ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք11202019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ռոբերտ Մարգարեան
Ռոբերտ Մարգարեան

Ռոբերտ Մարգարեան

Երեւանում, հունիսի 28-ին, տեղի է ունեցել Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչների համար մուտքի վիզաների եւ կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր եւ ձեռք բերվել պայմանավորվածություն՝ գումարելու հյուպատոսական խորհրդակցությունների հաջորդ` տասներորդ նիստը  2014թ. Թեհրանում:

Իրանի նոր նախագահ, բարեփոխիչ հոգեւորական Հասան Ռուհանին պատասխանել է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին: Հասան Ռուհանիի պատասխանը տարածել են իրանական լրատվամիջոցները: Ռեգնումը, մեջբերելով Մեհր գործակալությանը, նշում է, որ Ռուհանին հայտնել է երկկողմ հարաբերությունների զարգացման հույս:

«Հուսով ենք, որ Իրանի եւ Հայաստանի գործադրած ջանքերը կդառնան բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման խթան: Մենք Հայաստանի հետ մեր գործակցությունն ընդլայնելու ենք փոխըմբռնման, վստահության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա», ասել է Ռուհանին

Իրանի նոր նախագահի պատասխանը պարունակում է ուշագրավ երանգներ: Նա բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման խթանի հույս հայտնելով, խոսում է Իրանի եւ Հայաստանի գործադրած ջանքերի մասին, տպավորություն թողնելով, որ կան այդ ջանքերին խոչընդոտող հանգամանքներ: Եվ Իրանի նախագահը կարծես թե ակնարկում է Սերժ Սարգսյանին, որ Հայաստանն ու Իրանը պետք է իրենք որոշեն իրենց հարաբերության բովանդակությունն ու ընթացքի դինամիկան:

Իրանի նախագահի այդ նուրբ ակնարկն անակնկալ չէ: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայ-իրանական հարաբերությունը բավական ամպոտ էր: Թերեւս այնքան, որ հարաբերությունը զգալիորեն կառուցվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջոցով: Հիշարժան էր պաշտոնթող Քոչարյանի այցը Իրան, որտեղ նա հանդիպելով գործող նախագահ Ահմադինեժադի հետ, արել էր հակաարեւմտյան հայտարարություններ: Եվ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական դիվանագիտության շրջանակում ինտենսիվ հարաբերություն էր հաստատում այդ Արեւմուտքի հետ:

Դժվար է ասել, Ռոբերտ Քոչարյանն էր փորձում իրավիճակից օգտվել եւ Իրանի միջոցով Հայաստանում քաղաքական ազդեցության հարց լուծել, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ էր փորձում հաղորդակցություն ապահովել այդ տրամաբանության շրջանակում, թե Սերժ Սարգսյանին էր օժանդակում, փորձելով ստանձնել Հայաստանի հետ Իրանի հարաբերության սոսնձի դերը, թույլ չտալով, որ ֆուտբոլային դիվանագիտությունն ու Արեւմուտքի հետ սերտ հարաբերությունը ազդեն հայ-իրանական հարաբերության վրա:

Հետագայում Սերժ Սարգսյանը կարծես թե որոշակի լեզու գտավ Ահմադինեժադի հետ, գուցե այն պատճառով, որ կարողացավ Իրանին համոզել, որ Արեւմուտքի հետ հարաբերությունը սերտացնելու քաղաքականությունն ուղղված չէ Իրանի դեմ եւ լուծում է բոլորովին այլ հարցեր: Այդուհանդերձ, հայ-իրանական հարաբերությունը Սերժ Սարգսյանի նախագահության առաջին հնգամյակի ընթացքում երեւի թե բնորոշվում է որպես չափավոր սառը:

Երկրորդ հնգամյակը մեկնարկում է Իրանում նոր նախագահով: Նախագահը նոր պետք է լիներ այսպես թե այնպես, բայց եղավ նոր նախագահ, որն ունի ռեֆորմատորի վարկ եւ դա դրական է ընկալվել Արեւմուտքում: Հնարավոր է նույնիսկ Իրանի հանդեպ պատժամիջոցների թեթեւացման հեռանկար, ինչը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն, քանի որ շատ հարցերում պատժամիջոցները սահմանափակել են հայ-իրանական կապը:

Գուցե նաեւ հենց դա նկատի ունի Իրանի նախագահը, ակնարկելով, որ Հայաստանն ու Իրանը պետք է զարգացնեն հարաբերությունը իրենց որոշումներով: Իրանը միգուցե Հայաստանին կոչ է անում լինել առավել համարձակ: Չի բացառվում, որ հայ-իրանական հարաբերության զսպման պատճառը եղել է նաեւ հենց Հայաստանի անհամարձակությունը, երբ փորձ չի արվել առավել ակտիվ աշխատել Արեւմուտքի հետ եւ համոզել, որ Հայաստանի ու Իրանի տնտեսական հարաբերությունը նախ ծավալային առումով ի զորու չէ Իրանին ահռելի կշիռ հաղորդել, եւ երկրորդ, կարող է լինել բավական վերահսկելի եւ իրենից վտանգ չի ներկայացնի միջազգային անվտանգության համար: Գուցե պաշտոնական Երեւանը պարզապես խուսափել է Արեւմուտքի հետ այդ հարցերի քննարկումից, ավելորդ գլխացավ չունենալու համար:

Սակայն, հնարավոր է նաեւ, որ խնդիրը Արեւմուտքում չէ, այլ հյուսիսում: Հայ-իրանական հարաբերությանը խանդով է վերաբերում նաեւ Մոսկվան: Կրեմլը ձգտել է պատրոնաժություն հաստատել հայ-իրանական բոլոր խոշոր նախագծերում: Մոսկվան քնեցրեց Իրանի սահմանին նավթավերամշակման ձեռնարկություն կառուցելու հարցը, հայտարարելով, թե դա տնտեսապես շահավետ չէ: Մոսկվան քնեցնում է Իրան-Հայաստան երկաթուղու հարցը, նավթամուղի կառուցման հարցը՝ որով Հայաստան կարող է նավթամթերք գալ: Իրանի հետ Հայաստանի հարաբերության ենթակառուցվածքային զարգացումը Հայաստանը զգալիորեն դուրս է բերում Ռուսաստանից ունեցած կախվածությունից, ինչը բնականաբար ձեռնտու չի կարող լինել Մոսկվային:

