառայող խմբավորման դերում, որն, ի դեպ, ունի սեփական ժողովրդի դեմ զենք կիրառելու, պատանդառության ու բռնի ուժի գործադրման, նաեւ իր գործողությունները տարբեր ազգային ու հայրենասիրական կարգախոսներով արդարացնելու մեծ փորձ: Զինված խմբավորումից քաղաքական կուսակցության կերպարանափոխված խումբը ցանկացած պահին, պայմանների անհրաժեշտությունից ելնելով ընդունակ է վերականգնելու իր իսկական ու նախկին դիմագիծը (հատկապես որ հիշյալ խմբի ղեկավար դեմքերն իրենց տարբեր հարցազրույցներում չեն բացառել կրկին զենքի դիմելու հնարավորությունը), այն տարբերությամբ, որ եթե դա նախկինում ուղղված էր իշխանության դեմ, այսօր դա ծառայելու է իշխանության նպատակների իրագործմանը»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ միանձնյա իշխանության ձգտող եւ հարցերը հրապարակներում, ժողովրդի ծափերի ներքո ու ժողովրդի ցանկության անվան ներքո լուծող համակարգերին բնորոշ է իրենց կողքին ունենալ քաղաքական քողի ներքո ծպտված զինված խմբավորում, որը ցանկացած ժամանակ կարող է հօգուտ իշխանության շահերի ասպարեզ իջնել եւ հանուն գործող իշխանությունների ցանկության իրագործման ճնշել ցանկացած ընդդիմադիր ձայն. «Հիշյալ խմբավորումների առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք իշխանությանը սատարող իրենց գործողություններում չունեն իրավապահ մարմիններին յուրահատուկ իրավական ու օրինական սահմանափակումներ եւ միեւնույն ժամանակ նրանց ծառայություններից օգտվող իշխանությունները նրանց գործողությունների դիմաց որեւէ պատասխանատվություն չեն ստանձնում: Այսօր Հայաստանում ձեւավորվող ներքաղաքական գործընթացների ֆոնին չափազանց մեծ է «Սասնա ծռերին» նման գործառույթ վերապահված լինելու հնարավորությունը»:

https://iravunk.com/news/67830

Էջ 1, 14-ից