Ավելին, այդ ամենին զուգահեռ, Կրեմլը սկսեց հարաբերություններ կառուցել եւ խորացնել Ադրբեջանի հետ, ինչով բնականաբար տհաճություն էր պատճառելու Իրանին:

Այլ կերպ ասած, հայ-իրանական հարաբերության արգելակներն ամենեւին Արեւմուտքում չեն կամ միայն Արեւմուտքում չեն: Ավելին, ռազմավարական իմաստով, այդ հարաբերությունն արգելակելու հարցում շահագրգռված է Ռուսաստանը, ոչ թե Արեւմուտքը: Ներկայում հարաբերություն խորացնելով Ադրբեջանի հետ, Ռուսաստանը փորձում է հենց ռազմավարական ֆորպոստ ձեւավորել ընդդեմ Իրանի, լավ պատկերացնելով, որ Իրանն ու Արեւմուտքը կարող են երկարաժամկետ առումով գալ ռազմավարական ընդհանուր հայտարարի, առավել եւս, որ դրա պատմական նախադեպը եղել է:

Պատահական չէ, որ Իրանի նախագահի ընտրությունից առաջ Սիրիայի հարցում Արեւմուտքի հետ համաձայնության եկող Ռուսաստանը Իրանի նախագահի ընտրության արդյունքից հետո բավական կոշտ դիրքորոշում որդեգրեց եւ հակադրվեց Արեւմուտքի հետ:

Այդ ընթացքում, Հայաստանը կարեւորև քայլ կատարեց Իրանի եւ Հայաստանի միջեւ բարձրավոլտ էլեկտրագիծ կառուցելու ուղղությամբ, ծրագիրը ազատելով հարկերից ու մաքսերից: Չի բացառվում, որ Հայաստանի համար այդ քայլը Իրանի հետ հարաբերության համեմատաբար հին վախերից ձերբազատվելու քայլ էր:

Էլեկտրագիծը կարեւոր է իրանական գազի Հայաստան մատակարարման համար, որի դիմաց Թեհրանը պետք է ստանա էլեկտրաէներգիա: Պաշտոնական Երեւանը միգուցե փորձեց դրսեւորել այն համարձակությունը, որի մասին ակնարկում է Իրանի նոր նախագահը: Իսկ գուցե նաեւ Երեւանին այդ համարձակությունը հաղորդեցին Իրանի նախագահի ընտրության արդյունքներն ու դրա դրական ընկալումը Արեւմուտքում: Չի բացառվում նաեւ, որ որոշումն ինքնին Արեւմուտքի դրական ընկալման դրսեւրումներից մեկն էր: Հազիվ թե Ռուսաստանը Հայաստանին համարձակություն ներշնչեր մի նախագծի կապակցությամբ, որն ըստ էության հանդիսանում է Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ կախվածության թուլացմանն ուղղված քայլ:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/84727#sthash.DMQsDjZI.dpuf

Ամերիկյան «Խաղաղության հիմնադրամ» հետազոտական ինստիտուտը (կենտրոնակայանը՝ ԱՄՆ, Վաշինգտոն) այսօր հրապարակել է «Ձախողված/չկայացած երկրների ինդեքսը»  (Failed States Index) խորագրով ամենամյա վարկանիշային աղյուսակը, որում 178 երկիր է ընդգրկվել:

Ինչպես տեղեկանում ենք ինստիտուտի կայքից՝ Ffp.statesindex.org-ից, ցանկը կազմվել է հաշվի առնելով սոցիալական, տնտեսական և քաղաքական հետյալ12 չափորոշիչները՝ ժողովրդագրական զարգացում, փախստականների և ներքին տեղահանվածների տեղաշարժ (տվյալ երկրում), դժգոհ զանգվածների առկայություն, մարդկային ռեսուրսների արտահոսք, տնտեսական զարգացման անհավասարություն, աղքատության և տնտեսական անկման ցուցանիշ, իշխանության լեգիտիմության հարց, պետական մարմինների գործառույթներ (ավելի հստակ՝ դրանց վատթարացումը), մարդու հիմնարար իրավունքների խախտում, տվյալ երկրի ներսում անվտանգության մարմինների դերի ուժեղացում, իշխող վերնախավի ազդեցության մեծացում (երկրի ներսում), օտար երկրների միջամտություն (տվյալ երկրի գործերին) և արտաքին գործոններ:

Վերոհիշյալ 12 չափորոշիչներից յուրաքանչյուրը գնահատվել է 10 միավորանոց սանդղակով, որում 10-ը վատագույն, 0-ն՝ լավագույն ցուցանիշն է: «Խաղաղության հիմնադրամը» պետությունները դասակարգել է 12 չափորոշիչների հանրագումարի հիման վրա։

Եվ այսպես, աշխարհի 177 երկրները, ըստ ձախողվածության աստիճանի, դասակարգվել են 4 խմբի՝ «ահազանգող երկրներ», (վատագույն ցուցանիշ ունեցող երկրներն են, որոնք «հավաքել են» 90.1-ից 114.2 միավոր), «նախազգուշացվող երկրներ» (ընդհանուր միավորը՝ 60.5-ից 89.9), «միջին ձախողվածության երկրներ» (ընդհանուր միավորը՝ 31.8-ից 59.9), «կայուն երկրներ» (լավագույն ցուցանիշ գրանցած երկրներն են,  որոնք «հավաքել են» 16.8-ից 29.7 միավոր):

Ըստ այդմ՝ 2012թ-ի «ամենաձախողված երկիր է» ճանաչվել աֆրիկյան Սոմալին (113.3 միավոր), որին հաջորդում են Կոնգոն (111.9 միավոր) և Սուդանը (110.0 միավոր): «Ամենաձախողակների» տասնյակում ներառվել են նաև Հարավային Սուդանը, Չադը, Եմենը, Աֆղանստանը, Հայիթին,Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Զիմբաբվեն:

«Խաղաղության հիմնադրամի» ամենամյա զեկույցում մեր երկիրը 71.3 ընդհանուր միավորով հայտնվել է 105-րդ հորիզոնականում (նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ առաջընթաց է արձանագրել. 2012թ-ին 102-րդ հորիզոնականում էր)՝ այդպիսով դասվելով «նախազգուշացվող երկրների» շարքին:

Ինչպես 2012թ-ին, Հայաստանը այս տարի ևս հարևան երկրների շարքում ամենալավ ցուցանիշն է արձանագրել. Վրաստանը 84,2 միավորով 55-րդ հորիզոնականում է (2012թ.՝ 51-րդում), Թուրքիան՝ 75, 9 միավորով 86-րդում (2012թ.՝ 85-րդում), Ադրբեջանը՝ 78,2 միավորով 75-րդում (2012թ. 68-րդում) և վերջապես Իրանը 89,7 միավորով  37-րդ հորիզոնականում է (2012թ-ին՝ 34-րդում):

2013թ-ի վարկանիշի «ամենահաջողակները» սկանդինավյան երկրներն են. ցանկի վերջին՝ 178-րդ հորիզոնականը զբաղեցնում է Ֆինլանդիան (18.0 միավորով), որին նախորդում են Շվեդիան (19.7 միավորով), Նորվեգիան (21.5): Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Շվեյցարիան (21,5միավոր) և Դանիան (21,9միավոր): Ռուսաստանը ցանկում 80-րդն է ( 77.1 միավորով), իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 159-րդը (33,5 միավորով):

Ասում են պատմությունը կրկնում է իրեն: Եթե որևե մեկը կասկածում է այդ մասին այսօր կարող է, որպես ապացույց ներկայացնել ԻԻՀ նախագահական 11-րդ ընտրությունները: Շաբաթ՝ հունիսի 15-ին նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարվելուց հետո Իրանի հասարակության մոտ ծագած հույսի նշույլը հիշեցնում է 1997 թվականի շաբաթ՝ մայիսի 24-ը, երբ գրեթե բոլորի համար անսպասելի ու չսպասված պայմաններում ԻԻՀ նախագահ ընտրվեց Մոհամմեդ Խաթամին: Սրանից 16 տարիներ առաջ Մոհամմեդ Խաթամին այն պայմաններում ստանձնեց Իրանի գործադիր իշխանության ղեկը, երբ եվրոպական գրեթե բոլոր երկրները Իրանից հետ էին կանչել իրենց դեսպաններին, իսկ այսօր Հասան Ռոհանին Իրանի գործադիր իշխանության ղեկը իր ձեռքն է առնում այն պայմաններում, երբ Իրանը դիմագրավում է ԱՄՆ-ի ու արևմուտքի կողմից գործադրված ամենախիստ պատժամիջոցները:

Սրանից շուրջ մեկ ամիս առաջ, երբ Պահապան խորհուրդը մերժեց ԻԻՀ նախկին և Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի գործող նախագահ և ԻԻՀ 34-ամյա պատմության ամենաազդեցիկ գործիչներից համարվող Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանու թեկնածությունը, գուցե դժվար կարելի էր գուշակել, թե այդ օրերին հիասթափության խոր զգացում ապրող հասարակությունը ընդամենը մեկ ամիս անց նման քանականությամբ ձայներով նախագահ կընտրի Հասան Ռոհանուն, որն ինչ խոսք այդ օրերին այնքան էլ մեծ վարկանիշ չուներ մյուս թեկնածուների ցանկում: Ի՞նչ տեղի ունեցավ անցած մեկ ամսվա ընթացքում և ինչպե՞ս կարելի է գնահատել Հասան Ռոհանու տարած հաղթանակը:

65-ամյա հոգևորական, իրավաբանության գիտությունների դոկտոր, Իրանի իսլամական խորհրդատանի և բանիմացների ժողովի երկու նստաշրջանների անդամ, 16 տարի՝ ամենազգայուն պայմաններում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար  Հասան Ռոհանու տարած հաղթանակի համար կարելի է մի քանի պատճառներ նշել:

Անշուշտ ԻԻՀ նախագահական 11-րդ շրջանի ընտրությունների արդյունքներում որոշակի դերակատարություն են ունեցել տնտեսական պայմանները: Այսօր Իրանը գտնվում է տնտեսական ծանր պայմաններում: Այդ մասին խոստովանում են Իրանի նույնիսկ ամենապահպանողական գործիչները, որոնք անցած ութ տարիներում ու մինչև վերջին ամիսները պաշտպանում էին Մահմուդ Ահմադինեժադի վարած քաղաքականությունները: Թեև Իրանի այսօրվա տնտեսական խնդիրների հարցում չի կարելի անտեսել արևմուտքի գործադրած պատժամիջոցների գլխավոր դերակատարությունը, որի արդյունքում կրճատվել են Իրանի վաճառած նավթի ծավալները և սահմանափակություններ են ստեղծվել արտասահմանում գտնվող ակտիվները Իրան փոխադրելու հարցում, այդուհանդերձ չի կարելի աչքաթող անել գործող կառավարության վարած տնտեսական սխալ քաղաքականությունների բացասական հետևանքները: Գործող կառավարության տնտեսական քաղաքականությունները արժանացան գրեթե բոլոր թեկնածուների քննադատության՝ ի բացառյալ Սաիդ Ջալիլու, որը հենց սկզբից չուներ տնտեսական հստակ ծրագիր և ընդհանրապես տնտեսական հարցերը նրա նախընտրական ծրագրերում հետին պլան էին մղված: Ինչքան էլ, որ ֆունդամենտալիստները փորձեն իրենց ձեռքները լվանալով անմեղ ձևանալ ստեղծված պայմաններում, այդուհանդերձ Իրանի ժողովուրդը չի կարող մոռանալ, որ հենց նրանք էին, որ ութ տարի առաջ նախագահ դարձրին Ահմադինեժադին, ում վարած քաղաքականությունների պատճառով այսօր նման իրավիճակում է հայտնվել երկրի տնտեսությունը:  

Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներում դերակատար եղան նաև հասարակական պայմանները: Թեև Պահապան խորհուրդը իր գործունեությամբ ապացուցել է, թե կատարում է ֆիլտերի դեր և կանխում է համակարգը ղեկավարող վերնախավի համար անցանկալի անձանց ընտրությունների ասպարեզ դուրս գալը, սակայն այս անգամ կարծես իր հաշվարկումներում թույլ տվեց կոպիտ սխալներ: Մերժելով Հաշեի Ռաֆսանջանու թեկնածությունը, որը կարող էր իր շուրջ համախմբել բարեփոխականներին և կառավարության քննադատ ֆունդամենտալիստներին, Պահապան խորհուրդը հավատացած էր, թե կանխելով այդ կոալիցիայի  (բարեփոխականներ-կառավարության քննադատ ֆունդամենտալիստներ) ստեղծումը, բարեփոխականներին կհարկադրի ընտրություններում հանդես գալ մեկ թեկնածուով, հանձինս Մոհամմեդ Ռեզա Արեֆի, որը ինչ խոսք չուներ նախագահ դառնալու համար բավարար ձայներ հավաքելու շանսեր: Նման պայմաններում ասպարեզը թափուր էր մնում ֆունդամենտլիստական ճակատի մյուս թեկնածուների՝ Ղալիբաֆի, Վելայաթու, Հադդադ Ադելի, Ջալիլու կամ Ռեզայու համար, որոնցից որևե մեկի հաղթանակը միանշանակ համարվելու էր ֆունդամենտալիստների հաղթանակը: Սակայն տեղի ունեցավ անսպասելին: 2005 և 2009 թվականների նախագահական ընտրությունների փորձն ունեցող բարեփոխականները այս անգամ խոհեմությամբ հանդես գալով իրենց ամբողջ կապիտալը համախմբեցին ոչ թե Արեֆի, այլ մի այլ թեկնածուի շուրջ, որը ոչ միայն կարող էր շահել բարեփոխականների, այլև կառավարությանը քննադատող ֆունդամենտալիստների ձայները: Մի խոսքով Պահապան խորհուրդը ռազմավարական սխալ թոյլ տալով ոչ միայն չկարողացավ կանխել  «Բարեփոխականներ-կառավարության քննադատ ֆունդամենտալիստներ» չհայատարարված կոալիցիայի ձևավորումը, այլև պատճառ դարձավ, որ այդ համախմբումը առավել մեծ ծավալներով ձևավորվի Ռոհանու շուրջ: Ընտրապայքարի վերջին օրերում բարեփոխական թեկնածու Արեֆի ինքնաբացարկը համալրեց Ռոհանու պաշտպանների բանակը և նույնիսկ շատերը, որոնք մինչև ընտրություններից քանի օր առաջ կասկածում էին ընտրություններին մասնակցելու հարցում, որոշեցին ասպարեզ դուրս գալ: Մյուս ճակատում՝ վերջին տարիներում տեղի ունեցած ընտրություններում տարած հաղթանակից հովեր առած ֆունդամենտալիստները թույլ տվեցին այն սխալը, ինչը 2005 և 2009 թվականներին կատարեցին բարեփոխականները: Ի բացառյալ Հադդադ Ադելի, որը գիտակցելով թե ընտրություններում հաղթելու շանսեր չունի, հօգուտ ֆունդամենտալիստ մյուս թեկնածուների ինքնաբացարկ ներկայացրեց, այդ ճակատի մյուս թեկնածուներից յուրաքանչյուրը գերագնահատելով իր ճակատի հասարակական համակրելիության չափերը ձգտեց միայնակորեն թիկնել ԻԻՀ-ի նախագահի աթոռին և չնայած հնչեցված կոչերին պատրաստ չեղավ հօգուտ մյուսների հեռանալ ընտրությունների ասպարեզից: Եթե ֆունդամենտալիստական ճակատի համախմբման դեպքում կարելի էր կանխատեսումներ կատարել 2005 թվականի օրինակով ընտրությունները երկրորդ փուլ անցնելու մասին, ահա այդ ճակատի թեկնածուների միահեծանությունը պատճառ դարձավ, որ ոչ միայն ընտրությունները երկրորդ փուլ չանցնեն, այլև Ռոհանին ձայների ջախջախիչ տարբերությամբ (11 միլիոն ձայն) առաջին փուլում Իրանի նախագահ ընտրվի: Անշուշտ այդ ձայների խոշոր մասը Ռոհանին պարտական է Հաշեմի Ռաֆսանջանուն և Մոհամմեդ Խաթամուն, որոնք նախ իրենց համակաիրներին կոչ  արեցին ձայները տալ Ռոհանուն և ապա հաջողեցին Արեֆին համոզել ինքնաբացարկ ներկայացնելու հարցում:

Ռոհանին հանդես է եկել «Հնարամտության և հույսի կառավարություն» կարգախոսով և ներկայանալով, որպես չափավորական թեկնածու հեռու է մնացել Իրանի քաղաքական դաշտում գոյություն ունեցող երկու գլխավոր հոսանքների ծայրահեղություններից: Նա անդամակցում է պահպանողական ճակատին հարող Իրանի Պայքարող հոգևորականության հավաքականությանը, սակայն ընտրություններում նրա թեկածությունը պաշտպանել է նաև 24 տարիներ առաջ քաղաքական հայացքների տարբերության պատճառով այդ հավաքականությունից անջատված Իրանի Պայքարող հոգևորականության ֆորումը, որը գլխավորոում է Մոհամմեդ Խաթամին: Երկու շրջան Իսլամական խորհրդարանի և Բանիմացների ժողովի անդամ լինելուց բացի, Ռոհանին 16 տարի շարունակ վարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի պաշտոնը, իսկ այսօր նույն խորհրդում երկրի գերագույն առաջորդի ներկայացուցիչն է, միաժամանակ վարելով Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի պաշտոնը: Ռոհանու վարկանիշը կտրուկ բարձրացավ ԻԻՀ նախագահության թեկնածուների քաղաքականության թեմայով երրորդ հեռուստաբանավեճից հետո, որտեղ նա համարձակ հայտարարություններ հնչեցնելով պաշտպանեց Հաշեմի Ռաֆսանջանու և Խաթամու կառավարությունների գործունեությունն ու վարած քաղաքականությունները և սուր քննադատությունների թիրախ դարձրեց գործող կառավարությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ, իր գլխավոր մրցակից՝ նախկին բանակային և ներկայումս Թեհրանի քաղաքապետ  Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի հասցեին հնչեցրած նրա «Ես գնդապետ չեմ, ես իրավագետ եմ» արտահայտությունը կարծես իր մեջ խտացնում էր անցած ութ տարիների ընթացքում երկրի քաղաքական ու տնտեսական տարբեր շերտերում՝ Իսլամական հեղափոխության գվարդիայի զգալի ներփանցմանն ուղղված քննադատությունը, ինչից դժգոհ է ժողովրդի մեծամասնությունը:

Ռոհանու տարած հաղթանակում չի կարելի անտեսել նաև միջազգային այն պայմանների դերակատարությունը, որում այսօր հայտնվել է Իրանը:

Երկար ժամանակ է ինչ փակուղային վիճակի մեջ է գտնվում Իրանի միջուկային հարցը: Արևմուտքի կողմից գործադրված պատժամիջոցներին և Իսրայելի ու նաև մերթ ընդ մերթ ԱՄՆ-ի որոշ շրջանակների կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ, միջուկային հարցում Իրանի անդրդվելիությունը ստեղծել են այնպիսի իրավիճակ, որից փրկվելու միակ ելքը կողմերի հստակ զիջումների գնալն է: Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում Ռոհանին իր վարած ճկուն քաղաքականությամբ կարողացավ ժամանակ շահել և միջուկային աշխատանքների կամավոր առկախմամբ կանխեց Իրանի միջուկային հարցի ՄԱԳԱՏԷ-ից Անվտանգութան խորհուրդ փոխանցվելը: Մահմուդ Ահմադինեժադի նախագահության շրջանում Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում Ռոհանուն հաջորդած Ալի Լարիջանին նույնպես շարունակեց Ռոհանու քաղաքականությունը, սակայն միջուկային հարցում Ահմադինեժադի քաղաքականությունները այլ ուղղությամբ էին ընթանում, որի արդյունքում էլ Ալի Լարիջանիին փոխարինած Սաիդ Ջալիլու բանակցային խմբի կոշտ ու սակարկություն չընդունող քաղաքականությունների պատճառով Իրանի միջուկային հարցը փոխանցվեց Անվտանգության խորհուրդ, որին հաջորդեցին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները:

Անցնող ութ տարիների ընթացքում երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ոչ միայն պաշտպանել է բանակցություններում Ջալիլու ընդունած դիրքորոշումը, այլև առավել քան երբևե տիրացել է այդ ուղղությամբ որոշում կայացնելու մենաշնորհին: Այդ մենաշնորհից բխում է նաև Իրանի այսօրվա տնտեսական բարդությունների պատասխանատվությունը կրելու անհրաժեշտությունը: Որոշ վերլուծաբաններ ԻԻՀ նախագահական 11-րդ շրջանի ընտրությունները ինչ-որ ձևով միջուկային հարցի շուրջ չհայտարարված հանրավքե են բնութագրում, որտեղ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին ու գործող քարտուղարները ներկայացնում էին միջուկային հարցում լիովին իրար հակադրվող կողմնորոշումները: Ընտրություններում Սաիդ Ջալիլու հաղթանակը ամրանպդելու էր միջուկային հարցում գերագույն առաջնորդի դիրքորոշումները և մեղմելու էր դրա հետևանքների պատասխանատվության բեռը: Իսկ այսօր Ռոհանու հաղթանակը կարծես թե նոր ուղղություն է բացելու Իրանի միջուկային հարցում:

1988 թվականին Իրան-Իրաք պատերազմի թեժ օրերին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնին չսպասված քայլի դիմելով հայտարարեց Անվատնգության խորհրդի թիվ 598 բանաձևը ընդունելու մասին և դա նմանեցրեց թույնի գավաթը ըմպելուն: Իսկ այս անգամ թվում է, թե միջուկային հարցում զիջումների գնալու թույնի գավաթը, ոչ թե պատրաստվում է ըմպել առաջնորդը, այլ դա բաժին է հասնելու ԻԻՀ 7-րդ նախագահ Հասան Ռոհանուն, որի ընտրությունը կարող է հստակ մեսիջներ պարունակել արևմուտքի համար, այն մասին թե Իրանը պատրաստվում է միջուկային հարցում զիջումների գնալու: Արևմուտքի ու հատկապես Մեծ Բրիտանիայի որոշ պաշտոնատարների հետ ջերմ հարաբերությամբ հայտնի Ռոհանու ընտրությունը կարող է երկու բացառիկ հնարավորություններ ստեղծել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի համար: Այդպիսով գերագույն առաջնորդն անցած ութ տարիների փակուղային վիճակի և դրա հետևանքով ստեղծված բարդությունների պատասխանատվությունը իր ուսերից թոթափելով, բարդելու է շրջանավարտ կառավարության և ներկա բանակցող խմբի ուսերին: Դրան զուգահեռ բարեփոխականների կողմից հովանավորված ոչ այնքան բարեփոխական անհատին նախագահ դառնալու հնարավորություն տալով փորձ է կատարվելու վերականգնել հատկապես 2009 թվականի ընտրություններից հետո միջազգային հասարակայնության մոտ խաթարված Իրանի դիմագիծը:

1997 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցած Իրանի նախագահական ընտրություններում Մոհամմեդ Խաթամու արձանագրած հաղթանակից հետո մեկը մյուսի հետևից Իրան վերադարձան եվրոպական երկրների դեսպանները, որին հաջորդեցին Իրան-արևմուտք համեմատաբար ջերմ հարաբերությունները: Այսօր Հասան Ռոհանու տարած հաղթանակով արդյոք պատմությունը կրկնելո՞ւ է իրեն: Թեև դեռ վաղ է այդ մասին կանխատեսումներ կատարելու համար, սակայն ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո Սպիտակ տնից ու Մեծ Բրիտանիայից հնչեցված հուսալի կոչերը կարծես գալիս են հաստատելու, որ այո՛, իրոք պատմությունը կրկնում է իրեն:

http://www.article.diplomat.am/publ/public/robert_markaryan_rowhani/14-1-0-328

Իրանահայ երեք թեմերի առաջնորդները և իրանահայ 18 ազգայիններ ներկայանալով Բեյրութում գտնվող Թեհրանի դեսպանատանը մասնակցել են ԻԻՀ նախագահական ընտրություններին:

Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդներ Տեր Սեպուհ Արք. Սարգսյանը, Տեր. Բաբգեն Եպիսկ. Չարյանը և Հայր Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթչյանը և նրանց ընկերակցող իրանահայ երեք թեմերի պատվիրակությունները, որոնք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային Ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանան են այցելել, ԻԻՀ նախագահական ընտրություններին մասնակցելուց հետո հանդիպել են Լիբանանում Իրանի դեսպան Ղազանֆար Ռոքնաբադուն:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Սեպուհ Արք. Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծելով Իրանի ժողովրդի հետ իրանահայության միասնականությունն ասել է. «Ընտրությունների արդյունքը ինչ էլ որ լինի Իրանի ժողովուրդը պահպանելու է միատարրությունն ու միասնականությունը»:

Սրբազան հայրը Իրանում ժողովրդավարություն չլինելու մասին թշնամիների հավակնությունների կսպակցությամբ նշել է. «Նրանք ովքեր նման արտահայտություններ են կատարում պիտի պարզաբանեն, թե ժողովրդավարությունը իրենց երկրում ինչ պայմաններում է գտնվում, քանզի Իրանում ժողովրդավարություն գոյություն ունի և ես այդ մասին գոհունակությամբ եմ արտահայտվում»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը Իրանի դեմ արևմտյան երկրների սպառնալիքների կապակցությամբ Իրանի քրիստոնյաների դիրքորոշման մասին ասել է. «Իրանը հզոր երկիր է և իրանահայությունը իր մուսուլման եղբայրների կողքին դիմադրելու է ցանկացած սպառնալիքի և պաշտպանում է տարածաշրջանում գոյություն ունեցող դիմադրության ճակատը»:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, փորձագետ Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով օրեր առաջ Բաքվից հնչած հայտարարությունը, թե «եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի մեզ, մեզ կարող ենք օգնել», կարծիք է հայտնել, որ նման պահվածքով պաշտոնական Բաքուն պարզապես փորձում է սեփական ժողովրդի և միջազգային հանրության աչքերում «քաղաքակիրթ և կառուցողական երևալ»:

«Ադրբեջանը տարիներ շարունակ շիկացրել է մթնոլորտը: Մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում լարվածություն է ստեղծել, դուրս է եկել տարբեր ձևաչափերից, շեղվել է ձեռք բերված պայմանավորվածություններից և որդեգրած դիրքորոշումներից՝ փորձելով հանդգնությամբ հասնել իր ուզածին: Այսօր, սակայն, Բաքվում տեսնում են, որ որոշ շեշտադրումներ արդեն փոխվել են, իսկ աջակցությունը (դրսից), որ նախկինում բավարար էր թվում, իրականում գնալով թուլանում է»,-ռուսական Regnum գործակալության հետ զրույցում ասել է Զատուլինը և ավելացրել,-Բաքուն այժմ այնպիսի վիճակում է, որ նրան այլ բան չի մնում, քան իրեն կառուցողականության լույսի ներքո և քաղաքակրթվածության փարոս ներկայացնել: Ադրբեջանն իր այդ քայլով փորձում է մեղմել լարվածությունը, որը որ ինքը վերջին մի քանի տարիներին հրահրում էր»:

Զատուլինը կարծում է, որ ադրբեջանական կողմի հռետորաբանության մեղմումը պայմանավորված է նաև գալիք նախագահական ընտրություններով (2013թ. հոկտեմբեր-Tert.am): «Ադրբեջանում ապրում են՝ սպասելով նախագահական ընտրությունների: Իլհամ Ալիևը անհանգստանում է... Ես դա զգում եմ: Ի դեպ, ես չեմ կարող այդ երկիր այցելել, քանի որ հասկանալի պատճառներով ինձ «պերսոնա նոն գրատա են» հայտարարել այդ երկրում (Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով: ԼՂ այցելող անձանց Ադրբեջանի ԱԳՆ-ը ներառում է անցանկալի անձանց շարքում-Regnum): Ադրբեջանի նախագահի անհանգստությունը հիմնավորված է, քանի որ ներքին ընդդիմությունն իրենն է պահանջում, մերկացնում է իշխանությունների հակաժողովրդավարական քայլերը: Ադրբեջանի արտաքին ընկեր ամերիկացիներն էլ օգնության չեն շտապում, հակառակը՝ խնդիրներ են ստեղծում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով: Ադրբեջանի քաղաքական դաշտին նայում են ընդդիմության աչքերով»,- հայտարարել է փորձագետը:

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Զատուլինի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն էլ այսօր «առաջվանը չեն». Բաքուն գիտակցում է՝ առանց «հիմնավոր պատճառի» Մոսկվան չի սատարելու Ալիևի թեկնածությունն ու վարչակարգը:

«Մոսկվայում հենց այնպես, ոչնչի դիմաց չեն համարի, որ Ալիևի գործող վարչակարգն ավելի լավն է, քա ասենք մեկ ուրիշը: Եթե Բաքվում նախկինում կարծում էին, որ Ռուսաստանը ամեն դեպքում պաշտպանելու է իրենց իշխանությունը՝ տարբեր սպառնալիքներից խուսափելու համար (ազգայնականների, իսլամիստների ակտիվացումից), ապա այսօր այդ վստահությունը կամաց-կամաց ետին պլան է մղվում: Ինքը՝ Ալիևը, վերջին շրջանում ինչեր ասես, որ չի խոսել, և գործնականում ցույց  է տվել, որ սեփական շահերով է առաջնորդվում Մոսկվայի հետ հարաբերություններում: Օրինակները բազմաթիվ են՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը, Իրանի հետ տարաձայնությունները, էլ չեմ խոսում Հայաստանի նկատմամբ Բաքվի դիրքորոշման մասին: Բացի այդ, Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Ադրբեջանում վստահ լինեն, որ իրենց հյուսիսային մեծ հարևանն անվերապահորեն աջակցում է իրեն»,-ասել է փորձագետը:

Զատուլինը նաև նշել է, որ Ալիևի «երերուն դիրքերը» նաև ԼՂ հարցի չլուծված լինելու հետևանք են:

«Ադրբեջանի իշխանությունները կարծում էին, որ իրենք բավարար տնտեսական, քաղաքական և դիվանագիտական ներուժ ունեն, որպեսզի կարճ ժամանակում լուծեն հարցը՝ հօգուտ իրենց: Այդ ռազմավարության բաղկացուցիչ մասն էին կազմում՝ շփման գծում լարվածություն հրահրելը, փորձերը ստիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբին մեծացնել ճնշումը Հայաստանի նկատմամբ, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին իր կամքը թելադրելու ձգտումը: Ի դեպ, Ադրբեջանի ինքնավստահության աստիճանի բարձրացմանը նպաստեցին  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խոչընդոտելու փորձերը,  որոնք պսակվեցին հաջողությամբ: Սա ոչ ճիշտ եզրահանգումների տեղիք տվեց, թե  «ամեն ինչ Բաքվի ձեռքերում է»: Արդյունքը, ինչպես որ տեսնում ենք չկա, սակայն այդ ռազմատենչ դիրքորոշումն իր հետևանքները թողնում է: Այս վիճակն ինչ-որ առումով նման է խումարի վիճակին»,- նշել է Զատուլինը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն այժմ խուսանավելու փորձեր է անում:

Փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, նշել է, որ Բաքուն իրականում ոչ միայն չի կարող, այլև չի ցանկանում պատերազմ սկսել:

«Տարեց տարի ընդլայնելով իր ռազմական բյուջեն՝ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը: Ադրբեջանական  կողմի քայլերի տրամաբանությունից ելնելով՝ սպասվում էր, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու, սակայն, Բաքուն ոչ միայն չի ցանկանում այդ պատերազմը, այլև չի կարող: «Չցանկանալու» պատճառները շատ են՝ պատերազմը կապիտալի մեծ արտահոսքի պատճառ կդառնա: Նրա հայրը (նկատի ունի նախկին նախագահ Հեյդար Ալիևին, որը պաշտոնավարել է 1993-2003թթ-ին) իշխանության եկավ հուզումների ժամանակ: Նա լավ հասկանում էր, որ անկարգություններն ինքնին անկանխատեսելի հետևանքների բույն են: Ալիև-կրտսերը, սակայն, նման փորձ չունի: Այդ պատճառով էլ նա իր հռետորաբանությունում, պաշտոնական հայտարարություններում շատ հեռուն է գնում, իրեն ավելորդություններ թույլ տալիս: Իսկ «չի կարող» քանի որ ոչ ոք չի սատարի իրեն, հավանություն չի տա այդ ծրագրին և թույլ չի տա»,-ընդգծել է փորձագետը:

Ղարաբաղյան հակամարտության մեջ հայտվել են նոր, դեռևս թույլ նոտաներ, որոնք վկայում են հակամարտության կողմերի վրա համաշխարհային հանրության կողմից ճնշման ուժեղացման և «առանց հակամարտությունը կարգավորելու հարաբերությունների կարգավորման» մասին:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը շշմեցնող հայտարարություն է արել այն մասին, որ թե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի իրենց, իրենք չեն մերժի: Այս սենսացիոն հայտարարությունից հետո նախագահ Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչը մեկնաբանել է, որ հենց Հայաստանը խնդրի, Ադրբեջանն իսկույն կառաջադրի իր պայմանները: Այդուհանդերձ, նա չի ժխտել տնտեսական համագործակցության հնարավորությունը:

Մինչ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները տնտեսական, հումանիտար մակարդակում զրո էին: Եթե ներկայիս նախագահի հայրն ու նախորդը՝ Հեյդար Ալիևը, չէր խոչընդոտում երկրների միջև շփումը, թեև խուսափում էր տնտեսական համագործակցությունից, ապա նրա որդին՝ Իլհամը, բոլոր շփումները զրոյի հավասարեցրեց և իր քաղաքականությունը հիմնեց հայատյացության վրա:

Ադրբեջանի նման քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվեց շրջափակման և բազմաթիվ տարածաշրջանային ծրագրերից մեկուսացվածության մեջ: Սակայն ամենագլխավորը՝ շրջափակման մեջ են տարածաշրջանային հաղորդակցությունները՝ երկաթուղին, խողովակաշարերը, և արևմտյան երկրները, գազի ու նավթի առաքման համար, ստիպված էին անհամեմատ ավելի թանկ շրջանցիկ կոմունիկացիաներ կառուցել:

Միջնորդ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, քանիցս փորձել են համոզել Ադրբեջանին և Թուրքիային ապաշրջափակել տարածաշրջանը, սակայն ամեն անգամ այս երկու երկրները առաջ են քաշել պայման՝ «Ղարաբաղում հողերի վերադարձ»: Հայկական կողմը, չնայած բանակցություններին, չի ցանկացել հրաժարվել նույնիսկ 1991-1994 թթ. պատերազմի ընթացքում ազատագրված տարածքների մի մասից:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս կայացած հանդիպումները, հավանաբար, փոխել են կարգավորման շեշտադրումները, և որոնվում են տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու եղանակներ՝ առանց հակամարտության քաղաքական լուծման: Դրվում են զուտ տնտեսական նպատակներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան չէր թաքցնում, որ ղարաբաղյան հիմնախնդիրը (հողերի վերադարձը) հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ (ապաշրջափակում) շաղկապելու կողմնակից էր: Բրայզան ակնհայտորեն պաշտպանում էր Ադրբեջանի և Թուրքիայի շահերը՝ ջանալով հասնել հողերի գեթ մի մասի վերադարձման:

Սակայն այս քաղաքականությունը ամերիկահայ համայնքի և, հավանաբար, այդ երկրի վարչակազմի սրտով չէր, և Ադրբեջանում դեսպան երկու տարի առաջ նշանակվեց Ռիչարդ Մորնինգսթարը, որը միանգամից հայտարարեց, որ առաջնահերթությունը էներգետիկ հարցերն են՝ առանց Ղարաբաղի խնդրին շաղկապելու: Եվ, հավանաբար, Ադրբեջանին առաջարկվել է նրա համար տնտեսապես շահավետ կոմունիկացիոն նախագիծ:

Ի՞նչ գինը կվճարի Հայաստանը դրա դիմաց: Արդյոք Ադրբեջանը կկարողանա՞ Հայաստանից առնվազն փոքր տարածքային զիջում կորզել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը մի առիթով հայտարարել էր, որ բավական է զիջել գոնե մեկ շրջան: Սակայն նույնիսկ փոքր զիջումները կփոխեն ռազմական և ռազմավարական հաշվեկշիռը, և, ավելի շուտ, Հայաստանը կպնդի կոմունիկացիաները բացելու վրա՝ առանց ներկայիս ստատուս քվոն խախտելու: Եվ ամբողջ հարցն այն է, թե կօգնի՞ արդյոք նրան դրանում Ռուսաստանը:

 "Armenianow.com"

«Արաբական գարնան» ընթացքում արաբական երկրների համար Թուրքիայի բարձրացած հեղինակությունը զգալի կնվազի բողոքի շարժման հետեւանքով: Այս մասին այսօր՝ հունիսի 10—ի մամուլի ասուլիսում հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա` նախքան Թուրքիայում բողոքի շարժումը սկսելը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հանդես էր գալիս որպես ժողովրդավար պետության ղեկավար եւ արաբական երկրների ղեկավարներին խորհուրդ էր տալիս  լսել իրենց ժողովուրդների ձայնը, սակայն վերջին դեպքերը ցույց տվեցին, որ  Թուրքիան նմանատիպ  երկիր է:  «Որոշ արաբական երկրներում, մասնավորապես` Եգիպտոսում, տիրում էր թուրքական կառավարման մոդելի հանդեպ հիացմունքը, որը իսլամական, սակայն միաժամանակ ժողովրդավարական քաղաքականություն էր վարում, սակայն պարզվեց, որ այդ ժողովրդավարությունը հիմնականում քարոզչական բնույթի է», - նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայի ներկայիս բողոքի շարժումը պետք է դաս լինի եվրոպական այն ուժերին, որոնք կողմ են Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու: «Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Թուրքիան այն պետությունը չէ, որն իր քաղաքականությամբ, իր արժեքներով կարող է դառնալ ԵՄ անդամ: Նա պետք է երկար ճանապարհ անցնի», - ընդգծել է թուրքագետը: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի համոզման` բողոքի ցույցերը նպաստում են տարաշածրջանի առաջնորդ դառնալու Թուրքիայի հնարավորությունների նվազմանը:   «Վերջին ժամանակներս ցույցերի հետ կապված տեղի է ունենում նաեւ արեւմտյան կապիտալի արտահոսք Թուրքիայից, որը կարող է ազդել Թուրքիայի տնտեսական հետագա զարգացման վրա», - եզրակացրել է Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի  խոսքերի վերաբերյալ հայտարարությամբ:

Ըստ թուրքական «Today’s Zaman»-ի` հայտարարության մեջ ասվում է, որ պապը պետք է նպաստի երկրում խաղաղությանը, այլ ոչ թե պատմական խնդիրներ բարձրացնի: ԱԳՆ-ում իրենց հիասթափությունն են հայտնել` պապի հայտարարությունն անվանելով միակողմանի:

Ավելի վաղ Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելելու եւ Երեւանում հոգեւոր արարողություն անցկացնելու ցանկություն էր հայտնել:

Իրանահայ համայնքի անունից, Իրանի խորհրդարանում իրահանայ պատգամաւորների նախաձեռնութեամբ եւ համայնքի թեմերի, կառոյցների, միութիւնների, լրատւամիջոցների անունից  պատրաստւել է «Իրանահայութեան ակնկալիքները եւ պահանջները Իրանի ապագայ նախագահից» փաստաթուղթը, որը կներկայացւի յունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրութիւնների 8 թեկնածուներին:

Փաստաթղթում իրանահայութեան պահանջները ներկայացւած են երկու մասով: Առաջինը «ազգային ու միջազգային հարթութիւն»-ն է, ուր նշւած են՝ ա) միջազգային սանկցիաների արդիւնքում առաջացած տնտեսական իրավիճակի եւ դրա հետեւանք հասարակական յարաբերութիւնների բարելաւման անհրաժեշտութիւնը, բ)արտաքին քաղաքականութեան բնագաւառում Իրանի անկախութեան, տարածքային ամբողջականութեան պահպանումը, արտաքին ճնշումներին դիմակայումը, գ) գիտական  եւ տեխնոլոգիայի ոլորտում կրթութեան եւ գիտութեան, բարձրագոյն կրթութեան մէջ եղած խնդիրների լուծումը եւ այդ հարցերի կարեւորութեան բարձրացումը դ) երկրի զարգացման գործում կանանց մասնակցութեան նպաստումը:

Երկրորդ «հայ համայքի հարթութիւն»-ում պահանջւում է՝ ա) Հայոց ցեղասպանութեան եւ նման յանցագործութիւնների դատապարտման ուղղութեամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, բ) կրօնական փոքրամասնութիւնների կրթական, մշակութային եւ մարզական կառոյցներին նիւթական եւ բարոյական աջակցութիւն ցուցաբերել գ) կրօնական փոքրամասնութիւններին պետական կառոյցներում աշխատելու հնարաւորութեան ընձեռել, դ) նախարարութիւններում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների համար տեղակալի կամ խորհրդականի պաշտօն նախատեսել, ե) քաղաքացիական օրէսնգրքի՝ ժառանգութեանը վերաբերող 881-րդ յօդւածի ստեղծած խնդիրները լուծելու համար իրաւական եւ գործադիր համապատասխան քայլեր ձեռնարկել, զ) գործադիր իշխանութեան եւ կրօնական փոքրամասնութիւնների միջեւ սահուն յարաբերութիւններին նպաստելու համար նախագահի աշխատակազմում, նախարարութիւններում եւ նահանգապետարաններում նշւած խմբերի հարցերով տեղակալի կամ խորհրդականի հաստիք ստեղծել:

Փաստաթուղթը ստորագրւել է Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդարանների, իրանական խորհրդարանում իրանահայութիւնը ներկայացնող պատգամաւորների, «Ալիք» հաստատութեան եւ Թեհրանում, Սպահանում, Թաւրիզում, Ուրմիայում, Շահինշահրում, Արաքում, Անզալիում, Շիրազում, Ահւազում, Գորգանում, Սալմաստում, Սարիում, Մաշհադում, Ղազւինում, Աբադանում, Գեարդաբադում, Բոլորանում եւ Ղորողում իրանահայ մշակութային, մարզական եւ հասարակական միութիւնների կողմից:

Այն վերջնականցւել է շաբաթ օրը՝ Թեհրանի Ազգային առաջնորդարանում կայացած թւով երկորդ հանդիպման ընթացքում՝ նշւած կառոյցների մի մասի ներկայացուցիչների մասնակցութեամբ:

Ըստ առնւած որոշման, իրանահայութեան պատւիրակութիւնը կհանդիպի թեկնածուների շտաբների հետ եւ կփոխանցի մշակւած փաստաթուղթը:

http://www.hyeli.com